«ԱՅՍՉԱՓ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ՏԱՐՐԵՐ ՉԿԱՅԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, հեղինակ-կատարող ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆՆ այն եզակի արվեստագետներից է, որը չի ընկնում կոմերցիայի հետեւից, չի ենթարկվում երաժշտական շուկայի պահանջներին ու անորակ գործեր ստեղծելով` գումար չի վաստակում:   
-Դուք այն երաժիշտներից եք, որը շուկայի պահանջներով չի շարժվում, դա Ձեզ համար սկզբունքի՞ հարց է:
-Դաստիարակության հարց է: Մեր սերունդն այլ բաներով էր դաստիարակվում, հիմիկվա սերունդը բոլորովին այլ պահանջներ ունի: Ես ինքս էլ սիրում եմ տարբեր ոճի ու երկրների երաժշտություն:
-Այնուամենայնիվ, ոչ կոմերցիոն երաժշտություն գրելով՝ հնարավո՞ր է գումար վաստակել:
-Ո՛չ, ո՛չ, մեզ մոտ նույնիսկ այն թվացյալ կոմերցիոն երաժշտություն գրողներն էլ շատ չեն վաստակում: Մի քանի հոգի են այսօր այդ շուկայում, թե հիմա նրանց աստղային ժամն է, թե  նրանց աստղն է բարձր փայլում, թե ճակատագրի բան է, չեմ հասկանում: Դուք էլ եք տեսնում՝ այսօր ովքեր են համերգներին ներգրավված, երեւի նրանց ծանոթները կամ պրոդյուսերներն են լավ աշխատում այդ բնագավառում:
-Ձեր կարգի երաժշտի համար վիրավորակա՞ն չէ այն փասը, որ ամեն տեղից ելնողն իրեն երաժիշտ կամ երգիչ է համարում, ու տեսնում ենք, թե ինչ է ներկայացնում ու ինչպես է դաստիարակում մեր սերնդին:
-Պետական մտածողություն պետք է լինի այս հարցում: Եթե փոքր երեխային էլ չխրատես, նա կարող է ամեն պատահական բան բերանը դնել կամ սխալ բաներ անել: Այդ հսկողությունն ու դաստիարակությունը պետք է հենց փոքրուց լինի:
Խորհրդային ժամանակ էլ այս ամեն ինչը կար, բայց կար նաեւ պետական հսկողություն, որը թույլ չէր տա բարձր բեմերից ու հեռուստատեսությունից տարածել այս տեսակ անորակություն: Չնայած այսօր լավ երաժիշտներ էլ կան, որ փորձում են հնարավորինս որակյալ բան ներկայացնել:
-Այսօր նույնիսկ ռեստորանային երաժշտությունն է եթերաժամ «վայելում»:
-Մեր ժամանակ չէր թույլատրվում: Այդ երաժշտությունն իր տեղն ուներ, կարող էիր գնալ, ուրախանալ, բայց այսչափ ադրբեջանամետ տարրեր չկային: Չգիտեմ՝ ինչ ասեմ, երեւի մեր ազգն այլասերվել է: Ու գիտե՞ք՝ ինչն է վատ, որ զգում եմ՝ կա հասարակության մի հատված, որը հաճույք է ստանում այդ տեսակ երաժշտությունից:
Այնքան է պատահել, որ մի գեղեցիկ երաժշտություն, մեղեդի ենք նվագել, անտարբեր են եղել, բայց որ հանկարծ մի հատ իրենց սիրելի խաղերով նվագես, միանգամից փառավորվում են: Իմ փորձից ելնելով եմ ասում, երբեմն երեկույթներին որ նվագում ենք, նկատում եմ:
-Ունե՞ք սաներ, որոնց Ձեր արժեքներով եք դաստիարակում, կրթում:
-Ո՛չ, բայց միտք ունեմ, շատ եմ ուզում  կիթառի դպրոց բացել: Ճիշտ է, կիթառը հայկական գործիք չէ, բայց մեջը ազնվազարմ բան կա:  
-Հետաքրքիր է, իսկ երաժշտություն գրելու պատվերներ լինո՞ւմ են:
-Լինում են, բայց ինչ էլ անում ես, քո ձեռագրով ես անում: Ես չեմ կարող գրել ցածրաճաշակ երաժշտություն, որն ականջ է ծակում: Օրինակ, երբ ասում են՝ այս տարատեսակ երաժշտությունն իբրեւ թե հայկական է, միանգամից զգում եմ, որ դա մերը չէ, բայց հիմիկվա սերունդը չի պատկերացնում, չի զգում, չի կարողանում տարբերակել: Շատ անգամ հենց երիտասարդներն են ինձ հարցնում՝ հիմա սա ինչ է: Իրենց մոտ թերի կարծիք է ստեղծվում ու մտածում են՝ դա է ճիշտը: Չեն զգում, որ սա մուսուլմանական, իսկ այս մեկն արաբական լադ է: Պատվերներ լինում են, բայց ավելի շատ ընկերական հիմքերով: Պատվերներից մեկը «Բրաբիոն»-ի հիմնն էր՝ «Կաստանետ» պարի խմբի համար իսպանական ռիթմերով երաժշտությունը:
Սակայն լինում են ստեղծագործություններ, որ իմ սրտից են բխում` Շուշան Պետրոսյանի «Իմ անուշ հայրենիք»-ը, Անի Քրիստիի «Տաք անձրեւ»-ը, Եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված «Սուրբերու աչքեր» երգը, որ ամեն տարի հնչում է անմար կրակի մոտ, այս երգը նաեւ Սան Ֆրանցիսկոյից ու Նյու Յորքից են ուզել:
-Իսկ պահոցում կա՞ն երգեր, որ դեռ չեն հնչել:
-Շատ-շատ: Հիմա ես գործիքային երաժշտությամբ շատ եմ զբաղվում, ունեմ 2 ալբոմ` համարյա պատրաստ, բայց չհրատարակված: Ունեմ հսկա գործ արված` «Աստվածաշունչ», ամբողջ տեքստը կտակարանից է: Ա՛յ սա պետական պատվեր էր` նվիրված քրիստոնեության 1700-ամյակին, բայց այդպես էլ լույս չտեսավ: Պատրաստ ձեռքիս է, համապատասխան տարբերակ չի լինում: Դա իմ ցավոտ կողմն է, քանի որ այդ տեսակ գործը չպետք է մնար ձեռքիս:
շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս