Մայրաքաղաքի ամենահայտնի եւ էլիտար ժամանցային համալիրներից մեկը համարվող JOSE-ը միայն առջեւից է գրավում իր այցելուներին: Իսկ թե ինչ է կատարվում համալիրի հետնամասում, անմեկնաբանելի է: Հանրապետության ողջ էլիտայի կողմից սիրված այս ժամանցի վայրն իր մաքրությամբ եւ բնապահպանությամբ, մեղմ ասած, չի փայլում: Աղբակույտը, որը գոյացել է համալիրի ղեկավարության «բարեխիղճ վերաբերմունք»-ի հետեւանքով, միանշանակ արժանացած կլինի մշտական այցելու հանդիսացող վերնախավի ուշադրությանը: Սակայն… փաստն այն է, որ աղբի առկայությունը եւ դրանից առաջացած բույրը շարունակում է ուղեկցել եւ դեռ երկար կուղեկցի հարակից այգում զբոսնող քաղաքացիներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում armlur.am-ի տեսախցիկի ֆիքսած լուսանկարը` իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար:
ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԹԱԼԱՆՎԱԾԸ
armlur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ` պարզելու, թե նրա գնահատմամբ` ինչ չափանիշների պետք է համապատասխանի ԱԺ ապագա նախագահը: «ԱԺ նախագահ պետք է ընտրվի մարդ, ով համապատասխանում է մի շարք չափանիշների՝ անաչառ է, անկաշառ, վարկաբեկված չէ, համարձակ է, ունի քաղաքական, խորհրդարանական աշխատանքի, ինչպես նաեւ ղեկավարման հարուստ փորձ: Կրթված է եւ իր աշխատանքային գործունեությունը սկսել է արտադրությունից, ընդհանուր նպատակի շուրջ ունակ է համախմբել տարբեր դիրքորոշում ունեցողներին: Այդպիսի մի անձ կա ԱԺ մեծամասնության շարքերում, որի մոտ միայն խոսքեր չեն, որ կաշառակերությունն արգելված է, ու այդ մարդը պիտի առաջարկվի ԱԺ նախագահի պաշտոնում: Միայն նման մարդը կարող է ԱԺ հեղինակությունը բարձրացնել իրականում եւ չթույլատրել, որ այն, ինչպես միշտ, լինի կառավարության կցորդը եւ նոտարական գրասենյակը: Եվ միայն այդպիսի խորհրդարանը կարող է արդյունավետ աշխատել իր կրտսեր գործընկերոջ՝ կառավարության հետ, արդյունավետ՝ ի նպաստ տնտեսության եւ երկրի զարգացման:
Մեր հարցին, թե ում նկատի ունեք, պարոն Խաչատրյան, ձեր ընկեր Կարեն Կարապետյանի՞ն, Աժ պատգամավորն ասաց. «Շնորհակալություն, ճիշտ կռահեցիք, ուրեմն դիպուկ էի նկարագրել»: Իսկ թե նոր կառավարությունից ինչ սպասելիքներ ունի պարոն Խաչատրյանը, վերջինիս խոսքով. «Առաջին իսկ օրը խորհրդարանի եւ կառավարության առաջին իսկ որոշումը, եթե չլինի անզեն աչքով տեսանելի եւ ընդունելի, ժողովուրդը կհամարի, որ մեկելները մյուսների օրգանական շարունակությունն են: Միայն այդ դեպքում ժողովուրդը կհավատա, որ հույս կա փոփոխության, երբ տեսնի, որ առաջին իսկ օրն առաջին իսկ քայլը կատարվեց: Օրինակ՝ վերջին 4 տարում Ապարանի տարածքից մոտ 15 կմ խոշոր տրամաչափի խողովակ ապամոնտաժվեց, եւ քանդվեց ոռոգման մի ողջ համակարգ, նույնիսկ Շենավան համայնքում ոռոգման գծի միջի ջուրը ոռոգման սեզոնին դատարկվեց, ապամոնտաժեցին, գյուղացիներին լարին, վախցրին ու տարան: Նման դեպքերում գյուղացին մեղադրում է երկրի նախագահին: Նա չի ճանաչում թալանչիներին, ընտրում եւ պահանջում են նախագահից: Հիմա շենավանցին կհավատա, որ իրոք իշխանությունները պատրաստ են դրական փոփոխությունների, եթե այդ ոռոգման գիծը վերադարձվի եւ վերականգնվի, հակառակ դեպքում, ինչպես ԱԺ նախագահի ընտրության պարագայում հավատ չի լինի, այնպես էլ շենավանցին կառավարության ցանկացած որոշում կհամարի դատարկ խոսք»:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ