Թվում է՝ Հայաստանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած միջադեպերը պետք է անհանգստացնեն ՀՀ իշխանություններին, մասնավորապես Սերժ Սարգսյանին: Բայց արի՛ ու տես, որ այս օրերին նա գերադասել է ճամփորդելը: Նա հունիսի 5-9-ը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա:
Թե ինչն է նրան ստիպել հասնել հեռավոր արեւելքի այդ երկիրը, անհասկանալի է: Առավել եւս, որ այդ այցի օրակարգում չկա որեւէ լուրջ հարց. նա այնտեղ ծանոթացել է 2011թ. երկրաշարժի ու ցունամիի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք, Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ, հետո հանդիպել է Ճապոնիայի վարչապետին, խորհրդարանի անդամներին եւ այսպես շարունակ: Ցանկացած նորմալ պետությունում երկրի ղեկավարը սահմանի մոտ հրադադարի պարբերական խախտումներից հետո կիսատ կթողներ իր այցերն ու կվերադառնար: Կհրավիրեր խորհրդակցություն, ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակը: Ընդ որում ամենեւին էլ խորը գիտելիքներ հարկավոր չեն այս քայլերի անհրաժեշտությունը զգալու համար, այլ պարզապես պետք է ունենալ մի փոքր բարոյականություն ու պատասխանատվության զգացում՝ հատկանիշներ, որոնք, սակայն, չեն վերաբերում ՀՀ իշխանություններին:
Մանավանդ, որ բացի Ս. Սարգսյանից, այդ օրերին երկրից բացակայում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը. (նա միայն երեկ է Բրյուսելից վերադարձել): Հայաստանից բացակայում է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որն էլ մեկնել է ՌԴ: Ընդ որում հասկանալի է, որ այդ այցը որեւէ կապ չունի ՀՀ սահմանի մոտ ստեղծված իրավիճակի հետ: Մինչ երեկ երկրի փաստացի ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, որն էլ զբաղված է խորհրդարանում իր յուրայիններին տեղավորելով ու տարբեր պատվիրակություններ ընդունելով:
Նույն անտարբերությունն է նաեւ զինվորական ղեկավարության մոտ. մինչ ադրբեջանցիները գնդակոծում էին ՀՀ սահմանները, ՀՀ պաշտպանության նախարար վերանշանակված Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը Հանրապետական մարզադաշտում ըմբոշխնել են Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը: Այնպես որ, այսքանից հետո ենթադրությունները թողնում ենք ընթերցողներին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ