ԱՊՀ հակաօդային պաշտպանության ավիացիոն N բազայի ռուս օդաչուներին եւ նրանց ընտանիքներին Երեւանի Ավան վարչական շրջանի «վայեննի գարադոկին» հատկացված տարածքի զգալի մասն ապօրինաբար օտարվել է: Սպաները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ եթե իրենց խնդիրը դրական լուծում չստանա, «կկտրեն Հայաստան մտնող գազամատակարարումը»:
ԱՊՀ հակաօդային պաշտպանության ավիացիոն բազայի սպաները եւ նրանց ընտանիքներն արդեն շուրջ 20 տարի պայմանագրային հիմունքներով ապրում են նախկին «Սպորտ» հյուրանոցի շենքում, որը գտնվում է Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուրի 61 հասցեում: Սպաների վկայությամբ, օրեր առաջ Միքայել եւ Ռշտունի անուններով սեփականատերերը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ եկել են, տարածքում կատարել են չափագրումներ եւ տեղեկացրել բնակիչներին, որ պատրաստվում են շինարարական աշխատանքներ սկսել: Սպայական անձնակազմը եւ նրանց կանայք բողոքում են, որ փորձում են խլել իրենց միջոցներով կառուցված մանկական հրապարակը: Նախագծով նախատեսվում է հատել մրգատու այգին, հանել ավտոկանգառը, «գարադոկ» տանող ճանապարհը կրճատել շուրջ մեկ մետրով: ԱՊՀ ռազմաօդային ուժերի սպաների շուրջ 55 ընտանիքներ՝ թվով 200-250 մարդ, խնդրի բացասական ելքի դեպքում պատրաստվում են լքել Հայաստանը: Նրանք «Ժողովուրդ»-ի միջոցով իրենց դժգոհությունն են հայտնում նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության` ռուս սպաների եւ նրանց ընտանիքների նկատմամբ ցուցաբերած անբարյացակամ ու անտարբեր վերաբերմունքից: Մեզ հետ զրույցում, բողոքելով իրենց բնակարանային անհարմարություններից, կենցաղային պայմաններից, չկանոնակարգված աղբահանությունից, սպաները հավելեցին, որ շուրջ 2 տարի առաջ նույն կազմակերպությունը, որի ինքնությունն այդպես էլ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, ապօրինաբար սեփականացրել է նաեւ ֆուտբոլի դաշտը եւ տեղում քոթեջներ կառուցել: Սպաների վկայությամբ, այդ դեպքում էլ իրենց բողոքը մնացել է օդում կախված: Նախորդ փորձը նկատի ունենալով՝ նրանք խնդրում են իրենց հարցին հնչեղություն տալ եւ կանխել անօրինությունը:
Խնդրի շուրջ փորձեցինք Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ ՊՆ-ից տեղեկանալ՝ արդյոք նշված հողակտորը ներառված է վերոնշյալ գերատեսչությունների հաշվեկշռում, ովքեր են հողի նոր սեփականատերերը, եւ արդյոք նրանք ունեն շինարարություն իրականացնելու թույլտվություն:
Երկու օր շարունակ նշված կառույցներին ուղղված մեր գրավոր եւ բանավոր հարցադրումները անպատասխան մնացին: Հաջորդ օրվա երեկոյան «Ժողովուրդ»-ի համառությունն արդյունք տվեց: Սակայն Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանն ակնկալվող պատասխանի փոխարեն գռեհկության հասնող «մեծահոգությամբ» փորձեց ուղղորդել եւ ցուցումներ տալ լրագրողական նորմերի վերաբերյալ ու հայտնեց, որ «ինքը հարմար է գտնում աշխատել էլեկտրոնային տարբերակով»: Գուցե վարչության պետը թաքցնելու բան ունի կամ ինքն իրեն ավելի լավ է ճանաչում եւ վստահ է, որ չի կարող նայել լրագրողի աչքերին ու ստել: Ինչեւէ, քաղաքապետարանում գտնվեցին կիրթ ու արհեստավարժ աշխատակիցներ, որոնք, հասկանալով լրատվության օպերատիվության կարեւորությունը, փորձեցին հարցի առթիվ տեղեկատվություն տրամադրել:
Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից Մեսրոպ Հարությունյանը հայտնեց, որ ուսումնասիրել են հանգամանքները եւ պարզել, որ «Ավան թաղամասի Ծարավ աղբյուրի 61 հասցեի հողատարածքում շինարարական աշխատանքների իրականացման փաստաթղթային որեւէ թույլտվություն որեւէ անհատի կամ կազմակերպության տրված չէ»: Նա հավելեց, որ դա քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության գործառույթում է, ու ինքն անձամբ խոսել է Հ. Ասատրյանի հետ, որն իբր թե մարդիկ է ուղարկել տեղանքը ուսումնասիրելու համար: Սակայն ռուս սպաները «Ժողովուրդ»-ին ասացին, որ ոչ մի ներկայացուցիչ չի եղել տարածքում: Իսկ ՊՆ լրատվության բաժնից ստացանք գրություն, որով մեզ ընդամենը հավաստում են, որ «Երեւանի Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուրի փողոց 61 հասցեում գտնվող հանրակացարանն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության»: Իսկ թե ինչ անհրաժեշտություն կա տարածքը օտարելու, ՊՆ-ից չարձագանքեցին:
ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՀՀ ՊՆ-ԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ