ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՌԴ լրատվամիջոցների

Երեկ Մոսկվայում հոգեւորականը որոշել է Կենտրոնական բանկից վտարել չար ուժերին, որպեսզի ռուսական ռուբլին արժեւորվի:

 

 

 
ՀԱՐՑ. Ունենք մահացած տատ եւ պապ, որոնք բանկում ավանդներ են ունեցել: Կցանկանայի տեղեկանալ՝ եթե ավանդները վերադարձվում են, ապա տվյալ դեպքում կարո՞ղ ենք մենք՝ որպես ժառանգ, ստանալ ավանդը, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք:

Աշոտ Մկրտչյան (61 տարեկան, Էլեկտրատեխնիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված է, որ 2014 թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
ՀՀ Կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 460-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչեւ 1929 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Վերոգրյալ որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի համաձայն` «Փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության հատվածի մեջ»: Նույն կարգի 22-րդ կետի համաձայն` «Ավանդատուի ՀՀ նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ կամ ավանդատուի մահով»:
Ելնելով վերոհիշյալից` Դուք չեք կարող ստանալ Ձեր տատիկի եւ պապիկի չստացած ավանդների փոխհատուցման գումարը:
Վերոհիշյալ իրավական ակտերով ավանդի փոխհատուցման տրամադրման ընթացքում բացառություններ անելու որեւէ պայման կամ դեպք չի սահմանվել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ավանդների փոխհատուցում ստանալու իրավունքն անխզելիորեն կապված է անձի, տվյալ դեպքում՝ ավանդատուի պահանջի իրավունքի հետ, այդ իսկ պատճառով չի կարող անցնել այլ անձի կամ փոխանցվել ժառանգներին: Հետեւաբար՝ քաղաքացին՝ որպես ժառանգ, չի կարող ստանալ ավանդը:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ովքե՞ր ունեն անհատույց կարգով հողատարածք ստանալու իրավունք:

Նարեկ Բաբախանյան (43 տարեկան, գործավար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաեւ՝ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի՝ պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության եւ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար, որը տրամադրվում է հիմնականում բարձր լեռնային շրջաններում, վերաբնակեցված եւ օրենքով սահմանված այլ կարգավիճակում գտնվող անձանց: Բայց, ինչպես միշտ, օրենքը շրջանցել գիտեն նաեւ համայնքի ղեկավարները եւ օգտվելով իրենց տրամադրվելիք արտոնություններից՝ իրենց տնօրինության տակ են առնում հողատարածքների մեծ մասը:




Լրահոս