Այսօր հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկի` Լևոն Օրբելիի մահվան օրն է:
Նա ծնվել է 1882 թ. հունիսի 25-ին Դարաչիչակում։
Լևոն Օրբելին Հովսեփ Օրբելու և Ռուբեն Օրբելու եղբայրն է։ Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1904)։
1907-20թթ. աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1909-11-ին գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում։
1918-57թթ. ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920-31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին՝ Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ, նույն ակադեմիայի պետ (1943-50), ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1936-50), ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի դիրեկտոր (1939-50), ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46)։
1956-ին կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Օրբելին Իվան Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցն էր, և նրա մահից (1937) հետո եղել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը։