«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, սակայն արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել իրեն:
Պարզվում է՝ 2014թ. հուլիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 197-Ա հրամանով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա:
Արդարադատության խորհուրդը եկել է այն եզրակացության, որ դատավոր Հ. Հովհաննիսյանը, քաղաքացիական գործով խեղաթյուրելով վկաների իրական ցուցմունքները եւ հետամուտ չլինելով իր որոշմամբ նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության կատարումը մեկ այլ փորձագիտական կենտրոնին հանձնարարելու գործընթացին, թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսացել:
Ինչո՞ւ եք խախտել օրենքը: Այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց նկատողություն ստացած դատավոր Հրաչյա Հովհաննիսյանին:
-Բնականաբար, կարծում եմ, որ որեւէ սխալ թույլ չեմ տվել: Կայացրել եմ որոշում, որը դուր չի եկել ՎՏԲ բանկին: Նրանք դիմել են արդարադատության նախարարությանը, ՀՀ արդարադատության խորհուրդն էլ որոշել է նկատողություն տալ ինձ: Ես իրավասու չեմ որեւէ բան ասելու, որովհետեւ դա քննարկման եւ բողոքարկման ենթակա չէ, այսինքն՝ եթե դա կիրառվել է, ուրեմն պետք է ընդունենք, որ դա ռեալ իրողություն է, քննարկելն արդեն իզուր է:
-Նախազգուշացումն ի՞նչ հետք թողեց կամ «դաս» տվեց Ձեզ:
-Չգիտեմ՝ որքանով եք տեղյակ՝ դատավորների սխալների մասով ընթացքն այսպիսին է` նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, լիազորությունների դադարեցում: Սա ամենամեղմ կարգապահական տույժն է եւ իր էությամբ կարող է հետեւանք առաջացնել, եթե սխալը կրկնվի:
-Հիմա եթե այլ բանկի կամ նույն բանկի գործով էլի քննություն կայանա Ձեզ մոտ, ԱԽ-ի կայացրած որոշումը չի՞ կաշկանդի Ձեզ աշխատանքի ընթացքում: Չե՞ք մտածի այնպիսի որոշում կայացնել, որ հանկարծ էլի արդարադատության խորհրդի «ձեռքը չընկնեք»:
-Բնականաբար՝ ոչ, որովհետեւ այս կոնկրետ օրինակով հնարավոր է՝ որոշ թերացում լինի, բայց դա չի նշանակում, որ բանկերի մնացած պահանջների դեպքում նման խնդիր կլինի, օրենքով ինչ սահմանված է, դա էլ իրականացվում է:
-Իսկ փորձել ե՞ք հակառակն ապացուցել խորհրդին, որ բանկն է սխալ, եւ այդպիսով զերծ մնալ կարգապահական պատասխանատվությունից:
-Ո՛չ, խորհրդի որոշումը ենթակա չէ քննարկման, դա վերջնական է:
Ինչպես նշեց դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը՝ այս գործով հայցը, ինչպես նաեւ՝ հակընդդեմ հայցը, իր կողմից մերժվել է, որը նույն ճակատագրին է արժանացել ե՛ւ ՀՀ վերաքննիչ, ե՛ւ ՀՀ Վճռաբեկ դատարաններում. նրանք անփոփոխ են թողել վճիռը:
Բայց այս պատմության մեջ ուշագրավը ոչ այնքան դատավորին հայտարարված նկատողությունն է, քանի որ նման որոշումներ կարելի է կայացնել ցանկացած դատավորի նկատմամբ (գրեթե բոլորն էլ օրենքի հետ խնդիրներ ունեն), այլ այն իրողությունը, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը», երբ որեւէ դատավորի դեմ բողոք է ներկայացնում, ՀՀ արդարադատության խորհուրդը դատավորներին նկատողություն է հայտարարում:
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2014թ. օգոստոսի 11-ի հրամանով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Հեբոյանի նկատմամբ նույնպես կարգապահական վարույթ էր հարուցվել: Իսկ պատճառը դարձյալ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Բաղրամյանի դիմումն է եղել՝ հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հեբոյանն ասաց, որ գործում իր կողմից թերություն եղել է. «Կարելի է վիճել, տեսակետ հայտնել, բացատրել, բայց եթե խորհուրդը որոշեց, այդպես է ուրեմն … Այնպիսի սխալ թույլ չէի տվել, որի համար կարելի էր այդպես խիստ պատժել»:
Այսպիսով՝ պարզվում է, որ մի կողմից դատավորները հրահանգներ են ստանում վճիռներ կայացնելիս, մյուս կողմից էլ պատժվում են կայացված վճիռների համար: Ու որքան էլ մենք բողոքենք, որ ՀՀ արդարադատության համակարգն անկատար է, կոռումպացված է, դա ունի իր հիմնավոր պատճառները. դատավորները «անտեր են», համակարգը կամաց-կամաց խժռում է նրանց, ու միայն վախի բնազդը բավական է, որպեսզի կայացվեն սուբյեկտիվ ու երբեմն լկտիության մակարդակի հասնող դատավճիռներ:
Ո՞Վ Է ԶԻՆՎՈՐԻՆ ՀԱՍՑՐԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
Դեկտեմբերի 4-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործած Արթուր Մարգարյանի ծնողները չեն հավատում, որ իրենց երեխան կարող էր ինքնասպանության գնալ:
Նշենք, որ 19-ամյա Արթուրը մահացու հրազենային վիրավորում էր ստացել կրծքավանդակի շրջանում եւ մահացել զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Նա սովորում էր Գյումրիի տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսում: Մեկ տարվա զինծառայող էր եւ պետք է զորացրվեր մյուս տարվա աշնանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած Արթուրի հորաքրոջ տղան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի վարորդ Կարենն է: Մեզ հետ զրույցում մարզպետը հայտնեց, որ ինքը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է պատկան մարմինների հետ, եւ գրեթե բոլորը նույն բանն են ասել, որ ինքնասպանություն է եղել: Մնացածը կպարզի քննությունը:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել ինքնասպան եղած Արթուրի հորաքրոջ որդի Կարենի հետ: Նրա խոսքերով՝ փաստերը վկայում են, որ տղան ինքնասպանություն է գործել. «Թե մյուսներն ինչ են կարծում, չեմ կարող ասել: Ես անձամբ այդ կարծիքին եմ»: Զրուցեցինք նաեւ մահացածի այլ հարազատների հետ, որոնք պնդեցին, որ մահացածի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Պարզապես նրանք այն վիճակում են, որ հարցազրույց չեն կարող տալ:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Կատարվում է քննություն: Ու դատելով հարուցված քրեական գործի հոդվածի բովանդակությունից՝ քննիչներն այս օրերին զբաղված են Արթուրին ինքնասպանության հասցրած անձնավորության գտնելու գործով: Իսկ թե ինչ կպարզվի, դժվար է ասել:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԾԱՆՐ ԱՊՐՈՒՄՆԵՐՈՎ
Նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Գյուղի 42-ամյա բնակիչ էդուարդ Ամիրխանյանն իր տանը ինքնասպան է եղել: Մեկ օր կախված մնալուց հետո նրան հայտնաբերել են կնոջ հարազատները, իսկ դեպքի մասին ՀՀ ոստիկանությանն ահազանգել է Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:
Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքնասպան եղածը վերջին շրջանում իրեն տարօրինակ էր պահում, հաճախ ալկոհոլ էր օգտագործում եւ դրա ազդեցության տակ ոչ ադեկվատ վարք ցուցաբերում: Համայնքապետի խոսքով՝ Էդուարդ Ամիրխանյանն ընտանիքում խնդիրներ ուներ, կինը տնից հեռացել էր, եւ մոտ մեկ տարի նա միայնակ էր ապրում:
«Ինձ դիմել էր, որ օգնեի՝ ընտանեկան անախորժությունները լուծեինք, կինը վերադառնար: Բայց երբ կինն արդեն տանն էր, Էդուարդն իրեն կրկին լավ չէր պահում, խմում էր, տարօրինակ բաներ անում: Ասում էր, որ ինքնասպան կլինի: Մի անգամ էլ ես եմ դանակը ձեռքից վերցրել, ուզում էր իր կոկորդը կտրել: Նույնիսկ մի քիչ վնասվել էր վիզը. ասում էր, թե ոստիկանի շորով մարդ տեսնեմ, կյանքիս վերջ կտամ»,- պատմել է գյուղապետը՝ հավելելով, որ Էդուարդ Ամիրխանյանը Հայաստանի քաղաքացի չէր: 90-ականներին էր Վրաստանից փախուստի դիմել եւ եկել Հայաստան:
Ազատանում գյուղի անասուններին էր պահում, ու մոտ 24 տարի է՝ ամուսնացած էր: Կինը, Վարդան Իկիլիկյանի փոխանցմամբ, արտագնա աշխատանքի էր գնում՝ հացթուխությամբ զբաղվելու: «Դե, ինքը չէր կարող գնալ, որովհետեւ փաստաթղթեր չուներ: Որեւէ հիվանդանոցում կամ հոգեբուժարանում գրանցված չէր՝ նորից փաստաթղթեր չունենալու պատճառով: Մի քանի տարի առաջ էլ իմացանք, որ Վրաստանից փախել էր՝ բանակից ազատվելու համար: Հիմնական աշխատանք այստեղ չուներ: Հիմա տղաներից մեկը Ռուսաստանում է, մյուսը վերջերս է եկել: Կնոջը մի երկու օր առաջ ասացի՝ էրեխեքիդ հայրն է, գնա՛, տիրություն արա՛, բայց օգուտ չտվեց: Ինքնասպանությունից առաջ էլ կնոջը նամակ էր գրել, թե՝ սիրում եմ քեզ, ու էդպիսի բաներ»,-շարունակեց մեր զրուցակիցը:
Գյուղապետը կարծիք հայտնեց, որ Էդուարդ Ամիրխանյանի հոգեկան ծանր վիճակը, հնարավոր է, կապված լիներ նաեւ դժվար մանկության հետ: Ինքնասպանություն գործած տղամարդը, պարզվեց, որբ է եղել, վաղ հասակում կորցրել է ծնողներին: «Երբ կինը վերադարձավ Ռուսաստանից, չէր ուզում միանալ ընտանիքին: Ամբողջ տարին մենակ է մնացել: Մինչեւ փորձում էինք ինչ-որ բանով օգնել, ինքն իր հարցերը լուծեց: Գիշերները մենակ էր մնում, բայց ցերեկը գնում-գալիս էր: Էդուարդը տնփեսա էր: Մի հատ էլ դոմիկային բնակարան ուներ: Առավոտյան կողքից զանգել են, որ գոնե գնա, հաց ուտի, չէր պատասխանել: Հետո կնոջ բարեկամները հեռախոսի զանգի ձայնը լսել են, դուռը ջարդել են ու մտել ներս: Ու էստեղ տեսել են, որ դռան աջ կողմում կախված է: Մենք էլ կազմակերպեցինք, ուղարկեցինք մորգ»,- եզրափակել է Ազատան համայնքի ղեկավարը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ