Թեեւ երեկ հայ-ադրբեջանական սահմանին նոր, լուրջ միջադեպ չի արձանագրվել, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հասարակությանն այսօր հուզում է մեկ հարց՝ ինչ է լինելու հետո, արդյոք իրավիճակը կհանգեցնի ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե ոչ: Ընդ որում իրավիճակն ավելի տագնապալի է դառնում, երբ քաղաքացիները տեսնում են, որ անորոշություն է ոչ միայն իրենց, այլեւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, որոնք շրջագայում են արտերկրում:
Ճիշտ է, երեկ արդեն իշխանությունները փորձեցին ցույց տալ, թե մտահոգված են կատարվածով. նախ հեռավոր Ճապոնիայից իր հեղինակավոր կարծիքը փոխանցեց Սերժ Սարգսյանը՝ ասելով. «Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողնելու մեր քաղաքացիների, պետական սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որեւէ գործողություն: ՀՀ ԶՈՒ-երը ստացել են խիստ հրահանգ՝ ցուցաբերել զսպվածություն եւ զգոնություն` միեւնույն ժամանակ կանխել եւ պատժել հակառակորդի ցանկացած սադրանք»: Պարզվեց՝ երեկ Տավուշի մարզ էր այցելել նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Սրանց զուգահեռ իշխանական քարոզչամեքենայի հերոսներն էին գեներալները: ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած գեներալ Մանվել Գրիգորյանը իրեն ոչ բնորոշ մաքուր հայերենով երեկ հայտարարություն էր տարածել, թե իրենք 24 ժամ պատրաստ են ծառայել հայրենիքին, լծվել երկրի պաշտպանության գործին եւ այդպես շարունակ: Բայց ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունների արձագանքը հերթական անգամ ուշացած էր. ե՛ւ Ս.Սարգսյանը, ե՛ւ Ս. Օհանյանը Հայաստանի սահմանի մոտ դիվերսիաներին անդրադարձան 3 օր անց:
Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք էլ ունակ չեն արագ կողմնորոշվելու եւ կոնկրետ քայլեր անելու: Ու հասարակության մոտ առկա մտահոգությունը, թե լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ինչ է անելու Հայաստանը, մնում է բաց: Երեկ արդեն մամուլում տեսակետներ հնչեցին, որ շփման գոտում հարկավոր է կենտրոնացնել ռուսական սահմանապահ զորքերը: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, հնարավոր համարեց ռուսական զինուժի կիրառումը: «ՀՀ սահմանը խախտելու կամ սահմանի ուղղությամբ կրակոցներ արձակելու կամ ռազմական որեւէ գործունեության դեպքում ՌԴ-ն՝ որպես ՀՀ դաշնակից, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ունի պարտավորություններ: Ընդ որում՝ մեկ անգամ չէ, որ ՌԴ-ն բարձրաձայնել է այդ մասին»,-ասաց նա: Շարմազանովի խոսքերով՝ Հայաստանը նաեւ դիվանագիտական ճակատում է փորձում հարթել խնդիրները:
ԱԱ նախկին փոխնախագահ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, սակայն, մեզ հետ զրույցում անթույլատրելի համարեց ռուսական զինված միավորումներին առաջ քաշելը: «Սա ցույց կտա, որ մենք շատ տկար ենք ու ռուսների օգնության կարիքն ունենք: Առավել եւս, երբ բացառվում է ռուսների կողմից օգնություն»,-նշեց Եղիազարյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ն ու Ադրբեջանն ԱՊՀ անդամ երկիր են, եւ ծիծաղելի է, որ այս դեպքում ԱՊՀ անդամ ՌԴ-ն պաշտպանի մեկին կամ մյուսին: «Այդպիսի խոսակցությունները ստվեր են գցում մեր զինված ուժերի վրա: Ես կարող եմ քննադատել մեր պաշտպանության նախարարությանը, ասել, որ հանիրավի այս խաղաղ պայմաններում երեխա չպետք է մահանա, այլ խոսակցություն է, բայց ինչ վերաբերում է մեր զինված ուժերին, հավատացա՛ծ եղեք, որ ցանկացած պահի կարող ենք հակահարված տալ հակառակորդին եւ ռուսական զորքերի կարիքն այդ հատվածում չունենք»,-նշեց նա: Իսկ խաղաղարար առաքելության անվան տակ, նրա խոսքերով, ներկայացուցչական իրավունք ունեն այլ պետություններ, բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից: Պարոն Եղիազարյանի խոսքերով՝ այս իրավիճակում խնդիրն ունի մեկ լուծում. «Շտապ իշխանափոխություն եւ Ղարաբաղի հիմանահարցի կարգավորում: Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցին հայանպաստ լուծում տալ»:
Հ.Գ. Ի դեպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ ՌԴ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ. «Կոչ ենք անում երկու կողմերին շարունակել ջանքերը, որոնք ուղղված են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հիմնված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավահավասարության եւ իրավունքի վրա»:
Հավելենք, որ չնայած բարձրացված անհանգստությանը, այնուամենայնիվ, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում իշխանական շրջանակները բացառում են պատերազմի վերսկսումը:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ