«Ժողովուրդ»-ը գրել էր, որ հունիսի 6-ին՝ մոտավորապես 20:20-ի սահմաններում, ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ էր ստացվել, որ Ավան թաղամասի Խուդյակով փողոցում՝ «Սթար» սուպերմարկետի մոտ, երիտասարդ տղայի դիակ կա: Տեղեկացանք, որ մահացած երիտասարդը 23-ամյա Վրեժ Պողոսյանն է, որը 5 համարի երթուղու վարորդ էր:
Դեպքի վայր մեկնած շտապօգնությունն արձանագրել է, որ փողոցում ընկած երիտասարդը մահացած է: Պարզվել է, որ այդ օրը երիտասարդը գնացել է իր ամենօրյա աշխատանքին, վարել մեքենան, սակայն երեկոյան ժամին հանկարծակի վիճաբանել է իր հետ աշխատող մեկ այլ վարորդի հետ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ծեծկռտուքից առաջ Վրեժը խոսակցություն է ունեցել 5 համարի երթուղայինի մեկ այլ վարորդի հետ: Խոսակցության թեման եղել է այն, որ Վրեժը շատ դանդաղ է քշում մեքենան: Վարորդ Արսեն Հակոբյանը Վրեժին ասել է, որ նա շատ սխալ է իրեն պահում եւ նախատեսված 20-30 րոպեից ավելի երկար է մեքենան վարում, կանգառներում շատ է կանգնում, ինչի արդյունքում իրենք մնում են առանց «կլիենտի»: Վիճաբանությունը տեղի է ունեցել հենց այդ երթուղայինի վերջնականգառում, որը գտնվում է Ավան թաղամասի Խուդյակով փողոցում՝ «Սթար» սուպերմարկետի մոտ: Ականատեսները պատմում են, որ բացի Արսենից եւ Վրեժից, վիճաբանությանը մասնակցել են նաեւ այլ մարդիկ:
Երկար զրույցից հետո լեզվակռիվ է սկսվել, ինչին հաջորդել է ծեծկռտուքը: Ականատեսները պատմում են, որ ծեծկռտուքը տեսնելով` այնտեղ հավաքվածները փորձել են նրանց հանդարտեցնել, սակայն վերջիններիս մոտ դա չի ստացվել: Երկու վարորդներն էլ անդրդվելի են եղել: Ի վերջո, դաժան ծեծկռտուքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հենց փողոցում մահացել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ մեղայականով ոստիկանության Ավանի բաժանմունք է ներկայացել Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բնակիչ 36-ամյա Արսեն Հակոբյանը` Կյաժ մականվամբ, որն արդեն տվել է խոստովանական ցուցմունք: Նա ասել է, թե իր ու սպանվածի` 23-ամյա Վրեժ Պողոսյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ինքը բռունցքի մեկ հարված է հասցրել Վրեժի գլխին, ինչից հետո վերջինս ուշագնաց է եղել եւ գիտակցության չգալով` հենց վիճաբանության վայրում մահացել է:
Երեկ փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, հարուցվել է քրեական գործ: Արսեն Հակոբյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ 100 ԴՐԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ