«ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ձեւավորվելիք կառավարությունում առանցքային պաշտոններից մեկը ֆինանսների նախարարի պաշտոնն է, որը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանից հետո, ըստ շրջանառվող խոսակցությունների, կարող է զբաղեցնել ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը կամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո): Նաեւ տեղեկություններ կան, որ Գագիկ Խաչատրյանի նշանակման դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ՊԵԿ-ը միավորվելու են: «Ժողովուրդ»-ը զրուցել է Պավել Սաֆարյանի հետ` պարզելու՝ արդյոք նա ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկություն ստացել է:

-Պարոն Սաֆարյան, Դուք ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկություն ստացե՞լ եք: Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ձեզ նշանակելու են ՀՀ ֆինանսների նախարար:
-Ոչ, առաջարկություն չեմ ստացել:
-Իսկ եթե Ձեզ առաջարկեն ղեկավարել ՀՀ ֆինանսների նախարարությունը կհամաձայնե՞ք:
-Ախր դա մարդուն այնպիսի անհարմար դրության մեջ դնող հարց է, ինչ է դա նշանակում: Նախ՝ առաջարկում են, հետո նոր մտածում են ու որոշում, այսինքն՝ ժամանակից առաջ ընկնելն ու ինչ-որ հայտարարություններ անելը, կարծում եմ, սխալ է:
-Տեղեկություններ կան, որ ՀՀ ներկայիս ծանր ֆինանսատնտեսական վիճակի պատճառով ոչ ոք չի համաձայնվում ղեկավարել այդ գերատեսչությունը եւ այս գրեթե անհուսալի վիճակում նման պատասխանատվություն ստանձնել:
-Ֆինանսների նախարարությունում անընդհատ աշխատանքի կարիք կա, որեւէ տեղում անլուծելի խնդիրներ չկան, այդ թվում` ֆինանսների նախարարությունում: Անկեղծ ասած` չեմ լսել, որ որեւէ մեկին առաջարկել են ղեկավարել ֆինանսների նախարարությունն ու ինքն էլ հրաժարվել է: Դրա համար ես որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ մամուլում անընդհատ տարբեր տեղեկություններ են հրապարակվում ու չես կարողանում հասկանալ, թե դա ում է հետաքրքիր, ինչո՞ւ են նման տեղեկություններ հարապարակում: Օրինակ՝ ինչ խնդիր պետք է լինի, որպեսզի մարդիկ հրաժարվեն աշխատել Ֆինանսների նախարարությունում:
-Օրինակ` ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի՝ 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով: Սա բավական չէ՞:
-Այսինքն, ըստ ձեզ, մեր արտաքին պարտքը հասել է այն մակարդակի, որ մարդիկ չեն ցանկանում ֆինանսների նախարա՞ր աշխատել: Այն, որ պարտքը կարող էր ավելի քիչ լինել, ավելի ցածր լինել, դա այլ հարց է, բայց որ այն աստիճանի վրա է գտնվում, որ որեւէ մեկը չի ցանկանում ղեկավարել նշված գերատեսչությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ: Ինչու, որ ինչ-որ մեկը դարձավ ֆինանսների նախարար, կարծում է, որ ի՞նքը պետք է վճարի պարտքը: Պարտքը վճարվում է ժամանակացույցով, դրա համար էլ պետք չէ ինչ-որ ենթադրություններ անել: Իսկ այդ 4 միլիարդ պարտքը, որ ասում եք, դա չի նշանակում, որ մենք հարեւանից փող ենք վերցրել ու երկու շաբաթ հետո պետք է հետ վերադարձնենք: Վերադարձը ժամանակացույց ունի. առաջիկա 20 տարիների ընթացքում պետք է աստիճանաբար վճարենք:
-Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նոր նախարարն իր նախորդից չափազանց վատ «ժառանգություն» է ստանալու, ինչի համար շատերը հրաժարվում են այդ «բեռից»:
-Եթե ինչ-որ կոնկրետ մարդու մասին եք ասում, որ հրաժարվում է, ապա ես կարծում եմ, որ ճիշտ է, որ հրաժարվել է, որովհետեւ, եթե մի մարդ մտածում է, թե գալիս է մի տեղ, որ պետք է վայելի, ապա դա արդեն շատ սխալ է: Ես նորից եմ կրկնում, որ ֆինանսների նախարարությունը մի համակարգ է, որտեղ անընդհատ աշխատանք կա, որտեղ պետք է անընդհատ աշխատել ու վիճակը բարելավել: Սա սեփականություն չէ, ու պետք է մարդիկ լինեն, որոնք պետք է մտածեն իրավիճակը բարելավելու մասին:
-Բայց իսկապե՞ս ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը վատ «ժառանգություն» է թողնելու:
-Այստեղ միապետություն չէ, այստեղ աշխատում են մարդիկ, մեկ անձով չէ: Ֆինանսների նախարարությունում 650-ից ավելի մարդ է աշխատում: Մենք համակարգի մասին ենք խոսում, մենք շախմատի մասին չենք խոսում, որ մեկը լավ է խաղում, մյուսը վատ: Ես կառաջարկեմ մի բան. մեկ ամիս հետո կլինի մեր ֆինանսական կառավարման գնահատականը՝ միջազգային կառույցների հետ, ու այդտեղ ամեն ինչ կտեսնեք ու կգնահատեք:

 

 

 

 
ՀԱԿ-Ը ՆԱԽԱԳԾԻՆ ԿՍՊԱՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովում ներկայացված հինգ քաղաքական ուժերի հետ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»: Հանդիպման ընթացքում քննարկվել է Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու հարցը: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հրաժարվել է հանդիպել ՀՀ վարչապետի հետ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչու նրանք չեն մասնակցել վարչապետի հրավիրած քննարկմանը:
-Պարոն Մանուկյան, կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքն ընդունվել է այն ժամանակ, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այժմ Հ. Աբրահամյանը որոշել օրենքի մեջ փոփոխություններ կատարել:
-Ճիշտ եք ասում, օրենքի նախագիծն ընդունվել է ԱԺ-ում, իսկ Սահմանադրական դատարանն էլ օրենքը հակասահմանադրական է ճանաչել, մնում է ընդամենը մեկ բան. օրենքին ուժ տալ ու այդ հակասահմանադրական դրույթները վերացնել: Թող այդ նախաձեռնությունն անեն. բերեն ու կասեցնեն օրենքը՝ գոնե դրանով վերացնելով Սահմանադրական դատարանի այն անհեթեթ որոշումը, որ դրույթները ճանաչվել են հակասահմանադրական, բայց գործում են մինչեւ սեպտեմբերի 30-ը: Եթե կարող են այդ անհեթեթ նախագիծը վերացնել, թող դա անեն, ով է իրենց խանգարում: Իսկ մեզ հետ խորհրդակցելու կարիք չկա, քանի որ մենք հստակ ասում ենք, որ պարտադիր կուտակայինը հակասահմանադրական է եւ այն անմիջապես պետք է կասեցնել: Ու ոչ թե ճանաչել հակասահմանդրական ու 6 ամիս էլ թողնել ուժի մեջ: Այդտեղ ոչ քննարկելու, եւ ոչ էլ խորհրդակցելու խնդիր գոյություն չունի: Թող իրենք այդ նախաձեռնությամբ գան խորհրդարան, դա խորհրդարանի լուծելիք խնդիրն է:
-Իսկ գուցե ՀԱԿ-ն այդ ամենի մասին ասեր հենց Հ. Աբրահամյանի հետ հանդիպման ժամանա՞կ: Ինչո՞ւ եք հրաժարվել այդ հանդիպումից:
-Դրանից մեր դիրքորոշումը չէր փոխվի, մենք շատ հստակ ստորագրել ենք Սահմանադրական դատարանի որոշման տակ՝ ամրագրելով՝ սա հակասահմանադրական է: Իրենք առաջին քայլն արեցին ու ճանաչեցին հակասահմանադրական, բայց դրան հետեւեց անբացատրելի, «հանճարեղ» լուծումը, որ այդ հակասահմանադրականը պետք է 6 ամիս գործի: Ու այդ հակասահմանադրականը գործում է, դա իրավագիտության մեջ գագաթ է, որ հայտարարում ես հակասահմանադրական, բայց ասում ես ոչինչ, թող հակասահմանադրականը մի 6 ամիս գործի, բոլորին պարտադրեն այդ գումարները մուծել, քանի որ կառավարությանը շատ փող է պետք: Սրա մասին բոլորը գիտեն, այստեղ ասելիք չկա: Եվ եթե կառավարությունը ցանկանում է նախաձեռնություն վերցնել, հերիքում է իր համարձակությունը նման խնդիր լուծելու համար, թող անմիջապես օրենքի նախագիծ բերի, որ կասեցվում է պարտադիր կուտակայինի գործունեությունը, մենք էլ քվեարկենք:
Հ. Գ. Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է. «Կուտակայինի վերաբերյալ վարչապետը ներկայացրեց իր մոտեցումը, որը նաեւ հրապարակել էր «Դեմ եմ» շարժման հետ հանդիպման ժամանակ: Քաղաքական ուժերն էլ ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: Առաջիկա երկու օրերին կլինի նախագիծը, երբ այն լինի, կկարողանանք կարծիք հայտնել»:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԿԳՆԱ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Հ. Աբրահամյանը չի ցանկանում նրա հետ աշխատել: Է. Ղազարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, եւ ոչ էլ հաստատեց տեղեկությունը, ասաց, որ հիվանդ է, մեր հարցերին չի կարող պատասխանել: Հիշեցնենք, որ 2012 թվականին Եղեգնաձորում լուրջ «փոխհրաձգություն» էր տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Էդգար Ղազարյանի միջեւ: Մարզպետը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին` ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն հետեւից կգան, դեմը կկանգնեն` կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»: Ծառուկյանն էլ հակադարձել էր. «.. ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչեւ հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել: Այս ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է` «ծիրանի ցոգոլ»: Հնարավոր է` Հ. Աբրահամյանի որոշումը պայմանավորված է հենց այս «խնամիական» հանգամանքով:

 

ՃԱՌ ԱՍԵՄ, ԹԵ ԶԱՆԳ ԿԱԽԵՄ
Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի համար յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել: Երբ նրանք պատգամավոր էին, կառավարության եզրակացությունը ստանալու համար գործադիր էին ուղարկել մի շարք օրենքների նախագծեր: Ուղեկցող նամակը ստորագրել էր ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը: Ու հիմա այսօր արդեն վարչապետ Հ.Աբրահամյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանը պետք է դրական եզրակացություն տան ու կառավարությունից ԱԺ ուղարկեն իրենց իսկ ստորագրած փաստաթղթերը: Ընդ որում, կառավարությունը ԱԺ-ին պատասխան նամակներն ուղղել է «ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին» վերտառությամբ:

 

ՀՀ-Ի  ՖԻՆԱՆՍԻՍՏԸ
Երեկ Սերժ Սարգսյանը մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակել է Հասմիկ Պողոսյանին, տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար՝ Գագիկ Բեգլարյանին: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվեց ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը: armlur.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է վերանշանակել նաեւ Հրանուշ Հակոբյանին եւ Արմեն Աշոտյանին: Իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քաղաքաշինության նախարար կնշանակվի Նարեկ Սարգսյանը, իսկ Ֆինանսների նախարարությունը եւ ՊԵԿ-ը հավանաբար կմիաձուլվեն, եւ նոր սուպեր նախարարությունը կղեկավարի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` դառնալով Հայաստանի գլխավոր ֆինանսիստը:




Լրահոս