«Վիկիլիքսյան» գաղտնի փաստաթղթերի հրապարակումն ուսումնասիրելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է պարզել 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքով Հայաստանում սկիզբ առած քաղաքական հաշվեհարդարի մասին: Փաստաթղթում հատուկ տեղ են զբաղեցնում Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուն միտված ԱԱԾ գործողությունները: Պարզվում է` ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչներն անգամ այցելել են ԱՄՆ դեսպանատուն՝ Փաշինյանին հայտնաբերելու ակնկալիքով:
ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղարկված զեկուցագրում ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մանրամասնորեն ներկայացնում է իշխանության՝ ընդդիմադիր զանազան գործիչների նկատմամբ կիրառած բռնությունների փաստերը: Այս հանգամանքով պայմանավորված՝ շեշտենք, որ ամերիկացի դիվանագետները լիովին տիրապետել են հայաստանյան քաղաքական իրավիճակին եւ անուն առ անուն իմացել, թե որ ընդդիմադիրի նկատմամբ իշխանություններն ինչ հալածանքներ են բանեցրել:
Նախ եւ առաջ Փենինգտոնը մանրամասնորեն քննում է մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքը եւ հատուկ անդրադառնում ընդդիմության նկատմամբ իշխանությունների դաժան հաշվեհարդարի հանգամանքին: Հեղինակը տեղեկացնում է, որ արտակարգ դրության ավարտից հետո ձերբակալվել, ապա եւ ազատ է արձակվել ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ում արդեն 2008թ. մարտի 25-ին առաջադրվել էին իշխանությունն ուժով յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքները: Հատկանշական է, որ նմանօրինակ գործողություններից հետո իշխանությունները կարճեցին Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ապացույցների անբավարարության պատճառով: Թեպետ վերջին պարագան նրանց չխանգարեց մյուս քաղաքական գործիչներին մի քանի տարի բանտում պահելուն, այդուհանդերձ, այս հանգամանքն իսկ վկայում է, որ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքի հիմքում որեւիցե իրական պատճառ չի եղել: Ինչեւէ, Ջ.Փենինգտոնը նաեւ հավելում է, որ «ընդհատակում գտնվող (2008թ. մարտի դրությամբ, – հեղ.) օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակը քանիցս այցելել է ԱՄՆ դեսպանատուն»՝ Սուքիասյանների ընտանիքից եւ նրանց նկատմամբ իրականացվող քաղաքական բռնությունների շուրջ թարմ տեղեկություններ հաղորդելով:
Ամերիկացի դիվանագետը նաեւ ծանուցում է, որ նույն ժամանակափուլում «Լ.Տեր-Պետրոսյանի վստահորդ եւ ԱՄՆ դեսպանության կոնտակտ Դավիթ Շահնազարյանը եւս հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության»: Փենինգտոնը նաեւ մեջբերում է նրա խոսքերն առ այն, որ հարցաքննության առաջին կես ժամը մի շարք ոստիկաններ հրաժարվել էին իրեն հարցաքննելուց, մինչեւ որ բաժանմունքի պետը հարկադրված է եղել անձամբ վարելու հարցաքննությունը: Դիվանագետը հավելում է, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ շարունակում է մնալ փաստացի տնային կալանքի պայմաններում՝ իր առանձնատանը»:
Փենինգտոնը նաեւ պատմում է բողոքավոր քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած ճնշումների մասին՝ հիշատակելով ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի աջակցության համար փողոց դուրս եկած վանատուրցիների ցույցերը: Ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունն են գրավել մի շարք լրատվամիջոցներով տրված հաղորդումներն այն մասին, որ «ոստիկանները ճնշումներ են բանեցրել անգամ երեխաների նկատմամբ՝ ցանկանալով նույնականացնել բողոքի գործողությունները կազմակերպող քաղաքացիներին եւ նրանց ստիպում էին ցուցմունքներ տալ ու խորհուրդ տալիս հեռու մնալ գյուղի կենտրոնից, որտեղ էլ ընթանում էին ցույցերը»:
ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարը գրում է, որ 2008թ. մարտի 24-ին ԱԱԾ գնդապետներ Արմեն Ալոյանն ու Վահագն Վարդումյանը՝ ԱԱԾ միջազգային կապերի բաժնի ղեկավարն ու տեղակալը, ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել ամերիկյան կողմի հետ: Նրանք ասել են, որ խոսում են անձամբ ԱԱԾ պետի անունից, սակայն զրույցը որակել են ոչ պաշտոնական: Նրանց պնդմամբ՝ Երեւանում հաստատ տեղեկություններ են շրջում, թե ԱՄՆ դեսպանատունը թաքցրել է Նիկոլ Փաշինյանին: Նրանք հարցրել են, թե արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները, ինչին ամերիկացիները պատասխանել են հստակ մերժումով: Վերջիններս նաեւ նկատել են, որ ԱԱԾ աշխատակիցներն անդադար հսկում են դեսպանատան շրջակայքը եւ անգամ նրանք կարող են վկայել, որ Նիկոլ Փաշինյանն այդտեղ չէ: ԱԱԾ-ականները հայտնել են, որ իրենք ոչ մի պատճառ չունեն չհավատալու, սակայն միաժամանակ արտահայտել են իրենց ենթադրությունը, որ եթե Փաշինյանը գտնվելիս լինի դեսպանատանը, ապա պետք է նրանից պահանջեին, որ շուտափույթ լքեր տարածքը: ԱԱԾ պաշտոնյաները հայտնել են իրենց կարծիքը, թե Փաշինյանը, հավանաբար, արդեն իսկ Վրաստանում է: Մեղմ ասած, տարօրինակ է, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են ԱՄՆ դեսպանատուն՝ լոկ Երեւանում տարածված շշուկների հիման վրա պահանջելով իրենց հանձնել հետախուզվողին: Ենթադրվում է, որ միջազգային հարթության մեջ Հայաստանի իշխանությունները պետք է հանդես գային առնվազն ավելի լուրջ կեցվածքով:
Փենինգտոնն այս միջադեպը համարում է տարօրինակ ու եզրակացնում, որ ՀՀ ԱԱԾ-ն հավանաբար լուրջ ճնշման տակ է՝ հայտնաբերելու ու ձերբակալելու Տեր-Պետրոյսանի ամենառադիկալ (նախկին,- հեղ.) կողմնակցին, ով հանրահավքների ժամանակ կիրառում էր ամենաարմատական հռետորաբանությունը: Դիվանագետն արձանագրում է, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ ամիսներով կոնտակտի մեջ չեն եղել եւ երկար ժամանակ էլ զերծ են մնացել նրան դեսպանատան զանազան միջոցառումներին հրավիրելուց: Փենինգտոնը Փաշինյանի հանդեպ այդօրինակ վերաբերմունքը բացատրում է այն հանգամանքով, որ վերջինս, իրենց համոզմամբ, ոչ կառուցողական ու ծայրահեղական ֆիգուր է:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՓՆԹԻ ԱՌՕՐՅԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔ
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքերի շուրջ խոսակցությունները գնալով է՛լ ավելի են թեժանում: Սննդային թունավորման նախնական վարկածով երեխաները մեկ օր առաջ կերել են «Մուշ» ընկերության նրբերշիկ: Իսկ երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ թունավորման պատճառը կաթնամթերքն է եղել:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին սննդային թունավորմամբ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում 70 երեխա է հոսպիտալացվել, մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ահազանգից անիմիջապես հետո հարուցվել է քրեական գործ, դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ զանգվածային թունավորման դեպքի օրը մանկապարտեզում երեխաները կաթնամթերք են կերել: Բացի այս՝ լուրեր են պտտվում նաեւ, որ վարակն առաջացել է մանկապարտեզի կեղտոտ սպասքից: Ուշագրավ է, որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այս առիթով հայտարարեց, որ դիզինտերիան, որն ախտորոշվել է վարակված երեխաների մոտ, հայտնի է որպես «կետոտ ձեռքերի հիվանդություն»: Վարակից օրեր առաջ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնի (սանէպիդկայան) աշխատակիցները եղել են Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում: Նրանք դիզինտերիայի հարուցիչներ են հայտնաբերել, սակայն համապատասխան արձանագրություն չեն կազմել:
«Մուշ» ընկերության տնօրեն Բորիս Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ընկերության արտադրանքը՝ նրբերշիկը, կապ չունի այս դեպքերի հետ: «Ինչպե՞ս կարող է արտադրվել մեծ խմբաքանակով նրբերշիկ, որից ընդամենը մի քանի կիլոգրամը լինի թունավորված: Բոլորդ էլ հասուն մարդիկ եք, չգիտե՞ք՝ այդ հիվանդությունն ինչից է առաջանում: Դա կապ չունի սննդի հետ, այլ միայն՝ պահպանման կեղտոտ պայմանների հետ: «Մուշ»-ի անունը պետք չէ անիմաստ տեղը բարձրաձայնել: Գուցե՞ մանկապարտեզի խոհարարից է այդ խնդիրն առաջացել կամ զուգարանից: Սա նրբերշիկի հետ կապ չունի»,- վրդոված նկատեց ընկերության տնօրենը:
«Հայկազունք» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ «Մուշ» գործարանից նույն օրը վերցրել են նրբերշիկը եւ նույն օրն էլ մատակարարել մանկապարտեզ՝ 30 րոպե անց: Բացառվում է, որ այն հին լինի: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե տեղյակ են առողջապահության նախարարի՝ նախորդ տարվա հրամանից, ըստ որի՝ երշիկեղենն արգելված է մանկապարտեզում, ընկերության ներկայացուցիչը, որը հրաժարվեց ներկայանալ, պատասխանեց. «Մեզանից պատվիրել են, մենք էլ մատակարարել ենք: Պատվերների պահանջների մեջ նրբերշիկ եղել է»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՏԱՆՋՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի կենսաթոշակառուները դժգոհում են, որ իրենց թոշակի գումարները ստանալու համար ստիպված են նոր անձնագրեր ստանալ: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ անձնագրի վավերականության ժամկետը լրացել է: Ծեր, հիվանդ մարդկանց դժվար է հասնել նախկին վարչական շրջանի կենտրոն, անձնագիրը փոխելու համար համապատասխան փաստաթղթեր պատրաստել, պետական տուրք վճարել, սպասել, որպեսզի Երեւանից` ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությունից, մարզ ուղարկվեն նոր անձնագրերը: Թոշակառուներն ասում են, որ անձնագրային բաժիններից տրված 9-րդ ձեւը համարվում է անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ, փոխարինում է անձնագրին, ինչո՞ւ կենսաթոշակառուներին թույլ չեն տալիս 9-րդ ձեւով ստանալ իրենց «մի քանի կոպեկը»: Իսկ մարդիկ էլ կան՝ ասում են, որ իրենց այլեւս անձնագիր պետք չէ, ժամկետը երկարացնելու խնդիր էլ չունեն: Այս հարցում անելիք ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Բացի դրանից՝ եւս մի խնդիր կա: Բերդ քաղաքում կրճատվել են Հայփոստի տեղի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ: Գյուղի թոշակառուները մտավախություն ունեն՝ այսուհետ ով է վճարելու իրենց թոշակները: Ծեր, վատ տեսողություն ունեցող թոշակառուները չեն կարող օգտվել բանկային քարտերից: Մի խոսքով, մի երկու կոպեկ գումարը մարդկանց «քթերից բերելով» են վճարում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԵԼ
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 3-ի երեկոյան Լիբիայից Հայաստան ժամանած ինքնաթիռը «Զվարթնոց» օդակայան վայրէջք կատարելու փոխարեն վայրէջք է կատարել Գյումրու «Շիրակ» օդակայան: Փորձեցինք պարզել, թե ռուսական «Իլ-76» բեռնատար ինքնաթիռն ինչու էր վայրէջք կատարել Գյումրի եւ ոչ թե մայրաքաղաք: «Զվարթնոց» միջազգային օդակայանի մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հայտարարեց, որ անակնկալ տեղի չի ունեցել, եւ դա պլանավորած վայրէջք է եղել, քանի որ Գյումրու օդակայանում գները մատչելի են:
Տեղեկացանք նաեւ, որ ինքաթիռը հայկական գրանցում ունի եւ պատկանում է «Վետերան» ավիաընկերությանը, որտեղից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ինքաթիռը Հայաստան է ժամանել դատարկ՝ առանց բեռի, եւ մի քանի օրից կհանվի գրանցումից ու ազատ թռիչքի իրավունք կստանա:
Սակայն հետաքրքիրն այն է, որ ինքնաթիռի 7 հոգանոց անձնակազմը վայրէջքից անմիջապես հետո ենթարկվել է բուժզննության: «Շիրակ» օդակայանի սահմանային սանիտարական հսկիչ կետի պետ Վահե Անդրեյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ անձնակազմի անդամները բուժզննության են ենթարկվել ապահովության նկատառումներից ելնելով, քանի որ ինքնաթիռը ժամանել է Աֆրիկայից, որտեղ լայն տարածում ունի էբոլա վարակը: Ու չնայած բուժզննություն անցած անձնակազմի բոլոր անդամներն այս պահին առողջ են, այնուամենայնիվ, մի քանի օր կշարունակեն մնալ բժշկական հսկողության տակ: Նշենք, որ օդաչուներն ազգությամբ ռուս են, անձնակազմից 3-ը Էստոնիայի, 1-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ