Բելառուսի մաքսային ծառայությունները Ռուսաստանի սահմանին վերսկսել են բեռնատար ավտոտրանսպորտի զննումները. տեղեկացնում է ТАСС-ը:
Ինչպես նշել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունից, ռուսական կողմից ստուգումներ չեն իրականացվում:
Ծառայությունից հաստատել են նաև ռուս-բելառուսական սահմանը բեռնատարների կողմից հատման ժամանակ որոշակի դժվարությունների առկայության փաստը:
«Կա տեղեկատվություն նման առանձին դեպքերի մասին«,- նշել է ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գրաչը: Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ կվերսկսվի արդյոք բեռների վերահսկումը Ռուսաստանի կողմից:
Մաքսային ստուգումները դադարեցվել էին 2011 թվականին, երբ ուժի մեջ մտավ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ստորագրած Մաքսային միության պայմանագիրը։
Անցած շաբաթվա վերջին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել էր, որ Ռուսաստանից երրորդ երկրների ապրանքների ներկրման ավելացման պայմաններում հանրապետության կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ երկրի բնակչության և ապրանքարտադրողների պաշտպանության ուղղությամբ:
Ռուսական կողմը, իր հերթին, մի շարք պահանջներ է ներկայացրել Ռուսաստան ներկրվող բելառուսական գյուղապրանքների որակի վերաբերյալ: Բացի այդ՝ նոյեմբերի 30-ից սահմանափակվել է Ռուսաստանի տարածքով Ղազախստան ներկրվող ապրանքների ներմուծումը: