Չնայած նրան, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը երեկ հրավիրած ասուլիսում չբացառեց, որ դաշնակցականները կարող են պաշտոններ ստանալ:
ՀՅԴ-ն Գերագույն ժողովից հետո վերահաստատեց` իրենք մաս չեն կազմի իշխող կոալիցիային եւ կշարունակեն մնալ ընդդիմության շարքերում: Ուշագրավն այն է, որ ՀՅԴ-ն այս որոշումը կայացրել է վերջին պահին՝ Սերժ Սարգսյանի հետ մի քանի հանդիպումներից եւ կոնսուլտացիաներից հետո: Համառ պնդումներ կային այն մասին, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ չի կարողացել նախարարական մի քանի պորտֆելների հարցում գալ կոնսենսուսի եւ հենց դա է եղել կոալիցիա չկազմելու` ՀՅԴ որոշման հիմնական պատճառը: Անկախ այս ամենից պետք է արձանագրել մեկ իրողություն` ՀՀԿ-ն քաղաքական դաշտում մնացել է միայնակ, եւ անգամ ՕԵԿ-ն այլեւս չի ցանկանում հանրապետականների հետ գործ ունենալ: «Վերահաստատելով երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության դիրքորոշումը, կուսակցությունը շարունակում է իր գործունեությունն ընդդիմադիր դաշտում` փաստարկված քննադատությունը զուգակցելով այլընտրանքային, զարգացման ծրագրի ներկայացմամբ»,- ասված է ՀՅԴ Գերագույն ժողովի որոշման մեջ: Հատկանշական է, որ ընդդիմադիր համարվող այս քաղաքական ուժը, որն իր հայտարարության մեջ օրակարգային է համարում ամբողջական իշխանափոխության հարցը, օրերս բանակցում էր նոր կառավարության ձեւավորման շուրջ: Ամբողջական իշխանափոխության ձգտող կուսակցությունն արդյոք բանակցելու բան ունի՞ իշխանության հետ: Կարելի է կարծել, որ ՀՅԴ-ն սրանով սակարկում է իր իսկ հայտարարած սկզբունքները:
Ի դեպ, ամբողջական իշխանափոխության ձգտող ՀՅԴ-ն նախորդ տարի սիրահոժար կերպով ընդունեց Սերժ Սարգսյանի առաջարկած Գերմանիայում ՀՀ դեսպանի եւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնները, որոնք ստանձնեցին կարկառուն ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին ղեկավար Հրայր Կարապետյանը: Ավելորդ չէ հիշեցնել, որ Վ. Հովհաննիսյանը 2008 թվականին Սերժ Սարգսյանի դեմ էր պայքարում` ցանկանալով նախագահ դառնալ:
«Ժողովուրդ»-ը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին հիշեցնելով վերը նշվածի մասին` հարցրեց, թե ինչո՞վ է իրենց ներկայիս դիրքորոշումը պայմանավորված. «Հիմա շատ հստակ է, որ այն վիճակը, որ գոյություն ուներ հայ-թուրքական հարաբերությունների ստորագրման ժամանակ, սեպտեմբերի 3-ից հետո փոխվել է: Դուք անընդհատ դա տեսնում եք: Այսինքն՝ նույն աշխարհաքաղաքական իրավիճակը չէ, նույն արտաքին քաղաքական ուղեգիծը չէ: Ուրեմն նշանակում է, որ շատ հնարավոր է՝ արձանագրւթյունների մասով էլ տեղի ունենա վերանայում, մենք դա չենք բացառում: Նշանակում է, որ իրենց (իշխանությունների) մեջ է ինչ-որ բան փոխվում, չէ՞»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Այս համատեքստում դաշնակցական գործիչը չբացառեց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները կարող են պաշտոններ զբաղեցնել եւ դա, ըստ Արմեն Ռուստամյանի, չի հակասում կոալիցիա չմտնելու իրենց որոշմանը: «Հայաստանից հո չի գնալու ժողովուրդը: Թող ունենան հնարավորություն, անցնեն աշխատանքի, այդ թվում նաեւ բյուջետային հիմնարկություններում: Դրա մեջ ինչ վատ բան կա: Մարդիկ գործազուրկ լիեն ավելի լա՞վ է»,- նշեց Արմեն Ռուստամյանը: Իսկ ահա ասուլիսին ներկա Աղվան Վարդանյանը շտապեց վստահեցնել, որ ՀՅԴ-ի օրակարգում պաշտոնների հարց չկա:
Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՅԴ ԳՄ-ն որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Գերագույն մարմնի վերընտրված ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագորողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԳՄ նորեկներին` Պետրոս Մեղրյանին, Սամվել Երանյանին եւ Լիլիթ Գալստյանին, որոնցից երկուսը փոխարինելու են եկել կարկառուն ՀՅԴ-ականներ Սպարտակ Սեյրանյանին եւ Արսեն Համբարձումյանին: Հետաքրքրական է հատկապես վերջիններիս՝ Գերագույն մարմնում չհայտնվելու փաստը, որը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Այս կապակցությամբ Ա. Վարդանյանը պարզաբանեց.
«Մեր երկու ընկերները չեն ընտրվել իրենց ցանկությամբ, իրենք իսկապես ե՛ւ անձնական խնդիրներ, ե՛ւ որոշակի դժվարություններ ունենալով ցանկություն չհայտնեցին նորից մնալ Գերագույն մարմնում: Այստեղ որեւէ այլ բան, որեւէ այլ մեկնաբանություն խնդրում եմ մի փնտրեք, որովհետեւ անիմաստ է»,-ասաց Վարդանյանը, ով, կարծես թե, Սեյրանյանի եւ Համբարձումյանի փոխարեն ցանկացավ այս հարցը փակել: Իսկ ահա անձամբ Արսեն Համբարձումյանն ու Սպարտակ Սեյրանյանը չեն ցանկանում խոսել այս թեմայի մասին` խուսափելով լրագրողների հետ շփումներից: Նշենք, որ Արսեն Համբարձումյանը, ով մի կարճ ժամանակահատված զբաղեցրել է ՀՀ սոցապնախարարի պաշտոնը, համարվում է Աղվան Վարդանյանի մերձավորը; Իսկ ահա ԳՄ նորընտիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ով Աժ-ում չհայտնվելուց հետո, կուսակցության ներսում ներկայացնում էր ընդդիմադիր թեւը, վերջերս ընտրվելով ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, բավականին ակտիվացրեց այդ կառույցի աշխատանքը` աչքի ընկնելով առանձնապես ընդդիմադիր դիրքորոշումներով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանին, ապա չի բացառվում, որ նա՝ դուրս գալով կուսակցությունից, հայտնվի նոր կառավարությունում. ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց՝ լավ կադրային քաղաքականությունը Դաշնակցության ծրագրային դրույթներից է:
ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀՀ, ԹԵ՞ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը: Ըստ որի՝ այն օտարերկրացիները, ովքեր բնակվում են կամ բնակվել են ՌԴ տարածքում կամ նախկին ԽՍՀՄ-ում եւ ժամանակակից Ռուսաստանի սահմաններում, վարժ տիրապետում են ռուսերենին, կարող են 3 ամսվա ընթացքում հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ:
-Ի՞նչ է տալիս այս օրենքը ՌԴ-ին: Արդյոք սա լուրջ սպառնալիք չէ՞ մեր անկախությանը:
-Առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանը հաշվի չի առնում ՀՀ-ի շահը: Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանն ինքն ունենալով արտագաղթի մեծ խնդիր, միակն է գերտերություններից, որ արտագաղթի ցուցանիշները տարեկան մեկ միլիոնի են հասնում: Ընդունված օրենքով ուզում է լուծել իր ներգաղթի խնդիրը՝ ի հաշիվ նախկին ԽՍՀՄ երկրների: Հայաստանի համար դա կարող է բերել ուղղակիորեն նոր կախվածության ՌԴ-ից, քանզի այդ օրենքի ընդունումից հետո, եթե ՀՀ իշխանությունները չստեղծեն բարենպաստ պայաններ, որ ՀՀ քաղաքացին չհեռանա երկրից, ապա նրանց զգալի մասը կդառնա ՌԴ քաղաքացի: Այս փուլում սա եւս մեկ սպառնալիք է մեր ինքնիշխանությանը, հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի վարած քաղաքականությունը, երբ անտեսելով ՀՀ շահը ՌԴ-ն բացառապես հարձակողական տիպի սպառազինություն է վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին: Վերջին շրջանում ՌԴ-ի կողմից ուղղակիորեն թելադրված ՀՀ միջազգային վարքը, իհարկե, կարող է հանգեցնել Հայաստանի միջազգային մեկուսացման, ցավով եմ նշում, նաեւ Հայաստանի փաստացի գաղութացման:
-Ի՞նչ դրական կամ բացասական հետեւանքներ կունենա դա: Կբերի՞ դա ֆինանսական մեծ հոսքերի ավելացման, թե՞ հակառակը:
-Բնականաբար, ֆինանսական հոսքերի ավելացումը Հայաստանին անհրաժեշտ են, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա այս օրենքի պարագայում: Ընդհակառակը, արտագնա աշխատանքի մեկնողներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց հետ տանելու նաեւ ընտանիքը, եւ այդ կերպ ֆինանսական հոսքերն էլ կնվազեն:
-Մարդիկ հակված են ժամանակավորապես աշխատելո՞ւ, թե՞ արտագաղթելու:
-Եթե մինչ այս պահը շատ շատերը հաշվի առնելով ընտանիքների համատեղության խնդիրը վերադառնում էին Հայաստան, ապա շատ հավանական է, որ այս օրենքի ընդունումից հետո ՌԴ կտեղափոխվեն ընտանիքներով: Այս օրենքը փաստացի նպաստում է արտագաղթին:
-Այսինքն՝ այս օրինագծի կիրառումը կազդի՞ արտագաղթի թվի ավելացման վրա:
Անշուշտ, այն էլ շեշտակի: ՀՀ իշխանություններն էլ պետք է այս ամենից հետեւություններ անեն եւ գործեն ի շահ ՀՀ-ի եւ ՀՀ քաղաքացու, ստեղծեն այնպիսի պայմաններ, որպեսզի Հայաստանը չհայաթափվի, հակառակ դեպքում մենք կանգնելու ենք շատ լուրջ խնդիրների առջեւ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԻՑ
Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Հայաստանի բնակչությունը առեւտրային բանկերի միջոցով արտերկրից ոչ առեւտրային նպատակներով ստացել է շուրջ 205,1 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու տարում Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 80%-ը (164,0 մլն ԱՄՆ դոլար) բաժին է ընկել Ռուսաստանին: ԱՄՆ-ից ստացվել են 13,2 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝ 2,59 մլն ԱՄՆ դոլարի, Գերմանիայից՝ 2,57 մլն ԱՄՆ դոլարի: Ֆրանսիայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 2,3 մլն ԱՄՆ դոլար, Ուկրաինայից՝ 2,2 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2013 թվականին տրանսֆերտները կազմել էին 1 մլրդ 869,7 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշն աճել էր շուրջ 11%-ով: Հաշվետու տարում Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 95%-ը բաժին էր ընկել 10 երկրի՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄԷ, Իսպանիա, Թուրքիա, Չինաստան:
ԵՊՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
ԵՊՀ անվտանգության համակարգի աշխատակիցները, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց վրա դրված՝ բուհ-ի անվտանգությունն ապահովելու բոլոր պարտականությունները, այս տարվա մայիսի 1-ից դառնալու են գործազուրկ: Այդ մասին նշվում է բուհ-ի անվտանգության մի խումբ աշխատակիցների տարածած հայտարարության մեջ: «Խնդիրը նրանում է, որ ԵՊՀ-ում որոշում է կայացվել մասնավորեցնել բուհ-ի անվտանգության համակարգը, որի արդյունքում բուհ-ի անվտանգությունը կվստահվի ինչ-որ մասնավոր ընկերության, իսկ մենք՝ ԵՊՀ անվտանգության ներկայիս աշխատակիցներս, մնալու ենք առանց մեր աշխատանքի՝ որով մի կերպ պահում ենք մեր ընտանիքները, դառնալով գործազուրկ: Ի դեպ, մեզ արդեն տրվել են համապատասխան ծանուցումներ բուհ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի ստորագրությամբ եւ բուհ-ի կնիքով, որով մեզ պաշտոնապես ծանուցվում է, որ մենք՝ ԵՊՀ անվտանգության համակարգի ավելի քան 70 աշխատակիցներս, մայիսի 1-ից դառնալու ենք գործազուրկ: Եթե այսօր մեր աշխատավարձը կազմում է միջինը 80.000 դրամ, ապա ԵՊՀ-ի անվտանգության համակարգի մասնավորեցումից հետո մեզ առաջարկվում է շարունակել աշխատել բուհ-ում, սակայն արդեն ընդամենը 55.000-60.000 դրամ աշխատավարձով: Սակայն նույնիսկ նման պայմաններում աշխատելու համար էլ պահանջվում է համապատասխան սերտիֆիկատ ստանալ նույն մասնավոր ընկերությունից, որը ստանձնելու է ԵՊՀ-ի անվտանգության ապահովումը, որի համար, իր հերթին, մեզանից յուրաքանչյուրը պետք է վճարի 25 000 դրամ: Մասնավորեցումից հետո չի լինելու նաեւ 13-րդ աշխատավարձ, իսկ արձակուրդները լինելու են մեր հաշվին: Խնդրում եւ պահանջում ենք կասեցնել այս գործընթացը եւ թույլ չտալ ՀՀ-ում առկա գործազուրկների՝ առանց այն էլ ստվար բանակը համալրել եւս 70 հոգով»,-նշել են հայտարարության հեղինակները: