ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում

Այն, որ քաղաքապետարանի կողմից տեղադրված էլեկտրոնային չվացուցակներից շատերը չեն գործում, նորություն չէ: Բայց ուշագրավն այս դեպքում այն է, որ դրանք հակառակ են փակցվել: Եվ հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի գործելաոճն ու «աշխատասիրությունը»` զարմանալ բոլորովին պետք չէ:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունից արտերկիր գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու համար:

Մինաս Ասլանյան (46 տարեկան, անասնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու համար անհրաժեշտ է ունենալ անասնաբուժական վկայական՝ տրված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, որի համար ցանկալի է նախօրոք ծառայություն ներկայացնել դիմում՝ կից ներկայացնելով ընդունող երկրի կողմից գրավոր թույլտվություն եւ արտահանվող կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ, օրինակ, 2010 թվականի ընթացքում Սեւանա լճից արտահանվել է 407.76 տոննա սիբիրյան թառափ եւ 270.32 տոննա խեցգետին՝ 13.5 միլիոն դրամ բնօգտագործման վճարով, ինչպես նաեւ հանրապետության տարբեր լճերից եւ գետերից 347.6 տոննա խեցգետնի ու ձկան պաշարներ՝ ինչի համար գանձվել է 18.15 մլն դրամ բնօգտագործման վճար:

 

 

 
ՀԱՐՑ. Ես որոշ ժամանակ առաջ ընկերուհուս վերցրած վարկին երաշխավոր եմ կանգնել: Բայց հետագայում պարզվեց, որ այդ տրամադրված վարկն անօրինական է եւ հիմա դա համարվում է ժամկետանց: Խնդրում եմ ասեք, ում կարող եմ բողոքել կամ ինչպես դուրս գալ այս պատմությունից:

Աննա Նիկողոսյան (32 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ եւ պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ: Օրենքում հաճախորդ եզրույթը օգտագործվում է հետեւյալ իմաստով` ֆիզիկական անձ, որն օգտվում է Կազմակերպության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար: ՀՀ քաղ. oր. 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Այսինքն՝ երաշխավորը չի հանդիսանում հաճախորդ: Տվյալ իրավիճակում դուք որպես երաշխավոր պարտավորվել եք պատասխանատվություն կրել բանկի առջեւ վարկառուի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Քանի որ դուք չեք հանդիսանում հաճախորդ, հետեւաբար ձեր պահանջը ենթակա չէ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության, սակայն, եթե Դուք կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են, կարող եք դատական կարգով դիմել պաշտպանության կամ բանկի համաձայնության դեպքում` դադարել երաշխավոր լինելուց:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկային նման քաշքշուկների մեջ չհայտնվելու համար պետք է յուրաքանչյուր փաստաթուղթ մանրակրկիտ ուսումնասիրել, որից հետո միայն համաձայնել գործարքի իրականացմանն ու փաստաթղթերի ստորագրմանը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ տուգանք է կիրառվում վարձու աշխատողների, նրանց հավասարեցված անձանց եկամուտների մասին տեղեկությունը չներկայացնելու դեպքում, եթե գործատուն սոցվճարներ չի կատարում:

Սամվել Պողոսյան (42 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30 մայիսի 2005թ. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով, որոնց համաձայն, եթե օրենքներով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձեւով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելորդ 25.000-ական դրամներ չվատնելու համար հարկ է գործել միմիայն օրենքի սահմաններում:




Լրահոս