17 ՌՈՒԲԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐԿՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը: Թե ինչպիսի ազդեցություն կունենա այն Հայաստանից մարդկանց արտահոսքի առումով` թերեւս դժվար չէ կանխատեսել: Իսկ մինչ այդ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ, ովքեր մշտապես արտագնա աշխատանքի են մեկնել, այս տարի տարբեր մանր խնդիրների պատճառով զրկվել են մի կտոր հաց վաստակելու այդ ճանապարհից: Նկատենք, որ այս պատկերը ոչ միայն Գեղարքունիքում է, այլեւ` ՀՀ մյուս մարզերում:

Ըստ նոր օրինագծի՝ այն օտարերկրացիները կամ նրանց հարազատները, ովքեր բնակվում են կամ բնակվել են ՌԴ տարածքում կամ նախկին ԽՍՀՄ-ում եւ Ռուսական կայսրության տարածքում (ժամանակակից Ռուսաստանի սահմաններում), վարժ տիրապետում են ռուսերենին, կարող են հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում: Հատուկ հանձնաժողովի կողմից հարցազրույցի միջոցով ստուգվելու է օտարերկրացիների ռուսերենի իմացությունը: Ի դեպ, պարտադիր պայման է այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը, իսկ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը պետք է բնակվի Ռուսաստանում:
Մինչ ՌԴ նախագահը պատրաստվում էր ստորագրել այս օրինագիծը, օրեր առաջ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ, ովքեր մշտապես մեկնել են ՌԴ` արտագնա աշխատանքի, բողոքի ակցիա են կազմակերպել եւ փորձել ճանապարհը փակել:
Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց ակցիայի շարժառիթները. «Պատճառները բազմաթիվ են. այնտեղ մեկը չի գրանցվել, մյուսն աշխատանքային համապատասխան թույլտվություն չի ունեցել, մեկը մեքենա վարելիս ինչ- որ խախտում է արել եւ չի վճարել դրա տույժն ու տուգանքը: Բոլորի հետ զրուցել եմ ու վստահեցնում եմ ձեզ, որ նրանք լուրջ հանցանք չեն կատարել: Բայց, ամեն դեպքում, պետք է մարդիկ այդ երկրի օրենքներով շարժվեին, չեն ենթարկվել: Չեն իմացել, ընկել են թյուրիմացության մեջ, ինչի պատճառով էլ հայտնվել են տհաճ եւ անելանելի վիճակում»:
Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ մարզպետարանից պահանջել են ներկայացնել արտագնա աշխատանքի մեկնածների թույլ տված խախտումների ցուցակը: «Տեսնենք, կարո՞ղ է մարզպետն այս հարցին ինչ-որ լուծոմ տալ, թե՞ ոչ: Կան մարդիկ, ովքեր նույնիսկ ընտանիքի անդամներով են գնում ու ամիսներ անց հետ գալիս: Չեն կարող առանց այդ աշխատանքի, չէ որ իրենց բերած գումարից օգտվում են նաեւ մյուսները: Այս խնդիրը լուծելու հարցում մենք բոլորս էլ պետք է շահագրգռված լինենք»,-ասաց համայնքի ղեկավարը: Նրա տեղեկացմամբ` դժգոհող քաղաքացիների հետ հանդիպել եւ զրուցել է նաեւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ինքը` Գեղարքունիքի մարզպետը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անճշտություններ կան, ինչի համար էլ փորձում են օգնել մարդկանց:
Իսկ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի տվյալներով, այս պահին 35 հազար ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ արգելված է: «Նրանք ՌԴ-ի օրենսդրությունը խախտած քաղաքացիներ են եւ իրենք են որոշել, որ նման կանոնների խախտման դեպքում այդպիսի միջոց կիրառեն: Դա առանձին պետության որոշման հարցն է: Իրենց ինքնիշխան իրավունքի հարցն է»,- ասաց Եգանյանը:
Կարո Միսակյանը տասը տարուց ավելի է, ինչ մեկնում է ՌԴ` արտագնա աշխատանքի: Նա արդեն պարզել է, թե իրեն ինչու են երկու տարով արգելել մուտք գործել ՌԴ. «Անցյալ տարի ես ունեի այնտեղ ապրելու մեկ տարվա գրանցում, եւ գործերի բերումով այնպես ստացվեց, որ գրանցման ժամկետն արդեն լրացել էր ու ես ստիպված մի ամիս ավելի մնացի: Բայց դրա համար, իհարկե, 1000 ռուբլի վճարեցի: Այնտեղ ապրող իմ հարազատները փոխանցեցին, որ կարող եմ գնալ դիմում գրել եւ վճարածս գումարը հետ կտան: Բայց հիմա չեմ կարողանում գնալ ու իմ խնդիրները լուծել: Որդիս այնտեղ է, նրան օգնել է հարկավոր»:
Նշենք, որ կան մարդիկ, ովքեր տոմսերը վաղուց գնել են, բայց ՌԴ-ում ապրող իրենց ծանոթները հետաքրքրվել եւ պարզել են, որ նրանց մուտքը նույնպես ժամանակավորապես արգելված է:
Դժգոհող քաղաքացիներից մեկը` 32-ամյա Գեւորգը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ մեքենան սխալ կայանելու եւ դրա հետ կապված այլ խախտումների համար տուգանվել է: Նա այդ տուգանքները վճարել է, ավելին` ունի նաեւ դա հաստատող կտրոնները: Սակայն, չգիտես ինչու, Գեւորգին նույնպես արգելված է երկու տարի ժամկետով մուտք գործել ՌԴ տարածք:
Իսկ ամենաարտառոց դեպքն այն է, որ քաղաքացիներից մեկը ՌԴ-ում աշխատելու ամիսներին օգտագործելով հեռախոս, պարտք է մնացել 16-17 ռուբլի, ինչի համար էլ նրան արգելել են ՌԴ մուտք գործել: «Այնքան թյուրիմացություններ կան, չեք պատկերացնի, թե ինչքան նման թեթեւ խախտումների պատճառով են մեզ զրկում մի կտոր հաց վաստակելուց: Այ մարդ, հետ կանչեք, այդ 17 ռուբլին ի՞նչ է, կվճարենք»,- վրդովված նկատեց քաղաքացին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՎ ԿԴԱՌՆԱ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Քանի դեռ կառավարության վերջնական կազմը ձեւավորված չէ, մամուլում եւ հանրության շրջանում շարունակվում են քննարկումները նախարարական այս կամ այն աթոռի հավակնորդների շուրջ:

Ինչ վերաբերում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին, ապա շատերի համոզմամբ` հայկական սպորտի լեգենդներից մեկը՝ ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, նախարարի պաշտոնակատար Յուրիկ Վարդանյանը, լքելու է աթոռը։ Նախարարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրը տեղեկացրեց, որ արդեն հայտնի է նոր նախարարի անունը, ու թեեւ այն չնշեց, սակայն ընդգծեց, որ նոր նախարարը «սպորտին մոտ կանգնած, շատ կուլտուրական մարդ է»։ Այս բնութագիրը մեզ հիշեցրեց գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանին։
Երեկ էլ, որպես նախարարի հավանական թեկնածու, շրջանառվում էր ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը, ով նաեւ ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահն է: Չի բացառվում, որ նա էլ, Հրաչիկ Ռոստոմյանի պես, նշանակումից առաջ ձեւականորեն հրաժարվի կուսակցության անդամությունից։ Իհարկե, նրանցից որեւէ մեկը չի ցանկանում մեկնաբանել այդ խոսակցությունները։
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ Յուրի Վարդանյանն իր մերձավոր շրջապատում հայտարարում է, որ իր համար միեւնույն է՝ կվերանշանակվի՞, թե՞ ոչ, որովհետեւ «չվերանշանակվելու դեպքում ինքը դառնալու է ՀԱՕԿ նախագահ»: Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտին Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում: Եվ նա պաշտոնավարելու է եւս երեք տարի: Ինչպես հաստատեցին ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, ՀԱՕԿ նախագահի ընտրությունը կայանում է չորս տարին մեկ՝ հերթական օլիմպիական խաղերի ավարտից հետո՝ հաջորդ տարվա սկզբին։ Այնպես որ, եթե որեւէ արտառոց բան տեղի չունենա, հաջորդ ընտրությունը կկայանա 2016 թվականին Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի ավարտից հետո՝ 2017 թվականի գարնանը։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

ԿՅԱՆՔԸ  ՎՏԱՆԳԵԼՈՎ
Վաղ առավոտ է, անձրեւ է մաղում: Նոյեմբերյան քաղաքի ավտոկայարանի մոտ, հարթակի պատին դրված են ծառի սունկ, ծնեբեկ եւ շուշան: Սունկի կիլոգրամի գինը 1300 դրամ է, ծնեբեկի կապը՝ 500 , շուշանի կապը՝ 250 դրամ: Վաճառողները երկուսն են՝ Բերդավանի բնակչուհի Սեդա Խանաղյանը եւ Նոյեմբերյան քաղաքից մի երիտասարդ: Տիկին Սեդան զրույցի ժամանակ դժգոհում է, որ Նոյեմբերյան քաղաքում գյուղատնտեսական շուկա չկա եւ իրենք ստիպված են անձրեւի տակ կանգնել: Նրա խոսքերով՝ ինքն այդ մասին հայտնում է ոստիկաններին, երբ օրենքի պահապանները հիշեցնում են փողոցային առեւտրի անթույլատրելիության մասին: Ս. Խանաղյանը կենսաթոշակառու է, որդին անառողջ է, ասթմայով է տառապում: Տարեց կինն էլ ստիպված խոտաբույսեր է հավաքում, վաճառում, որ ընտանիքի կոմունալ վճարները հոգա: Տիկին Սեդան ասում է, որ ապրիլի 15-ին Բերդավան գյուղի սահմանամերձ Գոգվելի հանդամասում ականի պայթյունից մահացած, Բերդավանի 56-ամյա բնակիչ Ռաֆիկ Մուղդուսյանը եւս ծնեբեկ էր հավաքում՝ վաճառելու, իր ընտանիքի հոգսերը հոգալու համար: Ռաֆիկը ծնեբեկ հավաքելու համար մտել էր ականապատ դաշտ: Նրա հետ ծնեբեկ քաղելու գնացած խնամին՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի 49-ամյա բնակիչ Գաբրիել Բաբիկյանը նույն ականի պայթյունից վիրավորվել էր եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Դե որ Հայաստանում աշխատանք չկա, մարդիկ ստիպված են այս գործով զբաղվել, իրենց կյանքը վտանգել»,-ափսոսանքով նշեց բույսեր հավաքելով մի կտոր հացի գումար աշխատող կինը:

 

ԿԵՂՏԻ ԵՎ ՓՈՇՈՒ ՄԵՋ
Իջեւան քաղաքի կենտրոնում, շուկայի դիմաց գտնվող մսի վաճառքի տաղավարների առաջ, հենց մայթի վրա կախված են մսի մեծ կտորներ: Այդ հատվածում երթեւեկող մեքենաներն այնքան շատ են, որ անընդհատ երթեւեկության խցանումներ են առաջանում: Ցածր արագությամբ անցնող ավտոմեքենաներն ավելի շատ վառելիք են ծախսում: Իսկ դրանց արտանետած գազերը, կապարը եւ այլ ծանր մետաղները նստում են բացօթյա վաճառվող մսի վրա: Դրան էլ գումարվում է փողոցի փոշին: Հայտնի է, որ օգտագործելուց առաջ սովորաբար միսը չեն լվանում: Տավուշի մարզկենտրոն Իջեւանի ամենաբանուկ մասից գնված, ծանր մետաղներով եւ թունավոր նյութերով հագեցած միսը հայտնվում է մարդկանց խոհանոցում: Հարց է ծագում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը չի՞ տեսնում տարիներ շարունակ առկա այդ հակասանիտարական երեւույթը: Եթե տեսնում է, ինչո՞ւ համապատասխան միջոցներ չի ձեռնարկում: Նշենք նաեւ, որ Իջեւանում եւ Տավուշի մարզի այլ քաղաքներում հաճախ գետնի վրա, ցեխի ու փոշու մեջ գյուղատնտեսական տարբեր մթերքներ են վաճառվում: Սակայն սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցներն այս դեպքում եւս անգործության են մատնված:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս