Իշխող կոալիցիային ՕԵԿ-ն ապահարզան ներկայացրեց՝ դժգոհելով իր չար բախտից ու ձեւացնելով, թե իբր նեղացած ու վիրավորված է ՀՀԿ-ից: Այդ նպատակով նույնիսկ քաղխորհրդի անունից նա հայտարարություն տարածեց. «ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձեւաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: …Կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածում նման ձեւաչափը ՕԵԿ-ի համար երբեւիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման եւ առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը»:
Մինչդեռ մինչեւ վերջերս, նույն ՕԵԿ-ը հավատարմության երդումներ էր տալիս կոալիցիոն գործընկերոջը՝ հայտարարելով, թե մինչեւ 2017թ. իրենք լինելու են միասին, իսկ կասկածողներին շշպռում էր, թե «ՕԵԿ-ը սկզբունքային ուժ է»:
Ուղիղ երկու ամիս առաջ՝ փետրվարի 18-ին, ասուլիսի ժամանակ ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր. «Ես պետք է ասեմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կնքել է կոալիցիոն հուշագիր Հանրապետական կուսակցության հետ մինչեւ 2017թ.: Մենք սկզբունքային ուժ ենք եւ հավատարիմ ենք մնալու մեր կոալիցիոն հուշագրին»: Դրանից մի քանի օր անց՝ փետրվարի 26-ին էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել. ««Օրինաց երկիր» կուսակցությունը կնքել է կոալիցիոն համաձայնագիր եւ պատրաստվում է մնալ դրան հավատարիմ»:
Նման հայտարարություններ ե՛ւ Արթուր Բաղդասարյանը, ե՛ւ Հեղինե Բիշարյանը արել էին նաեւ ավելի վաղ եւ որքան ուզես: Ահավասիկ. մի քանի մեջբերում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարցազրույցներից: 2010թ. դեկտեմբերի 23-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր. ««Օրինաց երկիր» կուսակցությունն իր քաղաքական ամբողջ կենսագրության ընթացքում եղել է սկզբունքային եւ հավատարիմ իր հռչակած նպատակներին, ստորագրված կոալիցիոն փաստաթղթին: Սա ես հատուկ եմ ուզում նշել, որովհետեւ մենք մեր որոշումներում հետեւողական ենք, մենք մինչեւ վերջ տեր ենք մեր քաղաքական պայմանավորվածություններին»: 2011թ. փետրվարի 15-ին «Իրատես դե ֆակտո» թերթում, պատասխանելով ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ հարաբերությունների մասին հարցին` թե մամուլում նույնականացնում են ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին, նա հայտարարել էր. «Չնայած տարատեսակ ասեկոսեներին` մեր միջեւ առողջ գործընկերային համագործակցություն կա, 14 տարվա ճանապարհ ենք անցել, իսկ վերջին տարիներին սերտ դաշնակցային հարաբերություններ ունենք: Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, բայց հռչակել եւ հետամուտ ենք ընդհանուր նպատակների ու ծրագրերի: Սա քաղաքական դաշտում կայացած ու հետք ունեցող քաղաքական ուժերի համագործակցության լավ օրինակ է, որը միտված է մեր երկրի հզորացմանը եւ մեր ծրագրերի իրականացմանը»:
ԱԺ-ում 2012թ. հունիսի 21-ին կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՕԵԿ խմբակցության անունից ելույթում Բիշարյանը հայտարարել էր. «Մեկ ելույթում գործնականում հնարավոր չէ ամբողջությամբ անդրադառնալ ծրագրի բոլոր հիմնական դրույթներին, սակայն պետք է նշեմ, որ կառավարության գործունեության ծրագրում հիմնականում հաշվի են առնված մեր մտահոգությունները եւ առաջարկությունները, ուստի ՕԵԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին եւ հետագայում նաեւ ձեռնամուխ է լինելու այդ ծրագրի ապահովմանն ուղղված օրենսդրական փաթեթների մշակմանը եւ ընդունմանը»: Տառացիորեն նույնը Բիշարյանը հայտարարել էր նաեւ 2013թ. մայիսի 22-ին կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ:
Այսօր, սակայն, ՕԵԿ-ականները հակառակն են պնդում՝ իշխանության ներսում ՀՀԿ-ն իրենց «բանի տեղ չի դրել»:
Եվս մեկ հետաքրքիր մեջբերում. 2009թ. դեկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանն ՕԵԿ-ի համագումարում հայտարարել էր. «Ե՛վ որպես ՀՀ նախագահ, ե՛ւ որպես ՀՀԿ ղեկավար` գոհունակությամբ եմ նշում այն սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, որ ձեւավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության հետ»: 2012թ. մարտի 20-ին ՕԵԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանն ավելի ջերմ խոսքեր էր շռայլել. «Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն, իրոք, վստահելի գործընկեր է: Սա շատ գնահատելի հատկանիշ է եւ շատ գնահատելի որակ: ՕԵԿ-ը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյական է»,- ասել էր նա` հավելելով, որ վստահ է` ՕԵԿ-ը բարձունքի վրա կմնա նաեւ առաջիկա ամիսներին:
Իրոք որ, ՕԵԿ-ը շատ սկզբունքային ուժ է եւ մշտապես իր բարձրության վրա է՝ գործընկերներին առաջինը դավաճանելու ընդունակությամբ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԼԻՍԿԱՅԻ ՀՈՒՅՍԸ ՕԵ՞Կ-Ն ԷՐ
Ընդդիմադիր դաշտի ճամփան բռնած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դեռ շարունակում է օգտվել իշխանական լծակներից: Տեղեկություններ կան այն մասին, որ վերջերս Ա. Բաղդասարյանին է հանդիպել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա): Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ Ս. Խաչատրյանը Ա. Բաղդասարյանին խնդրել է կոալիցիայից դուրս գալուց առաջ միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Armlur.am-ի տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդը հասկանալով, որ միայն իր միջնորդությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Սերժ Սարգսյանի մոտ, որոշել է գործին «խառնել» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մտերիմն է ՕԵԿ-ից դուրս եկած ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը: Բայց միաժամանակ Ա. Բաղդասարյանը Լիսկային առաջարկել է պատրաստվել նոր աշխատանքին եւ մի լավ էլ մաղարիչ «կազմակերպել»: Կհաջողվի՞ Լիսկային ու ՕԵԿ առաջնորդին այս ծրագիրը գլուխ բերել, դժվար է ասել: Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից. «Այն լուրերը, թե Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին բարեխոսել է Սուրեն Խաչատրյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար, չի համապատասխանում իրականությանը: Արթուր Բաղդասարյանն ու Սուրեն Խաչատրյանը նույնիսկ հանդիպում չեն ունեցել»: Սակայն այս մասին ՕԵԿ-ի ներսում բավականին թվով մարդիկ գիտեն: Իսկ Ս. Խաչատրյանի հեռախոսին պատասխանեց ինչ-որ մեկն ու խոստացավ փոխանցել, որ իրեն զանգահարել ենք:
ՕԵԿԱԶԵՐԾՎԱԾ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Armlur.am-ի տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ փոխնախարարները եւս կուսակցությունը լքելու դիմումներ են գրել: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը եւս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Փոխնախարարն իր այդ քայլը հիմնավորել է այսպես. «ՕԵԿ-ից դուրս գալու պատճառը քաղխորհրդի կայացրած քաղաքական որոշումն է, որից հետո կուսակցական գործունեությունը գործադիր իշխանությունում աշխատելու հետ անհամատեղելի է: 2012թ. երբ անդամագրվեցի ՕԵԿ-ին, կուսակցությունը սատարում էր նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսին, այսօր քաղաքական իրավիճակ է փոխվել եւ նոր իրողությունները հաշվի առնելով՝ ես կայացրել եմ որոշում, որը բարեկամաբար է ընդունվել կուսակցության ղեկավարության կողմից»: Իսկ կմնա արդյոք Դավիթ Կարապետյանն իր պաշտոնին, թե ոչ, վերջինիս խոսքով՝ դա հանրապետության ղեկավարության որոշելիքն է: Այս պահին նա որեւէ այլ կուսակցությանն անդամակցելու նպատակ չունի:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՅԹԵԼ
Երեկ հայ-ադրբեջանական շփման գոտում լարված իրավիճակ էր, եւ թշնամու կողմից կրակոցներ էին հնչում: Ինչպես armlur.am-ին փոխանցեց ՀՀ ՊՆ հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը, իրավիճակը վերահսկելի է եւ լարվածություն չկա, պարզապես հակառակորդի կողմում ականներ են պայթել:
ՕԲԱՄԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԴՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ սպառնացել է Ռուսաստանին՝ խոսելով Ուկրաինայում իրավիճակի հետագա ապակայունացման դեպքում Մոսկվային սպասվող հետեւանքների մասին: «Ամեն անգամ, երբ Ռուսաստանը կձեռնարկի քայլեր՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ու նրա ինքնիշխանության խախտմանը, դա կունենա հետեւանքներ»,-հայտարարել է նա CBS հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում: Չնայած առաջացած լարվածությանը, Օբաման համոզված է, որ Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի իրադարձությունների արդյունքում մտնել ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության մեջ: «Նրանք շահագրգռված չեն մեզ հետ ռազմական հակամարտության մեջ մտնել: Մեզ պատերազմ պետք չէ»,-հայտարարել է Օբաման: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Կրեմլի որոշումները Կիեւի վերաբերյալ «վնասակար են ոչ միայն Ուկրաինայի համար: Երկարաժամկետ հեռանկարում նրանք վնասակար կլինեն նաեւ Ռուսաստանի համար»,-հայտարարել է նա:
ՊՈՒՏԻՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ «Ուղիղ կապի» ժամանակ խոստովանել է, որ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է ռուսաստանյան զինվորականների մասնակցությամբ: Պուտինի խոսքով՝ նրանք կանգնել են «Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի մեջքին, որպեսզի օգնեն մարդկանց արտահայտել իրենց կարծիքը: Ես չեմ էլ թաքցրել, որ մեր խնդիրը Ղրիմի բնակչության համար ազատ կամարտահայտության պայմաններ ստեղծելն էր, որպեսզի չլինի այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայի արեւելքում, որպեսզի չլինեն ազգայնականների զինված ջոկատներ… Այդ պատճառով Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի մեջքի հետեւում, իհարկե, կանգնեցին մեր զինվորականները»,-ասել է Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե ովքեր էին, այնուամենայնիվ, «կանաչ մարդուկները»: Պուտինը հավելել է, որ Ղրիմում 20 հազարից ավելի ուկրաինացի զինվորականներ կային եւ շատ մեծ քանակությամբ զենք: «Պետք է զերծ պահեինք մարդկանց` այդ զենքը քաղաքացիական անձանց դեմ օգտագործելու հնարավորությունից»,- զարգացրել է իր վարկածը Ռուսաստանի նախագահը: Պուտինի` «Ուղիղ գծի» առաջին 60 րոպեն նվիրված էր Ղրիմին, որի բնակիչները նախահագահին հարցեր էին տալիս Սիմֆերոպոլից եւ Սեւաստոպոլից կազմակերպված ուղիղ միացումների միջոցով: Այն բանից հետո, երբ հարց տվողներից մեկը շնորհակալություն հայտնեց Պուտինին` Ռուսաստանին Ղրիմի միացման համար, այնտեղ հավաքվածները սկսեցին «շնորհակալություն» վանկարկել, հաղորդում է BBC: