Անցյալ տարի Արարատի մարզում մի արտակարգ պատահար է տեղի ունեցել, որի մանրամասները բացահայտվել են օրերս: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեպտեմբերի 28-ին, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղից, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա Ժորա Պետրոսյանը:
Այդ օրը երեխան իր ծնողների և պապի հետ գտնվելիս են եղել Հովտաշատ գյուղում գտնվող ձկնաբուծարանում, որը, ըստ Գ. Շամշյանի, պատկանում է Ոստիկանության գնդապետ Գագիկ Բադալյանին, ով նախկինում աշխատել է որպես Ոստիկանության Մասիսի բաժնի պետ:
Այդ օբյեկտում ոստիկանության աշխատակիցը պահելիս է եղել առյուծ, և երբ նշված օրը երեխային մոտեցրել են առյուծին նայելու համար, առյուծը հարձակվել է երեխայի վրա: Երեխային գրկած անձը, թողնելով երեխային առյուծի մոտ, վանդակի մոտից փախել է: Երեխային առյուծի ճիրաններից կարողացել է փրկել պապը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է ոստիկանությունում և միշտ իր աշխատանքը կատարել է բարեխիղճ կերպով:
Երեխան, երկու անգամ ենթարկվել է վիրահատման, և, ըստ տեղեկությունների, շուրջ 7 տասնյակ վնասվածքներ է ստացել: Դրանք եղել են պարանոցի և կրծքավանդակի մասում բազմաթիվ պատռված վերքերի տեսքով:
Բժիշկներին հաջողվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում փրկել երեխայի կյանքը:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ խոսքում պատմել են, թե “Զարմացած ենք, թե ինչպես են առյուծ պահում մի տեղ, որտեղ չի պահպանվում տարրական անվտանգության կանոնները”:
Գ. Շամշյանը հայտնում է, որ այս դեպքից հետո Ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Առաքելյանը գրություն է ուղարկել Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ հետևյալ խնդրանքով. “Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրվում է հայտնել, առյուծ պահելը անհատ ձեռնարկատիրոջ համար թույլատրելի գործունեություն հանդիսանում է թե ոչ, մարդաշատ վայրում առյուծ պահելը թույլատրելի է, թե ոչ”:
Ոստիկանության Մասիսի բաժնի պետը նաև խնդրել է տեղեկանք տրամադրել առյուծ պահելու կարգի, պայմանների և անվտանգության ապահովման վերաբերյալ:
Այդ օբյեկտին կից գործում են գազալցակայան, բենզալցակայան, ինչպես նաև ձկնամթերքի վաճառքի կետ:
Գյուղացիները նաև Գ. Շամշյանին պատմել են, որ նշված ձկնաբուծարանի տերը, միաժամանակ լինելով բարձրաստիճան պաշտոնյա, չի բարեհաճել երեխայի առողջությամբ հետաքրքրվել:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնում ժամանակին նյութեր են նախապատրաստվել, սակայն, չգիտես ինչու, այն ժամանակ ոստիկանությունը գործի նկատմամբ օբյեկտիվ քննություն և վերահսկողություն չի ապահովել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի