ՀԱՏՎԱԾԱՊԱՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ից սկսած եւ մինչ օրս չդադարող արյունալի սադրանքներին Հայաստանի քաղաքական ուժերը բավականին  ծուլորեն են արձագանքում: Դեռեւս առաջին դիվերսիայի օրը, երբ Հիլարի Քլինթոնը Հայաստանում էր, ադրբեջանական սադրանքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Որքան էլ տարօրինակ է, պաշտոնապես նման հայտարարություն չարեց իշխող Հանրապետական կուսակցությունը` սահմանափակվելով միայն ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի` հարցի շուրջ արտահայտած տեսակետով: Որեւէ պաշտոնական գնահատական չտրվեց նաեւ ԱԺ-ում ներկայացված մյուս քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողմից: Հավանաբար այդ ուժերի ղեկավարությունը զբաղված էր ավելի կարեւոր` հետընտրական հարցերով, ինչպես օրինակ` ԱԺ-ում սենյակների եւ հանձնաժողովներում տեղերի բաշխմամբ: Բացի այդ, նրանք թերեւս մտածեցին` եթե ՀՀԿ-ն լռում է, իրենք ինչու առաջ ընկնեն: Եվ միայն այն բանից հետո, երբ ՀՀԿ ղեկավարը նախօրեին վերջապես հարկ համարեց  դատապարտել տեղի ունեցածը, մի քանի քաղաքական ուժեր որոշեցին, որ արդեն ժամանակն է, եւ իրենք եւս կարող են սկսել դատապարտումը: Երեկ Ադրբեջանի կողմից սանձազերծված  սադրանքները դատապարտող հայտարարությամբ  հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցությունը, եւ ինչպես միշտ, դա արեց միայն իրեն հատուկ ոճով` «հազար ամոթ» հղելով «ինքներս մեզ». «Ամեն մի որդեկորույս ընտանիքի առաջ պատասխան պիտի տանք մենք բոլորս, իսկ առաջին հերթին` հանրապետության գործող նախագահը, նախարարը, հրամանատարը: Ցավոք եւ մեղմ ասած, իրենց գիտությամբ են մեր հպարտության աղբյուր հանդիսացած  զինծառայողների զգալի մասը վերջերս եւ հերթական անգամ  ուղղորդվել երկրի օրենքը` սահմանն ու սահմանադրությունն ընտրակեղծելու»: Թե որքանով է  տեղին վշտի եւ կորուստի այս պահին  ընտրությունների հիշատակումն ու սեփական քաղաքական շահերի առաջքաշումը, անհասկանալի է: Առավել եւս, որ անհրաժեշտ պահին, երբ պետք էր այդ շահերին վճռականորեն տեր կանգնել, «Ժառանգություն»-ը մշտապես ընկրկել է, ուստիեւ դրանով նաեւ հենց ինքն է «նախագահի, նախարարի ու հրամանատարի» հետ հավասար պատասխանատու այն բանի համար, որ մեր զինվորները «ուղղորդվել են ընտրակեղծելու»: Սակայն այստեղ խնդիրը շատ ավելի լայն է. խնդիրը մեր ազգային միասնականության բացակայության մեջ է` անգամ այնպիսի հարցերում, ինչպես ղարաբաղյան պատերազմն է:
Ինչն էր խանգարում, որպեսզի մեր բոլոր քաղաքական ուժերը գոնե այս մեկ հարցում մի կողմ դնեին իրենց նեղ կուսակցական շահերն ու համախմբվելով` հանդես գային ադրբեջանական սադրանքը դատապարտող միասնական հայտարարությամբ` այդպիսով Երեւանում գտնվող  Քլինթոնին ցույց տալով, որ Ղարաբաղի հարցում մեր ժողովուրդը եղել եւ մնում է միասնական, հետեւաբար շատ դժվար է պարտադրել անցանկալի լուծումներ: Մինչդեռ ինչպես ցույց տվեց այս հարցին Արմեն Ռուստամյանի երեկվա  պատասխանը` խանգարող հանգամանքները շատ խորն են ու շատ հին` առնվազն 120 տարեկան:




Լրահոս