Բոլորս էլ գիտենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ուրուգվայի Սենատի նախագահ, երկրի փոխնախագահ Դանիլո Աստորին: Նա հայտարարեց, որ աշխարհը, ըստ էության, դա ընդունել է, պարզապես տնտեսական իրավիճակից ելնելով և այլ իրողություններ հաշվի առնելով, չեն խոստովանում դա:
«Եթե որևէ պետություն չի ընդունել, դա դեռևս չի նշանակում, որ այդ մոտեցումները պետության ներսում ձևավորված չեն: Նրանք, ովքեր չեն ընդունում Ցեղասպանության փաստը, մասնակից են դառնում Ցեղասպանությանը», այս մասին նշեց Գալուստ Սահակյանը:
Խոսելով այն հայտարարության մասին, թե Իսրայելը նույնպես պետք է լրացնի Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքը, հայտարարեց, որ չի կարող մեկնաբանել այն, քանի որ իր երկրին չի վերաբերում:
«Պետք է ներողություն խնդրեմ, բայց իմ աշխատանքը չէ այլ երկրների մասին ինչ-որ բան հայտնելը: Ես կարող եմ պատասխանել միայն իմ երկրի դիրքերից»,- նշեց Աստորին:
Նույն թեմային անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Մենք փորձում ենք մասնակից դարձնել Իսրայելին մեր բոլոր միջոցառումներին: Նրանք նաև մասնակցում էին խորհրդարանական լսումներին: Ես, եթե հիշում եք, ընդունել եմ ներկայացուցիչների, և մենք բավական լուրջ փոխըմբռնման ենք հանգել»,- նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում էլ Ուրուգվայը լինի առաջինը, Դանիլո Աստորին, ասաց, որ իր երկիրն աշխատում է այդ ուղղությամբ. «Մեր երկրի Կառավարությունը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք ներգրավված են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»: