ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն ապրիլի 4-ին գրել էր, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածային ծառեր են հատվում: Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապօրինի ծառահատման դեպքով հարուցվել է քրեական գործ:

Եվ այսպես, ապրիլի 4-ին գրել էինք, որ վերոնշյալ տարածքում ծառահատման համար առկա է եղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի թույլտվությունը` 400 ծառ հատելու համար` հէկ կառուցելու նպատակով: Սակայն, քանի որ հէկ կառուցողը սովորաբար ոչ շարքային քաղաքացի է, հետեւաբար 400 ծառ հատելու փոխարեն կրկնապատիկ անգամ շատ է կտրել:
Արդյունքում՝ մեր այս հրապարակումից հետո Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի ոստիկանության բաժնի աշխատակիցները, ինչպես նաեւ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները գնացել են մեր հրապարակման հետքերով՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին թույլ չեն տվել ձկնաբուծարանի տարածքով գնալ ապօրինի ծառահատման վայր: Երկար բանակցություններից հետո նոր մարզպետը կարողացել է հասնել դեպքի վայր:
«Ժողովուրդ»-ը շուրջ երկու օր փորձեց կապ հաստատել մարզպետի հետ՝ հասկանալու, թե իր ստուգումների արդյունքում ինչ բացահայտվեց:
-Պարոն Ղազարյան, մենք տեղեկացանք, որ Դուք գնացել եք ապօրինի ծառահատման հետքերով: Ի՞նչ պարզեցիք:
-Որտեղից գիտեք: Ես ձեզ Ջերմուկում չեմ տեսել: Առաջարկում եմ որեւէ երեւույթի օրինականությանը վերաբերող հարցերով դիմել իրավապահ մարմիններին:
-Միգուցե Դուք չեք տեսել, բայց մենք Ջերմուկում ենք եղել ապրիլի 13-ին եւ բնակիչներից պարզեցինք, որ Դուք անձամբ գնացել եք իրավիճակին ծանոթանալու:
-Խնդիրը դուրս է իմ, որպես մարզպետ, իրավասությունների շրջանակից: Առաջարկում եմ դիմել իրավասու պաշտոնյաներին:
-Անգամ Ձեզ արգելել են ձկնաբուծարանի տարածքով գնալ հէկ-ի կառուցման վայր:
-Ոչ, ինձ ոչ ոք չի կարող արգելել մարզի տարածքում ազատ տեղաշարժվել:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 4-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզպետն ասել էր, որ ինքը տեղյակ չէ ապօրինի ծառահատման դեպքից եւ անձամբ կգնա պարզելու, թե ինչ է կատարվում: Ըստ էության, մարզպետին զարմացրել է տեսածը եւ վերջինս այսօր կատարվածն իր՝ որպես մարզպետ, իրավասությունների շրջանակից դուրս է համարում: Ավելին, իր մեղքի բաժինը չընդունելով, առաջարկում է դիմենք իրավասու պաշտոնյաներին:
Ինչեւէ, ապրիլի 13-ին «ժողովուրդ»-ը կրկին եղավ Ջերմուկ քաղաքում: Ինչպես տեղում պարզեցինք բնակիչներից, այս օրերին Ջերմուկում միայն մեկ հէկ չի կառուցվում:
«Հէկ կառուցողները գալիս են, 400 ծառի թույլտվություն են ստանում, հետո հասկանում են, որ իրենց էլի տարածք է պետք, ու նորից կարող են 100 ծառ հատելու թույլտվություն ստանան, ու այսպես շարունակ»,-ասացին մեր զրուցակիցները` նշելով, որ ստեղծված իրավիճակի հետեւանքով Արփա գետը վերանալու վտանգի տակ է:
Ըստ Ջերմուկի բնակիչների` Ջերմուկում առավել հայտնի «Դաշ քյորփի չանգյարլու» հատվածում երկու հէկ են կառուցում: Ի դեպ, սա այն հատվածն է, որտեղ հատվել են ապօրինի ծառերը: Սակայն անտառապահները մեզ խորհուրդ տվեցին չգնալ նշված տարածք` նշելով, թե մեքենայով բարդ կլինի անցնել: Իսկ ահա մյուս երկու հէկ-երը կառուցվում են քաղաքի հայտնի «Փրքյասի» հատվածում, որտեղ մեզ հաջողվեց արձանագրել բնության դեմ իրականացված իրական աղետը: (Տես լուսանկարները):
Հ.Գ. Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ այդ հեկ-ի կառուցումը կապում էին նախկին գլխավոր դատախազի անվան հետ, սակայն նրա օգնականը հերքեց այդ տեղեկությունները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԻ, ԵԹԵ…

Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հայտարարել էր, որ Աջափնյակում մատուցողուհու սպանության գործով դատական նիստի ուշացման պատճառը եղել է ՔԿՀ-ից դատարան տեղափոխող ավտոմեքենայի մեջ կալանավորներից մեկի` ասեղներ կուլ տալու դեպքը: Այդ պատճառով էր, որ մեղադրյալ Դավիթ Թամրազյանը ժամանակին չէր բերվել դատարան: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Թամրազյանի մայրն ասաց, որ իր որդին մի քանի անգամ իրեն ասել է, որ ինքը «բրիտվայով» իրեն կսպանի կամ հացադուլ կհայտարարի. «Տղայիս ասել եմ, որ եթե ինքը նման բան անի ես ինքնասպան կլինեմ: Իմ տունը ծախել եմ, պայքարում եմ երեխայիս փրկելու համար, իրեն ասել եմ՝ չհանձնվի եւ մինչեւ վերջ պայքարի: Ով իմանա, թե այս երեխաներն ինչ հոգեվիճակում են լինում, որ որոշում են նման քայլի գնալ: Ես շատ եմ վախենում»,- ասաց մեղադրյալի մայրը:
ԾԵԾՎԱԾ ՄԱՅՐՆ ՈՒ ԵՐԵԽԱՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղամավան գյուղում: Ըստ Գեղամավան համայնքի բնակիչների՝ իրենց գյուղի բնակիչ Արմենն արդեն երկար ժամանակ է, ինչ դաժան ծեծի է ենթարկում իր կնոջն ու երեխային: Ըստ հարեւանների` նրանք բազմիցս փորձել են օգնել ընտանիքի անդամներին, խորհուրդներ տվել Արմենին, սակայն ապարդյուն: Բանը հասել է նրան, որ Արմենը օրերս էլ դաժան ծեծի է ենթարկել իր 12-ամյա երեխային: Ստեղծված իրավիճակն այլեւս չհանդուրժելով` Արմենի կինը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

 

ՉԻ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձկնամթերքը չի թանկանալու: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ Արմեն Բունիաթյանից. «Ոչ, թանկացումներ չեն սպասվում»: Չնայած սրան, ձկնաբույծները մտահոգված են, քանի որ այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, 300-400 դրամի չափով բարձրացել է ձկան ինքնարժեքի գինը: Ձկնաբույծների խոսքով՝ պատճառը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է: Հավելենք, որ այս տոնին ընդառաջ չի թանկանալու նաեւ հավկիթը: Ավելին՝ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը վստահեցնում է, որ այն հակառակը՝ էժանանալու է: «Ոչ մի թանկացում, նույնիսկ զեղչեր ենք նախատեսում»,- հավաստիացրեց Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ Զատկի տոնից հետո նախատեսվում է հավկիթ արտահանել նաեւ Վրաստանի Հանրապետություն:

 

 

 

 

 

 

 
ԲԼԹ

 

«Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին` համատեղ աշխատանքի եւ իմ քաղաքական ընթացքի համար` հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլեւս այդ կուսակցությունում անելիք չունեմ»:

Սամվել Թադեւոսյան

Մինչ ՕԵԿ-ը կոալիցիայում էր, նախկին ՕԵԿ-ական գործարար-նախարարը լավ էլ անելիքներ ուներ այնտեղ, հենց կոալիցիայից դուրս եկավ, այլեւս անելիք չունի: Դե իհարկե չունի, քանի որ իր երազած անելիքը քաղաքաշինության նախարարի պաշտոնն է, իսկ կոալիցիայից դուրս էլ ի՞նչ նախարարի պաշտոն: Հետեւաբար, նախարարի պաշտոնը, նաեւ իշխանությունների կողմից աջակցությունը կորցնելու դեպքում ինչպե՞ս պիտի շարունակի իր լամինատի ներկրման բիզնեսը: Այնպես որ, Սամվել Թադեւոսյանը լամինատի նման իր կուսակցությունը փոխելու համար առավել քան «հարգելի» պատճառներ ունի:

 

«Մենք ունենք մեր տեսլականը կուտակայինի վերաբերյալ, լինելու են առաջարկներ, թե մենք ինչպես ենք տեսնում կուտակային ապագա գործընթացները»:

Հեղինե Բիշարյան ԳԱԼԱ

Ասել է թե՝ ՕԵԿ-ը նույնիսկ հնարավոր է՝ միանա «Դեմ եմ»-ի՞ն: ՕԵԿ-ական պատգամավորը ասելով, թե կուտակայինի վերաբերյալ ունեն իրենց տեսլականը՝ բնականաբար նկատի ունի, որ այդ տեսլականն այլեւս չի համապատասխանում ՀՀԿ-ի մոտեցմանը, հետեւաբար նրանք առաջվա նման չեն կարող երկու ձեռքով եւ երկու ոտքով կողմ լինել կուտակայինին: Իսկ եթե չեք մոռացել, դեռ ոչ հեռավոր անցյալում ՕԵԿ-ը կողմ քվեարկեց այդ օրինագծին եւ ՀՀԿ-ի հետ միասին տապալեց ոչ իշխանական ուժերի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ եթե դա իրենց սկզբունքն էր, հիմա ինչպե՞ս այդ սկզբունքը փոխվեց:

 
«Անգրագետ նախագահը կարող է ավելի լավ կառավարել երկիրը, քան ամենագրագետ անձը: Այն իշխանավորը, որն ունակ է ունենալ գրագետ փորձագետներ, հաջողության կհասնի: Նույնն էլ Հովիկ Աբրահամյանին է վերաբերում»:

Ահարոն Ադիբեկյան News.am

Թվեր նկարելու մեծ վարպետը, ով պատվերով սոցիոլոգ է աշխատում, արդեն երեւի տեսնում է, որ նկարած թվերը լսարանի վրա անհրաժեշտ ազդեցություն չեն թողնում, կարծիք ու վերաբերմունք չեն ձեւավորում, քանի որ ինքն է վաղուց բացահայտվել եւ իր թվերին ոչ ոք չի հավատում: Ուստի Ադիբեկյանն արդեն անցնում է նոր մեթոդների կիրառմանը, շրջանառության մեջ է դնում անգրագետ ղեկավարների եւ գրագետ փորձագետների մասին իր տեսությունը, որպեսզի գոնե դրանով արդարացնի Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու՝ Սերժ Սարգսյանի քայլը: Իսկ գրագետ փորձագետ ասելով էլ հավանաբար իրեն նկատի ունի:

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս