Վերջերս մամուլից տեղեկացանք մի խումբ փաստաբանների հայտարարության վերաբերյալ, որով փորձ է կատարվում դատական իշխանությանը «ահաբեկել» մեկօրյա գործադուլով: Նախ նշենք, որ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի մեր պատկերացմամբ գործադուլը աշխատողի իրավունքն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակ` աշխատողի եւ գործատուի միջեւ ծագած տարաձայնությունների կապակցությամբ: Ցավով պետք է արձանագրենք, որ մինչ սույն հայտարարությունը անկեղծորեն կարծում էինք, թե գործ ունենք անկախ փաստաբանական համակարգի հետ:
Հիմք ընդունելով ՀՀ դատավորի վարքագծի 8-րդ կանոնը՝ միգուցե զերծ մնայինք նշված հայտարարությանն անդրադառնալուց, սակայն նկատի ունենալով, որ այն պարունակում է բազմաթիվ մերկապարանոց ձեւակերպումներ, մասնավորապես «անթույլատրելի գործելակերպ», «անընդունելի վիճակ», «համատարած խախտումներ», «օրեցօր խորացող ճգնաժամ» եւ կարող է հանրության մոտ սխալ պատկերացումների ձեւավորման առիթ հանդիսանալ, որոշեցինք մի քանի մեկնաբանություններ ներկայացնել հայտարարությամբ բարձրացված հարցադրումների վերաբերյալ:
Հաշվի առնելով հայտարարության բովանդակությունը եւ դրա շարադրման ոճը, նախ անվերապահորեն պետք է ընդունենք հայտարարությունը հեղինակած փաստաբանների մտահոգությունն այն մասին, որ վստահորդների մոտ անվստահություն է առաջանում փաստաբանների մասնագիտական կարողությունների հանդեպ: Հայտարարության տեքստից կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրանց հեղինակները կա՛մ անտեղյակ են դատական համակարգի կառուցվածքից եւ ՀՀ ՎԴ-ի սահմանադրական կարգավիճակից, կա՛մ էլ միտումնավոր փորձում են այն խեղաթյուրել:
Մասնավորապես սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Եվրոպական չափանիշներին համահունչ, ՀՀ-ում ստեղծվեց եռաստիճան դատական համակարգ, որը կառուցված է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հիման վրա, այսինքն` յուրաքանչյուր ատյան ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Առաջին ատյանի դատարանները բոլոր գործերը ըստ էության քննող դատարաններ են, վերաքննիչ դատարանները` վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանների կայացրած դատական ակտերի օրինականությունը եւ հիմնավորվածությունը ստուգող դատարաններ են, իսկ ՎԴ-ի համար ստեղծվեց որակական նոր կարգավիճակ` արդարադատություն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքների միատեսակ կիրառությունը եւ դրանից բխող միասնական դատական պրակտիկան: Բացի այդ, ՎԴ-ն իր գործունեությամբ պետք է նպաստի իրավունքի զարգացմանը: Հետեւաբար, ՎԴ-ը վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվի վերոնշյալ առաքելության իրականացման նպատակներով եւ որեւէ պարտավորություն չունի վարույթ ընդունելու տարեկան ներկայացվող տարբեր որակի եւ բովանդակության շուրջ 4.000 վճռաբեկ բողոք: Ի դեպ, այս անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ ՎԴ-ն կազմված է ՀՀ ՎԴ-ի նախագահից, երկու մասնագիտացված պալատների նախագահներից եւ ընդամենը 14 դատավորներից:
Բացի այդ, եթե հայտարարությունը հեղինակած փաստաբաններին հայտնի լինեին դատական համակարգի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարականների պահանջներն այն մասին, որ երրորդ ատյանի դատարան պետք է ներկայացվեն այնպիսի բողոքներ, որոնք արժանի են քննարկման այն հիմքով, որ զարգացնում են իրավունքը եւ նպաստում են օրենքի միատեսակ կիրառմանը, ապա կարծում ենք, որ հայտարարությունում նման մերկապարանոց եզրահանգումներ տեղ չէին գտնի:
Ինչ վերաբերում է հայտարարությունը հեղինակած փաստաբանների` վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների բավարար պատճառաբանված չլինելու կարծիքին, ապա ներկայացնում ենք Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:
ՎԴ-ն, որտեղ վարույթը սահմանափակված է միայն իրավունքի վերաբերյալ հարցերով եւ որի դերն օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է եւ դրա զարգացումը, ունի ընդունելության նախնական ընթացակարգ, որը վերաբերում է նրան, թե արդյոք ներկայացված բողոքը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին: Անդրադարձ կատարելով ՎԴ-ի 2007 թվականի հունվարի 15-ի որոշմանը՝ չի կարելի ասել, որ դրանում շարադրված պատճառաբանությունները հակասում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին (Բենիամին Ներսիսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 15371/07, 19.01.2010թ.)
Դեռ ավելին, ՎԴ-ի նախադեպային որոշումների որակի մասին է վկայում այն փաստը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում վկայակոչվում են ՎԴ-ի նախադեպային որոշումներն այն գնահատմամբ, որ դրանք համապատասխանում են Եվրոպական կոնվենցիային անգամ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը դեռեւս դրան հակասում է (Գասպար Պողոսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 44068/07, 20.12.2011թ.):
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված «հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ դատախազության արատավոր գործելակերպի» համար ՎԴ-ի պատասխանատվությանը, ապա ՀՀ ՎԴ-ի առաքելության վերաբերյալ վերը նշված մեկնաբանություններից հետո այդ հարցին կրկին անդրադառնալը գտնում ենք ոչ նպատակահարմար: Սակայն ավելորդ չենք համարում ներկայացնել արդարացումների վերաբերյալ վերջին տարիների մի քանի վիճակագրական տվյալներ: Այսպես, 2009թ. ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 25 անձ, 2010թ.` 56 անձ, իսկ 2011թ.` 77 անձ:
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ արված կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ ակնարկին, ապա պետք է ցավով արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում հենց փաստաբանների մոտ են նկատվում կոռուպցիոն երեւույթներ: Այդ մասին են վկայում շուրջ երկու տասնյակ փաստաբանների նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռները (տե՛ս, օրինակ, ԵԿԴ/0348/01/09, ԵԿԴ0166/01/09, ԵԿԴ0086/01/09, ԵԿԴ0232/01/11, ԵԱՔԴ/0124/01/11 դատավճիռները):
Բնականաբար, նշված դեպքերը չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չունենալ դատական իշխանության հեղինակության վրա: Ընդհանրապես բոլոր համակարգերում, այդ թվում` դատական համակարգում, առկա են դեռեւս չլուծված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաեւ անձինք, որոնց գործելաոճը վարկաբեկում է տվյալ համակարգը:
Ամփոփելով վերոգրյալը՝ կոչ ենք անում հայտարարությունը հեղինակած փաստաբաններին բավարարվել օրենքով սահմանված կարգով իրենց դատավարական կարգավիճակից բխող պահանջները քննարկելու եւ լուծելու օրինական գործընթացով, իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս առաջնորդվել փաստաբանի առաքելությամբ եւ չփորձել մերկապարանոց հայտարարություններով ու շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրա:
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ