ՎԱ՜Յ, ՏՂԵ՛ՐՔ ՋԱՆ, ԴԻՄԱՑԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչքան  էլ  որ դժվար լինի,  դիմացե՛ք»՝ այսօրինակ վանկարկումներով երեկ «Հայազն» միության կողմից կազմակերպված երթի մասնակիցները հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին իրենց նամակ-բողոքը հանձնեցին Սերժ Սարգսյանին եւ ԱԳ նախարարին:
Առավոտյան ժամը 11-ին երիտասարդները պաստառներով հավաքվեցին Օպերայի  դիմաց, որտեղից հայրենասիրական երգերի հնչյունների ներքո քայլեցին Սերժ Սարգսյանի նստավայր: Փողոցով անցնող քաղաքացիներից շատերը, իմանալով երթի նպատակը, ողջունում էին կազմակերպիչներին: «Վա՜յ, տղե՛րք ջան, ձեր ցավը տանեմ, ապրեք, ապրեք»,-երթի մասնակիցների հետեւից ասում էին անցորդները:
«Ղարաբաղյան հարցը միջազգային լուծում չունի», «Դադարեցրե՛ք բանակցային գործընթացը թշնամու հետ», «Բաքվի ռեժիմը լկտիանում է Երեւանի՝ զիջումների պատրաստ լինելու պատճառով», «Արժանի պատասխանը հայրենիքի ամբողջական ազատագրումն է», «Անվտանգ սահմանն անցնում է Կուր գետով»՝ ահա այսպիսի պաստառներով հասնելով ՀՀ նախագահի նստավայր՝ նրանք նամակը հանձնեցին Սերժ Սարգսյանին:
53-ամյա Ալվարդ Խաչատուրյանը, որն աշխատում է Երեւանի մետրոպոլիտենում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված ու արցունքակալած աչքերով ասաց. «Ես  Բաքվից  եմ  գաղթել: Ադրբեջանցիների հետ հաց եմ կերել: Հավատացե՛ք, ժողովուրդը մեղավոր չէ, սա վերեւների խնդիրն է, նրանք պետք է համաձայնության գան, որ այսքան զոհեր չլինեն: Ադրբեջանցիներն էլ են երեխա ուղարկել բանակ, մենք էլ ենք ուղարկել, նրանց  համար իրենց  երեխան  է ջիգյար,  մեզ համար էլ  մերը, հասարակ ժողովուրդը մեղք չունի»:
Իսկ քայլերթն ավարտվեց կառավարության շենքի մոտ, որտեղ նախաձեռնող խմբի անդամները նույն նամակը հանձնեցին կառավարությանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս