ՄՈՍՈՅԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՅԻ ՕԲՅԵԿՏՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը գնալով աղմկահարույց է դառնում: Նախաքննական մարմինը փորձում է ապացուցել, որ այս սպանության հետեւանքով հետագայում սպանված Մովսես Ներսիսյանի դիակը Իսրայել Սարգսյանը նետել է Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Դրանից հետո դին կորել է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում տեղի է ունեցել 42-ամյա Արթուր Սաֆարյանի՝ քրեական հեղինակություն Թեւոսի եղբոր սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Տիգրան Ասատրյանը եւ Մովսես Ներսիսյանը, ում հայտնաբերել չէր հաջողվել: Քրեական գործով պարզվել եւ հիմնավորվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Այնուհետեւ Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, սպանել է Մովսես Ներսիսյանին, ում դիակն այժմ հայտնաբերել չի հաջողվում: Armlur.am-ի հետ զրույցում մեղադրյալ Տիգրան Ասատրյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է տեղեկատվություն տարածվել, թե իր պաշտպանյալը կդատապարտվի մոտ 15 տարվա, իսկ Իսրայել Սարգսյանը՝ ցմահ ազատազրկման: «Ի սկզբանե նախաքննական մարմինը տարածել է ինֆորմացիա, որ իբրեւ Իսրայել Սարգսյանն սպանել է Մովսես Ներսիսյանին եւ տարել գցել է Քանաքեռավանի դիտահորը: Բայց ե՛ւ ես, ե՛ւ Իսոյի պաշտպան Գայանե Գալոյանը բազմիցս ասել ենք, որ սպանություն չի եղել հաստատ, եւ Մոսոյին պետք է փնտրել ողջերի մեջ, ոչ թե մեռածների: Իսկ նախաքննությունն այս գործի մասով ընդհանրապես գաղտնի չի ընթանում, քանի որ նախաքննական մարմիններն այնքան ինֆորմացիա տվեցին, ինչ-որ կադրեր, որ նույնիսկ չենք հասկանում՝ ովքեր են, բայց մեզ՝ որպես պաշտպաններ, դեռեւս ոչ մի ապացույց չի ներկայացվել»,-ասաց Էլբակյանը: Այդուհանդերձ, armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահներն ընկել են այն հետքի վրա, որ Մովսես Ներսիսյանը՝ Մոսոն, Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ իր մեքենայով գնացել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին (Ծաղիկ Ռուբո) պատկանող Զովունիում գտնվող սաունա: Նշենք, որ դե ֆակտո պատգամավորին պատկանող այս օբյեկտի յուրաքանչյուր առանձնասենյակ ունի առանձին մուտք՝ առանձին համարակալված դարպասով: Սրանք սարքված են այնպես, որ ելումուտ անողների «գաղտնիությունն» ապահովված լինի: Այսինքն՝ հստակ որեւէ մեկը չի կարող ասել, թե հեռակառավարվող դարպասներից ներս մտնող մեքենայից քանիսը ներս մտան, քանիսը՝ դուրս եկան:
Սաունայի սեփականատեր Ռուբեն Գեւորգյանը news.am-ին բնականաբար հերքել էր, որ «ես նման սեփականություն չունեմ, կարող եք նայել իմ կողմից ներկայացված հայտարարագրերում»: Բայց մյուս կողմից՝ շտապել էր արդարանալ, թե «ոչ մի հյուրանոցային համալիրի տեր երաշխիք չունի, որ իր համալիրի սենյակներում տեղի չեն ունենա տարաբնույթ դեպքեր եւ հանցագործություններ»:
Ինչպես armlur.am-ին հաջողվեց պարզել համալիրի մոտակայքում արված հարցուփորձից, Իսոն Մոսոյի հետ գնացել է սաունա, սակայն դուրս է եկել միայնակ: Նա, ըստ ամենայնի, սպանել է Մոսոյին, հետո փորձել լվանալ սաունայում մնացած արյան հետքերը, սակայն պատերը մաքրել չի հասցրել: Եվ ահա սաունայի պատերին արյան կետիկներ են մնացել, ու այդ հետքերով էլ իրավապահները լրջագույն եզրահանգումներ են արել: Ըստ նույն աղբյուրից ստացված տեղեկության՝ սպանելուց հետո հետքերը վերջնականապես վերացնելու համար, Իսոն Մոսոյի դիակը տեղափոխել է Քանաքեռավան եւ նետել կոյուղու դիտահորերից մեկը: Ինչպես հայտնի է, կոյուղում գերակշռում է գազի քանակությունը, իսկ դա հանգեցնում է յուրաքանչյուր կենդանու կամ առարկայի քայքայման: Armlur.am-ի տեղեկություններով՝ հենց դա է պատճառը, որ դին մինչ օրս չի հայտնաբերվում: Ավելին, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ իրավապահներն ու փրկարարները կոյուղու խողովակի մեջ հատուկ սարքավորումներով կենդանիներ եւ այլ առարկաներ են գցել, որպեսզի հասկանան, թե ինչ կլինի: Սակայն շատ չանցած կենդանիները քայքայվել եւ անհետացել են: Armlur.am-ի տեղեկություններով՝ վերջին անգամ որոնման աշխատանքներ կատարողները մոտ 100 կիլոգրամանոց խոզ են նետել խողովակի մեջ՝ դարձյալ հատուկ սարքավորումներով, սակայն խոզը եւս ճանապարհի կեսից կորել է: Սարքավորումները խափանվել են: Այս փորձից հետո իրավապահներն այն եզրահանգման են եկել, որ Մոսոյի՝ կոյուղու դիտահորում հայտնված դիակը քայքայվել եւ կորել է, ինչի հետեւանքով այն գտնել չի հաջողվում:
Ինչեւէ, իրավապահները դեռ շարունակում են փնտրել Մոսոյին. համենայն դեպս, պաշտոնապես այդպես է հաղորդվում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ՕԵԿ. ՔԱՅԼ՝ ՁԻՈՎ

Երբ Սերժ Սարգսյանի կողմից տարիներ առաջ ձեւավորված «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից, բոլորի մոտ բնական հարց առաջացավ՝ ինչո՞ւ: Սա, թերեւս, ունի երկու պատասխան:

Փորձենք վերլուծել. 1. Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյանը գործուղեց ընդդիմադիր դաշտ՝ զսպելու ՀՀ վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանի նախագահական ամբիցիաները: Այսինքն՝ Հ. Աբրահամյանին մրցակից ապահովեց դաշտում, որպեսզի նա վարչապետի աթոռին նստած իրեն չպատկերացնի որպես ՀՀ նախագահի անփոխարինելի իրավահաջորդ: Եվ ինչպես ԲՀԿ-ն էր պայքարում Տիգրան Սարգսյանի դեմ, այնպես էլ ՕԵԿ-ը կպայքարի Հովիկ Աբրահամյանի դեմ: 2. Սերժ Սարգսյանը լավ ուսումնասիրելով քաղաքական դաշտը, հասկացել է, որ եվրոպական արժեքներ քարոզող գործիչների կարիք կա այսօր: Իսկ ո՞վ կարող է ավելի լավ խաղալ այդ «փուչիկ» դաշտում, եթե ոչ քաղաքական կարիերայի ընթացքում մի քանի «կաշի փոխած» Արթուր Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է, ՕԵԿ-ը նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, նախկինում Ա. Բաղդասարյանը համարվում էր Ֆրանսիայի սիրելի գործիչը: Այսինքն՝ նա կարող է եվրոպական թեւում «խաղալ»՝ պահպանելով կոնյակավաճառության հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ` թիկունքում ունենալով Ռուսաստանի հատուկ ծառայությունների աջակցությունը ի դեմս Պատրուշեւի եւ Բորդյուժայի: Սակայն Սերժ Սարգսյանի կողմից գծագրված սցենարով «ընդդիմանալը» ՕԵԿ-ում այնքան լուրջ են ընդունել, որ շատ կուսակցականներ Արթուր Բաղդասարյանին համարում են ՀՀ ապագա նախագահը: Եվ ով որ չի համաձայնում այդ տեսակետի հետ, դառնում է Արթուր Բաղդասարյանի եւ իր սակավաթիվ թիմակիցների «աչքի փուշը»: Այստեղ արժե հիշեցնել, որ 2008 թվականին, երբ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը չկանգնելով հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիների կողքին, վաճառվեց եւ ընդունեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարեց, որ այլեւս երբեք ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրվի: Կարծես թե եկել է նաեւ այս խոսքերը դրժելու պահը: Ի վերջո Արթուր Բաղդասարյանի համար խոսքերից հրաժարվելը «մի կում ջուր խմելու» պես մի բան է: Կարծում ենք՝ որեւէ մեկը չի մտածում, թե ՕԵԿ-ն ազնիվ մղումներով դուրս է եկել կոալիցիայի կազմից եւ հանկարծ հիշել ժողովրդի հոգսերի մասին: Պարզապես Արթուր Բաղդասարյանն ինչպես ավանդաբար, այս անգամ եւս, ժողովրդի աչքին թոզ փչելով, տեղավորվեց Սերժ Սարգսյանի կողմից գծագրված սցենարի մեջ: Շախմատիստ Սարգսյանը որոշել է ապականել եւ տիրանալ ՀՀ քաղաքական դաշտին ամբողջությամբ: Նա իշխանության մեծամասնությունն իր ձեռքին է կենտրոնացրել, ընդդիմադիր դաշտն էլ արհեստական ուժերով է լցնում, որպեսզի նոր ուժեր չծնվեն եւ վտանգ չսպառնան նրա իշխանությանը:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 
Ո՞Վ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԻ

Վերջին օրերին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում իրավիճակը կրկին լարվել է: Ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերի պաշտպանական դիրքերն ու բնակավայրերը: Ադրբեջանական զինուժը հայ-ադրբեջանական սահմանի հատկապես այդ հատվածում է ակտիվ, որովհետեւ այդ տեղանքի վրա իշխող, ռազմավարական նշանակության բարձունքներն անցյալ դարի 90-ական թվականներից գտնվում են ադրբեջանական զինուժի հսկողության տակ: Եվ այդ բարձունքներից ազերի զինյալները խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծում են Բերդի տարածաշրջանի բնակավայրերը: Ինչպես հիշյալ համայնքների ղեկավարներն են ասում, ադրբեջանական գնդակոծությունից գյուղացիների տների տանիքները «մաղ են դարձել»:
Ապրիլի 14-ին դարձյալ Այգեպարը ժամեր շարունակ գնդակոծվել է: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ իր համագյուղացիներից շատերը բանկերից վարկեր վերցնելով` իրենց տները նորոգել էին: Մինչդեռ այս նոր գնդակոծության հետեւանքով վերանորոգված առանձնատներին մեծ վնաս է պատճառվել: Իսկ բանկերից վերցված վարկերը, միեւնույն է, պետք է փակել: Ապրիլի 14-ին ադրբեջանական գնդացիրի գնդակը մտել է այգեպարցիներից մեկի տուն եւ խոցել աշխատող հեռուստացույցը: Բարեբախտաբար, հեռուստացույց դիտող տանտերը չի տուժել:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 19-ին ադրբեջանցիները կրակ էին բացել Չորաթան գյուղի «Ներքին շեն» հանդամասում աշխատող գյուղացիների վրա: Բարեբախտաբար, չորաթանցիները չէին տուժել, սակայն ադրբեջանական գնդակներից մեկը խոցել էր չորաթանցի Ամասիա Քալանթարյանին պատկանող «Վիլիս»-ի դուռը: Ապրիլի 11-ին ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել Չորաթանի «Ներքին շեն» սահմանամերձ դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Այս անգամ ազերի դիպուկահարի գնդակը խոցել է Չորաթանի 25-ամյա բնակիչ Արման Մկրտչյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի փոխանցումների տուփը, շարքից հանելով ավտոմեքենան: Այն դաշտից այլ մեքենայի միջոցով, քարշ տալով են դուրս բերել: Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը մեզ հայտնեց, որ Արմանը շատ ցավագին է ընդունել իր ավտոմեքենայի շարքից դուրս գալը, քանզի այն դեպքից ընդամենը 2 օր առաջ էր գնել, պարտք անելով: Ապահովագրական ընկերությունը, որն ապահովագրել էր Արմանի ավտոմեքենան, հրաժարվել է վնասված մեքենայի համար փոխհատուցել: Սահմանադրությամբ պետությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիների կյանքն ու նրանց ունեցվածքը: Ադրբեջանական գնդակոծություններից վնասվում է սահմանագոտում ապրող մարդկանց ապրուստը: Միթե պետությունը պարտավոր չէ այդ մարդկանց փոխհատուցել՝ նրանց կրած նյութական կորուստների դիմաց: Ինչպես Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն է ասում, համագյուղացիներից շատերը երկարատեւ գնդակոծություններից «արդեն շաքար են ստացել»: Պետությունը պետք է թիկունք կանգնի սահմանագոտում ապրող, իրենց կյանքն ու առողջությունը վտանգող մարդկանց:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս