Մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն խնդրին, որ Ռուսաստանից ներկրված եւ գյուղնախարարության տրամադրած ցորենի էլիտա տեսակի առաջին վերարտադրության սերմացուն վատ բերք է տվել, հասկերը կարճ են եւ անորակ: Այս հանգամանքը գյուղատնտեսներին ցայտնոտի մեջ է գցել: Որպեսզի կանխվի նրանց բողոքը, համապատասխան վարչությունից շտապում են հայտարարել, որ էլիտա տեսակի սերմը վատորակ չէ, եւ որ ֆերմերներն անգամ չմտածեն, թե կկարողանան խուսափել պայմանագրային պարտավորությունների կատարումից: «Սերմացուի անորակ լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,-հայտարարում է գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը: Նա հավելում է՝ հասկերի կարճ լինելը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով:
Հակառակ մարզային իշխանությունների հայտարարություններին՝ գյուղատնտեսները ցույց են տալիս այն տարածքները, որտեղ լավ բերք է տվել տեղական ցորենի սերմը: «Աշնանացան ցորենի արդեն ծլակալված հատիկի վրա ազդել է եղանակը: Այս ծրագիրը միանշանակ զիջման տարբերակ չունի: Սրա մեջ բնակլիմայական պայմանները, այսինքն՝ ֆորս մաժորը, հաշվի առնված չէ: Այս ցորենի արժեքն այնպիսին է՝ 500 դրամ, որ դրա զիջումը անհնար է»,-հայտարարեց ՇՄ գյուղվարչության պետը:
Իսկ մարզի այն գյուղատնտեսները, որոնք օգտվել են ծրագրից եւ պետությունից ստացել էլիտա սերմը, պնդում են, որ դիմում-բողոք են գրելու գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի կնքված պայմանագիրը վերանայվի, այլապես իրենք ի վիճակի չեն լինի սերմը մեկին երկուս վերադարձնել պետությանը:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ