ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԵԼ Է ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը, երբ ՀՀԿ խորհրդի նիստում շնորհակալություն էր հայտնել վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Տիգրան Սարգսյանին` «բոլոր այն էական ձեռքբերումների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավարության կողմից», շատերն այն կարծիքին էին, որ դա արվեց զուտ արարողակարգային նկատառումներից ելնելով: Այլապես, առնվազը տարօրինակ է, թե Տիգրան Սարգսյանի որ ձեռքբերումների համար, թեկուզ եւ ձեւի համար, արժեր նրան շնորհակալություն հայտնել: Քանի որ, միայն այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ամփոփիչ ցուցանիշները բոլորովին այլ բանի մասին են խոսում. Տիգրան Սարգյանի կառավարությունը, եթե էական ձեռքբերումներ է գրանցել, ապա` միայն ձախողումների ու անկումների բնագավառում:

Եվ այսպես, ըստ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 3.3 տոկոս տնտեսական աճ: Հատկանշականն այն է, որ կառավարությունը 2014թ. պետական բյուջեի նախագծում այս տարվա համար տնտեսական աճը նախատեսել էր 5.2 տոկոս: Ու հիմա ստացվում է, որ գրանցված ցուցանիշը զգալիորեն պակաս է նախատեսվածից: Ընդ որում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, տնտեսական ակտիվության ցուցանիշն իրականում եղել է շատ ավելի քիչ` 2.5 տոկոս, սակայն իշխանությունները վերահաշվարկ են արել եւ այն ավելացրել` դարձնելով 3.3 տոկոս: Իսկ ինչի՞ հաշվին է իշխանությունը ապահովել աճը: Բնականաբար` թվանկարչության:

Վագրային թռիչքներով
«Ծանր հրետանին», որը պետք է տնտեսական աճի հիմնական ցուցանիշներն ապահովվեր, արդյունաբերությունն է: Այնինչ, մեզանում արդյունաբերական արտադրանքի ծավալները հետեւողականորեն նվազում են. այս տարի այն կազմել է 2.8 տոկոս: Սա, ի դեպ, աննախադեպ երեւույթ է, քանի որ արդյունաբերության բնագավառում վերջին տարիներին նման անկում չէր գրանցվել: Շարունակում է հետեւողականորեն նվազել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը` 5.5 տոկոսով, իսկ ահա նախորդ տարի այդ անկումը 0.7 տոկոս էր: Փոխարենը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել են շինարարության ծավալները` 0.7 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները` միանգամից 5.2 տոկոսով: Այն, որ այս ցուցանիշը «նկարվել է», ցույց են տալիս նախորդ տարիների նույն ժամանակահատվածի տվյալները` այստեղ նախկինում աճը 2-3 տոկոսից ավելի չի եղել, ու հիմա 5.2 տոկոս աճը տարակուսանք է հարուցում: Ի դեպ, հայտնի փաստ է, որ տարվա առաջին երեք ամիսներին հիմնականում իրացվում է ջերմոցներում աճեցրած բանջարեղենը: Միայն թե, դեռ նախորդ տարվա նոյեմբերից ջերմոցային տնտեսությունները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ. գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով շատ ջերմոցներ պարզապես փակվեցին: Այնպես որ, փաստերը հակառակի մասին են վկայում:

Աղա, բալը թանկ էր
Հայաստանում շարունակվել է նաեւ գնաճը. այս տարի այն կազմել է 4.6 տոկոս: Իսկ միայն 2010թ. համեմատ, գնաճը կազմել է 20.2 տոկոս: Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարի եղել է նաեւ աշխատավարձերի բարձրացում. միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 6.6 տոկոսով: Կարծես թե առաջին անգամն է, երբ աշխատավարձերի բարձրացումը գերազանցել է գնաճը: Բայց մասնագետների պնդմամբ, այս ցուցանիշը եւս թվանկարչության հետեւանք է. բանն այն է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման պատճառով գործատուներից շատերը որոշեցին բարձրացնել աշխատավարձերը, որպեսզի այդ պահումները չարվեն մարդկանց եկամուտներից: Ասել է թե` զուտ փաստաթղթերով, աշխատավարձերի բարձրացում, այո, տեղի է ունեցել, բայց մարդկանց գրպանի վրա դա որեւէ ազդեցություն չի թողել: Եվս մեկ կարեւոր հանգամանք. այս տարվա հունվարի 1-ից բարձրացվել է քաղծառայողների բազային աշխատավարձը, որը, սակայն, վերաբերվել է շատ քիչ ծառայողների: Կրկին` փաստաթղթերով կարծես թե ամեն ինչ նորմալ է, իսկ ահա իրականում` մարդկանց կենսամակարդակի վրա այդ ամենի հետեւանքները չեն զգացվում:

Երբ նվազում է արտաքին առեւտուրը
Առաջին եռամսյակի կարեւոր ցուցանիշներից մեկն էլ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը. այստեղ արձանագրվել է 0.6 տոկոս աճ: Այս տարի արտահանման ծավալներն ավելացել են 1.8, իսկ ներկրմանը` 0.2 տոկոսով: Միայն թե, այստեղ հաշվի չի առնված մեկ կարեւոր փաստ` դոլարային գնաճը: Եվ եթե այս ցուցանիշները համեմատում ենք` հաշվի առնելով դոլարի արժույթի փոփոխությունները, ապա ստացվում է` աճ իրականում չի եղել:
Փաստորեն, Տիգրան Սարգսյանն ընդամենը զբաղվել է թվանկարչությամբ եւ հիմա «տնտեսական ալբոմ» է հանձնում Հովիկ Աբրահամյանին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՂԵԿԱՎԱՐ ՉԿԱ
ՀՀԿ-ում ղեկավար պաշտոններում կադրային նշանակման ճգնաժամ է: Բանն այն է, որ եթե Գալուստ Սահակյանն առաջիկայում դառնա ԱԺ նախագահ, ապա ՀՀԿ-ում չգիտեն, թե ում նշանակեն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար: Համենայնդեպս, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, այս օրերին ՀՀԿ-ում այս առումով ուղղակի քաոս է: Ընդ որում, ինչպես նշեց մեր աղբյուրը, Գալուստ Սահակյանին էլ «լավ օրից չէ», որ ցանկանում են ԱԺ նախագահ դարձնել: Պարզապես ուրիշ հարմար թեկնածու չունեն, հատկապես` Դավիթ Հարությունյանի` կառավարություն գնալուց, եւ Կարեն Կարապետյանի` ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո: Շատերի մոտ ներքին համոզմունք կա, որ հատկապես այս խորհրդարանը ժամանակավոր է, եւ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում: ԱԺ նախագահի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածության մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, թե իրենց մոտ դեռ քննարկումներ չեն եղել:

 

ՉԱՐԱԽՆԴԱԼԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում նախկին նախագահը Աբրահամյանին բնութագրել է որպես «տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ» եւ անկեղծորեն հաջողություն մաղթել: Ի պատասխան` Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել, սակայն շտապել է հաճոյանալ ներկա «շեֆին»՝ հակադարձելով Ս. Սարգսյանի նախաձեռնած ՍԴ բարեփոխումների շուրջ նախկին «շեֆի» քննադատությանը. «Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պարոն Քոչարյանի դիտարկումները: Ակնհայտ է, որ մեր երկրի առջեւ ծառացած մի շարք կարեւորագույն խնդիրների արդյունավետ լուծումները պայմանավորված են Սահմանադրության փոփոխությամբ»,- շեշտել է Աբրահամյանը: Նա նաեւ պատասխանել է Ռ. Քոչարյանի՝ Ս. Սարգսյանի հետ բանավիճելու ցանկություն չունենալու եւ վերջինիս սուբյեկտիվ զգացումների մասին հայտարարությանը. «Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»,-Քոչարյանի այս խոսքերին ի պատասխան` Աբրահամյանն ասել է. «Ինչ վերաբերում է իշխանությունների գործունեության արդյունքների գնահատականին, ապա այն տալու է ժամանակը, որն օբյեկտիվ է, լայն տեսնել գիտի ու զերծ է չարախնդությունից»:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք նիստի օրակարգի հիմնական հարցը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է: Այդ մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայության ղեկավար Վալերի Պետրովը: Հարցին՝ կստորագրի՞ արդյոք Հայաստանը ՄՄ-ին միանալու մասին որեւէ փաստաթուղթ Մինսկում, պաշտոնյան հրաժարվել է պատասխանել՝ միայն նշելով. «Հանդիպման նախօրեին մենք կներկայացնենք օրակարգը»:

 

ՁՎԵՐԻ ԽԱՉԻԿԻ ՁՎԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ից գողություն կատարելու մասին: Պարզվել է, որ ֆաբրիկայի անվտանգության հերթափոխի պետ Աշոտ Մ.-ն եւ նույն հերթափոխի աշխատակից Սուրենը Արտակ Գ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ֆաբրիկայից գողացել են մեծ քանակությամբ ձու, որի մի մասը վաճառել են Դավիթաշեն թաղամասում , իսկ մյուս մասը` Արարատի մարզի Գետափ գյուղի 10-րդ փողոցի մի բնակչի: Կատարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ «ԵԹՖ»-ի սեփականատերը հայտնի Ձվերի Խաչիկն է, որի բիզնեսում նման կասկածահարույց դեպքերը եզակի չեն:

 

ՍԳՈ ԵՐԹ
Ապրիլի 24-ին` ժամը 12-ին, Հայ Ազգային Կոնգրեսը Սարյան պուրակից կանցկացնի սգո երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կուսակցությունը հարգանքի տուրք կմատուցի 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑՈՎ
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Հերթական հանդիպումը «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչների հետ է եղել: Կողմերը վերահաստատել են, որ երկու քաղաքական ուժերի մոտեցումները նույնն են եւ սկզբունքային տարբերություններ նրանց միջեւ չկան»,- ասված է ԲՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը հանդիսանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ: Ստացվում է` ԲՀԿ առաջնորդը հանդիպել է իր իսկ խմբակցության հետ, ինչի մասին, սակայն, նման խրոխտ հաղորդագրություն է տարածվել: Չի բացառվում, որ Ծառուկյանի հաջորդ հանդիպումն էլ լինի Վարդան Օսկանյանի հետ, որի արդյունքում հաղորդագրություն տարածվի ԲՀԿ-ի եւ «Սիվիլիթաս»-ի միջեւ դիրքորոշումների միասնականության մասին:

 

ԵՎՍ ՄԵԿԸ ԼՔԵՑ
NEWS.am-ի փոխանցմամբ` Կոտայքի փոխմարզպետ Ալբերտ Ղազարյանը ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Հարցին, թե ինչը ստիպեց իրեն լքել կուսակցությունը, փոխմարզպետը պատասխանել է. «Հարցը աշխատանքին մնալու կարեւորությունը չէր, պարզապես ես ինձ չեմ պատկերացնում ընդդիմությունում: Երկրորդը` շատ անսպասելի որոշում էր, եւ ես, համենայնդեպս, իմ հետագա գործունեությունը չեմ պատկերացնում ընդդիմության շարքերում»:

 

ՀՐԱԺԵՇՏ
Հրանտ Վարդանյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր` ապրիլի 23-ին, ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նրա աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը ցավակցում է Վարդանյանների ընտանիքին. մենք կորցրինք լավ գործարարի, մեծ արտադրողի եւ իսկական հայի:




Լրահոս