ՉՍՏԱՑՎԱԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՉՍՏԱՑՎԱԾ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կառավարություն եկավ, այսպես ասած, բարեփոխումների «լույսի ներքո» եւ անմիջապես դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի «արբանյակներից» ու սիրելիներից մեկը: Դժվար է ասել, թե երբեմն ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող իրավագիտության երիտասարդ թեկնածուի որ հատկանիշներն էին ոգեւորել վարչապետին ու նախագահին, որ նրան առաջարկել էին այդ պաշտոնը, սակայն կյանքը ցույց տվեց, որ սկզբում հռետորաբանությամբ զբաղվելով ու բարենորոգումների մասին խոսելով` շուտով Հրայր Թովմասյանը սերտաճեց այս իշխանությանը, դարձավ նրա բաղկացուցիչներից մեկն ու շարունակեց նույն ապօրինություններն ու մարդու իրավունքների ոտնահարումները:
Հ. Թովմասյանը, ինչպես ընդունված էր կոմունիստական ժամանակներում, մի ցուցադրական ակցիա կազմակերպեց, իբրեւ թե պայքար հայտարարելով նոտարական գրասենյակների վատ աշխատանքի դեմ` պաշտոնանկ արեց երկրի գլխավոր նոտարին, ինչ-որ հրամաններ արձակեց եւ, ըստ էության, իրեն հպատակեցրեց նոտարներին, որոնք ոչ քիչ գումարներ են վաստակում եւ «կյանքի ուղեգիր» տալիս բազմաթիվ ապօրինի փաստաթղթերի: Դե, նախարարը հավանաբար հասկացել էր, որ չի կարելի եկամտաբեր այս ոլորտը թողնել «ուշադրությունից դուրս»: Թե ինչպես սկսեցին աշխատել նոտարական գրասենյակները, ինչ բարեփոխումներ եղան, գիտի միայն Հ. Թովմասյանը, որովհետեւ մարդիկ շարունակում են շատ հարցեր լուծել նախկին «մեթոդաբանությամբ». դարձյալ ու դարձյալ շրջանառության մեջ են մտնում կեղծ «հաստատումներ», պարզապես այս անգամ նոտարները «հաշվետու» են Հրայր Թովմասյանին:
Նախարարը որեւէ կերպ չազդեց նաեւ արդարադատություն իրականացնող մարմինների վրա` շարունակելով մնալ դատարանների պատանդը, քանի որ նրանք են ամեն ինչ որոշում, նրանք են թելադրում խաղի կանոնները, իսկ նախարարությունը հերթապահ պատասխաններ է ուղարկում դիմումատուներին` խոստանալով հետամուտ լինել, որ արդարադատություն իրականացվի: Իսկ թե ինչպիսի արդարադատություն է իրականացվում մեզ մոտ, գիտեն բոլորը: Հրայր Թովմասյանն ապացուցեց, որ նաեւ կարող է անտարբեր լինել մարդկանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրինական քայլերի հանդեպ` պարզապես արհամարհելով հացադուլ հայտարարող կալանավորներին… Կարեւորն այն էր, որ կատարեր իրեն տրված բոլոր հանձնարարականները, սրբորեն հետեւեր երկրի նախագահի ու վարչապետի ցուցումներին: Մեկ-մեկ էլ կառավարության ներկայացրած օրապակաս օրինագծերն էր տանում ԱԺ ու պայքարում դրանց համար: Այսինքն՝ արդարադատության նախարարի աշխատասենյակը զբաղեցնող մարդ, ում երեւի նշանակել էին այն բանի համար, որ սենյակը դատարկ չմնար:
Իր դիրքերն առավել ամրապնդելու համար Հ. Թովմասյանը դարձավ Հանրապետական կուսակցության անդամ: Ժողովրդավար եւ «կարգին» երկրում հատկապես արդարադատության նախարարը, չնայած պաշտոնի քաղաքական լինելուն, չի դառնում որեւէ կուսակցության անդամ, որպեսզի կաշկանդված չլինի, կարողանա ազատ գործել, իսկ մեր երիտասարդ «բարեփոխիչը» անցավ ՀՀԿ թրի տակով, որպեսզի ամուր պահի իր թիկունքն ու աթոռը: «Կշարունակի արդյոք պաշտոնավարել» հարցին` Հրայր Թովմասյանը բավական «սահմանադրական» պատասխան տվեց: Նա սկսեց երկար-բարակ բացատրություններ տալ, մեկնաբանել սահմանադրական դրույթները կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության նշանակման մասին, ապա ասաց, որ իր ցանկությունը` շարունակել պաշտոնավարել, շատ քիչ է, պետք է լինի քաղաքական որոշում, քանի որ «փողոցում երկու հազար մարդ կարող է ցանկանալ այս կամ այն պաշտոնը զբաղեցնել», սակայն պետք է լինի նախագահի եւ վարչապետի որոշումը:
Ըստ էության՝ Հ. Թովմասյանը ցանկանում է պաշտոնավարությունը շարունակել, ցանկանում են նաեւ նրա երկու տեղակալները, արդարադատության նախկին նախարար եւ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, որը շա~տ դրական կարծիք ունի նախարարի մասին եւ համոզված է, որ նախարարը կշարունակի պաշտոնավարել, նաեւ մի քանի դատավորներ, ում դիմեցինք այդ հարցով: Նախարարի պաշտոնավարման շարունակության մասին խոսեցին նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության մի քանի անդամներ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ փոփոխություններ լինելու են միայն ԲՀԿ-ի քվոտայով թափուր մնացած նախարարների մասով, իսկ Հ. Թովմասյանին մեկ այլ անձով փոխարինելու քաղաքական որոշում չի կայացվել:
Այսինքն՝ այսօր շատերին է ձեռնտու նրա նախարար մնալը: Էլ ով, եթե ոչ Հ. Թովմասյանը կարող էր մարտի 1-ի գործը լղոզել, արհամարհել ՄԻՊ հայտարարությունները, անուշադրության մատնել հատկապես վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում հաստատված ապօրինություններն ու ինքնիրավչությունները: Բայց ահա մեր հարցը զայրույթ առաջացրեց Փաստաբանների պալատի մոտ քսան անդամի մոտ (ցուցակը կարող ենք ներկայացնել), որոնք պնդեցին, որ Հ. Թովմասյանի պաշտոնավարման շարունակությունը կարող է աղետալի լինել ողջ համակարգի համար, քանի որ նա ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլեւ զարկ է տվել թողտվությանը: Ի դեպ, թողտվության մասին խոսում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող շատ կալանավորներ, որոնք պնդում են, որ բացի սոցիալական պայմանների փոքր-ինչ բարելավումից, ինչն էլ Դավիթ Հարությունյանի աշխատանքի արգասիքն է, այստեղ ոչինչ չի փոխվել:
Եւ չի էլ փոխվի: Այս նյութը պատրաստելուց հետո մենք զրուցեցինք կառավարությանը մոտ կանգնած մի քանի անձանց հետ եւ վերջնականապես ճշտեցինք, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, ինչի մասին իրեն տեղեկացվել է շատ վաղուց` դեռ  խորհրդարանական ընտրություններից առաջ:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս