Այսօր՝ ապրիլի 18-ին, նշվում է հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, որը «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը կնշի Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կազմակերպված միջոցառմամբ։ Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի տեղեկացմամբ` միջոցառումը կմեկնարկի «Համաշխարհային ժառանգություն. պատմական Լվովի հայկական հիշողությունը» էլեկտրոնային ցուցադրությամբ, կներկայացվեն 1998թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ճանաչված Լվովի պատմական կենտրոնի հայկական հուշարձանները: Նկատենք, որ այդ ցուցադրությունը կարեւորվում է նաեւ Ուկրաինայում ընթացող վերջին իրադարձությունների համատեքստում։
-Թանգարանի մուտքը կլինի անվճար։ Այդ օրը կազդարարվի նաեւ Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակներում 2012-2014թթ. Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի ավարտը Հայաստանում` ամփոփելով գործողությունների ընթացքն ու արդյունքները: Նաեւ տեղի կունենա Հայաստանի դպրոցների ուսուցիչներին հասցեագրված «Պահպանություն հանուն ապագայի» օժանդակ ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
-Դրանք տոնական միջոցառումներ են, իսկ ի՞նչ հիմնախնդիրներ ունեք։
-«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը երեք մասնաճյուղերի՝ Էրեբունի, Կարմիր բլուր եւ Շենգավիթ, հանրագումար է։ Երեքում էլ խնդիրները բազմաթիվ են, բայց Էրեբունի ասելով հիմնականում ուշադրությունը կենտրոնացնում են բուն Էրեբունի հնավայրի եւ թանգարանի վրա, որովհետեւ թանգարանը, ըստ էության, բոլոր այդ երեք հուշարձաններից գտածոների շտեմարանն է։ Կոնկրետ Էրեբունիում մեր կողմից մշակվել է մի հավաք ծրագիր, որը բաղկացած է յոթ բաղադրիչներից։ Առաջինը բուն հնավայրի վերականգնումը եւ վերստեղծումն է, որի համար բավականին մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Մյուս խնդիրը թանգարանի շենքին կից՝ դեպի բլուրը տանող հատվածում երբեմնի սկսված շինությունն ավարտին հասցնելն է։ Դեռ երկրաշարժից առաջ նախատեսված է եղել կառուցել երկհարկանի մի շենք ֆոնդերը ընդլայնելու, ցուցադրության համար ավելի լայն տարածք ապահովելու նպատակով, սակայն շինարարությունը կիսատ է մնացել։ Հաջորդ խնդիրը այցելուների համար սպասարկման ենթակառուցվածքների ստեղծումն է։ Այդ բաղադրիչների մեջ կա երկուսը, որ արդեն արված են. քաղաքապետարանի միջոցներով թեքահարթակ է ստեղծվել թանգարանի հաշմանդամ այցելուների համար, մեր միջոցներով էլ ստեղծել ենք պատանի հնագետի դպրոցը։ Բացի այդ, լուծվել են միջնաբերդի գեղարվեստական լուսավորության, ինչպես նաեւ թանգարանի ջեռուցման խնդիրները։
-Իսկ ե՞րբ կսկսվեն հնավայրի վերականգնման եւ վերստեղծման աշխատանքները։
-Բոլոր կատարված աշխատանքները ավելի քիչ ծախսատար են, ամենածախսատարը հնավայրի վերականգնումն է։ Արդեն մեր կողմից արվել է նախագծային առաջարկը, պատրաստվել է մակետ ու ներկայացվել Երեւանի քաղաքապետարանին, որը դա ներառել է իր չորս կարեւոր ներդրումային ծրագրերի մեջ, եւ այս տարվանից արդեն սկսվել է ֆինանսավորումը։ Մենք հիմա դեռեւս նախանախագծային փուլում ենք։ Քննարկումներից հետո նախագծի մրցույթ կհայտարարվի, կորոշվի հաղթողը, ու միջնաբերդում արդեն կսկսվեն վերականգնման եւ վերստեղծման աշխատանքները։
-Իսկ պեղումները շարունակվելո՞ւ են։
-Արդեն վեց տարի է` հայ-ֆրանսիական արշավախումբ է աշխատում, որն իրականացրել է որոշակի աշխատանքներ։ Առաջին քառամյա ծրագիրն ավարտվել է 2012 թվականին, երկրորդը կավարտվի 2015-ին։ Այդ պեղումները, ըստ էության, երկու, նույնիսկ երեք՝ խնդիր են լուծում. առաջինը՝ միջազգային համագործակցություն, երկրորդը՝ ուսանողների փոխանակում։ Բացի այն, որ պեղումները հնագիտական բացահայտումներ են անում, դրանք նաեւ դիագնոստիկ նշանակություն ունեն ու մեզ օգնում են, որ հենց նախանախագծային փուլում ճշգրտենք նախագծերով վերականգնվող կամ վերստեղծվող աշխատանքների բնույթը։ Եվ դա երրորդ խնդիրն է։
Զրուցեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ