
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է ամենօրյա հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը երևույթը վերացնելու նպատակով:
Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել և խստորեն հետևել տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ ապահովելով պատշաճ խնամք: