«Ջրօրհնեքին խաչի կնքահայր լինելը նախագահի թեկնածու դառնալու հետ կապ չունի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է այլևս չշահարկել 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նախարար Սեյրան Օհանյանի՝ թեկնածության հավանական առաջադրման մասին շրջանառվող լուրերը: «Նախարարն այդ հարցի շուրջ իր խոսքն արդեն ասել է, և ես ավելացնելու որևէ բան չունեմ»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ա. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նախարարի՝ հունվարի 5-ի երեկոյան անցկացվելիք Ջրօրհնեքին խաչի կնքահայր նշանակվելու մասին լուրերին՝ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ արդեն մի քանի տարի է՝ Սեյրան Օհանյանը զբաղեցնում է քավորի դերը, և դա նորություն չէ:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նախարարը, պատասխանելով լրագրողների հարցին՝ պատրաստվում է արդյոք նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, նշել է, որ ինքը ծառայում է հայոց բանակին, հետևաբար նաև՝ ժողովրդին, և երկրի առաջին դեմքը դառնալու ցանկություն չունի:

Տեղեկացնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր. «Ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը, պլանավորված է, որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով համարվում է 2018-ի նախագահի ամենահավանական թեկնածուն։ Սուրբծննդյան եկեղեցական արարողությունների ժամանակ, ըստ նույն շրջանակների, ընդգծվելու է այն դերը, որը Սերժ Սարգսյանը մտադիր է վերապահել Սեյրան Օհանյանին»:




Լրահոս