ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված երգիչ, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը կյանքում տեղի ունեցող փոփոխությունները համեմատում է մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Եթե մարդուն ինչ-որ բան է պատահում, ու ստիպված են լինում վիրահատական միջամտությամբ փոխել նրա որեւէ օրգանը, դրանով կարող են պարզապես մարդու կյանքի ինչ-որ փուլ հետաձգել։ Ոչ ավելին։ «Բայց, որպեսզի մարդն իրեն զգա այնպես, ինչպես մոր արգանդից ծնված ժամանակ, շատ անհրաժեշտ է, որ օրգանը իրենը, սեփականը լինի»,-հավելեց երգիչը։ Իսկ մեր զրույցը նրա հետ սկսվեց այն հարցից, թե վարչապետի փոփոխությամբ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի՞։

-Սեփական օրգան ասելով նկատի ունեմ ազգային ավանդական արժեքները։ Առաջնորդը պետք է լինի այն անձնավորությունը, որն իր մեջ կրում է ժողովրդի բարձրագույն արժեքները։ Իսկ, առհասարակ, անձերի հետ կապված խնդիր չունեմ. մեկը մի քիչ լավն է, մյուսը՝ մի քիչ վատը, մեկն աշխատասեր է, մյուսը՝ ծույլ, մեկը ազնիվ է, մյուսը՝ կաշառակեր… Եվ դրա դեմ ոչինչ անել չես կարող. դա հասարակությունն է, եւ նույնիսկ հարազատ արյունակիցներն են տարբեր։ Ես ժամանակ առ ժամանակ հրավիրվում եմ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը մասնակցելու եւ այնպիսի բաների եմ ականատես լինում, այնպիսի բաների… Ես միշտ մտածել եմ, որ ցանկացած, այդ թվում՝ մեր ժողովրդի մեջ կան բացասական հատկանիշներ ունեցողներ, բայց չէի կարող երբեւէ պատկերացնել, որ այդ աստիճանի ամեն ինչ վատ է։ Մի պուճուրիկ հողակտորի համար ծնողը զավակին է ուրանում, զավակը՝ ծնողին, եղբայրը՝ քրոջը, արյունակից մարդիկ մոռանում են հարազատության սրբությունը, արյունը։ Մեզանից այսօր վերցրել են արժեք կոչվածը, որը մարդուն մարդ էր պահում, այսինքն՝ սերը հայրենիքի, հարազատի, քաղաքի, պետության, հող ու ջրի նկատմամբ։
-Ո՞վ է վերցրել, ո՞վ է այդ ամենի մեղավորը։
-Առանց որեւէ բացառության մեղավոր ենք յուրաքանչյուրս՝ սկսած մեր տներից, օջախներից։ Մեղավոր ենք այնքանով, որ մեր զավակներին թողեցինք ինքնահոսի, մտածեցինք, որ եթե արժեքներ փոխանցենք նրանց, ապա նրանք չեն կարողանա այս նոր իրավիճակին համակերպվել, ապրել, գոյատեւել։ Մենք ուրացանք սրբագույնը, որը մեզանից յուրաքանչյուրի մեջ պիտի պահպանվեր անկախ ամեն ինչից, դա այն ավանդական մտածողությունն է, սերը, ոգին, որ միշտ մենք հայկական ենք կոչել ու դրանով հպարտացել։ Այ, հենց դա է բոլորիս մեղավորությունը։ Այսօր մենք պտտվում ենք, պտտվում, խոսում, խոսում (իհարկե, ցավոք սրտի, լսող, հաշվի առնող չկա), բայց որեւէ ելք չենք կարողանում գտնել: Այնքան ենք ինքներս մեզ խճճել այս ամենի մեջ, որ այսօր հասարակ, սովորական, էժանագին մի բան մեզ համար ավելին կարող է արժենալ, քան այն, որ իրականում մեծ արժեք պիտի լիներ բոլորիս համար։ Մենք մեր հոգու, մեր խղճի մեջ ուրանում ենք ինքներս մեզ՝ մեր ապագայի հետ կապված ինչ-որ մի բան ընտրելով, ընտանիքներում բացթողումներ թույլ տալով։ Ես միշտ պետությունը համեմատում եմ ընտանիքի հետ։
-Այսինքն՝ ընտանիքը, կարելի է ասել, պետության յուրահատուկ մոդե՞լ է։
-Իհարկե, եւ հենց այդ «փոքր պետություններն» են, մեկը մյուսին գումարվելով, դառնում կամ հզոր, կամ, հակառակը, թույլ պետություն։ Եթե ընտանիքի գլուխը՝ հայրը, իր բացասական կերպարով ու չունեցած արժեքներով երեխա է դաստիարակում, ի՞նչ պիտի ստացվի այդ երեխայից։ Նույնն էլ պետության դեպքում է։ Եթե մեկն ինձ հանձնարարի ղեկավարել մի հարյուր մարդու, որոնցից, ասենք, մի տասնհինգ-քսանը խելացի կլինեն, ու ես գոնե հավասարը հավասարի պես չլինեմ այդ խելացիների մեջ, երբեք չեմ համաձայնվի լինել նրանց առաջնորդը։

 

 

 

 

«ԵՐԲ ԻՆՔԸ ՉԿԱ, ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՏ Է»

«Պարալլելս Ֆիլմ» կինոարտադրության հիմնադիր տնօրեն, «Լուսավոր շրջան», «Փասիանի որսորդը», «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմերի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը հայտարարել է ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի նովելների մոտիվներով նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը Ազգային կինոյի «Հայակ-2014» մրցանակաբաշխության նոմինացված ֆիլմերի ցանկից հետ կանչելու եւ ժյուրիին անվստահություն հայտնելու մասին:

Նա իր այդ քայլը պայմանավորել է այն հանգամանքով, որ «Հայակ- 2014»-ի մրցանակաբաշխությունը «չի համապատասխանում «Ազգային ակադեմիական կինոմրցանակաբաշխության» միջազգայնորեն ընդունված չափանիշներին, իսկ մրցանակաբաշխության ժյուրիի թարմացված կազմը չի կարող հավակնել կինոյի ոլորտում մասնագիտական չափորոշիչներ սահմանելու առաքելությանը` ժյուրիի կազմում կինոարվեստում կարեւորագույն համարվող մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչների ներգրավված չլինելու պատճառով»։ Մասնավորապես, ըստ նրա, չկա օպերատոր, հնչունային ռեժիսոր, մոնտաժի, հագուստների, գրիմի, լույսի, հատուկ կինեմատոգրաֆիական էֆեկտների մասնագետ: Ռեժիսորը նաեւ այլ բացթողումներ է նշում։
Այս կապակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Երբ ինքը, կինը նախորդ տարիներին գլխավոր մրցանակ էին ստանում, մրցանակաբաշխության կարգը նորմալ էր, իսկ հենց այս տարի նրա կինոնկարը գլխավոր անվանակարգում չանցավ, ամեն ինչ վատ դարձավ։ Ընդ որում, այս տարի կնոջ ներկայացրած ֆիլմի («Կիսալուսնի ծովածոցը») մի մասը՝ «Փասիանի որսորդը», անցյալ տարի ստացել է գլխավոր մրցանակ, հիմա այն մեծացրել ու ցանկանում են մի հատ է՞լ ստանալ։ Եթե ինքը մի տեղ չկա, այնտեղ ամեն ինչ սխալ է։ Մինչդեռ նույն ժյուրին է, ավելին՝ նոր պրոֆեսիոնալներ են ավելացել՝ Մարիա Սահակյանը, Միքայել Պողոսյանը, Զավեն Բոյաջյանը, Նաիրա Մուրադյանը… Եվ ինչպե՞ս կարելի է այդքան մարդկանց վիրավորել: Հ. Գալստյանը դժգոհում է, թե ժյուրիի կազմում ներկայացված չէ հնչունային ռեժիսոր, լուսավորող եւ այլն, եւ այլն: Իսկ ինչո՞ւ պետք է, օրինակ, ժյուրիի կազմում լուսավորող լինի, եթե այդ անվանակարգը չկա… Ժյուրիի կազմում, բնականաբար, այն մասնագետներն են, ովքեր անհրաժեշտ են համապատասխան անվանակարգերի համար»։ Կինոկենտրոնի տնօրենը հավաստիացրեց, որ խնդրին ինքը եւ ժյուրիի անդամներն ավելի մանրամասն կանդրադառնան մայիսի 13-ին կայանալիք մրցանակաբաշխությունից հետո: Ի դեպ, «Հայակ»-ի կազմակերպիչները հրավիրել են Շառլ Ազնավուրին, Ալան Թերզյանին, Նիկիտա Միխալկովին, Կարեն Շահնազարովին… Ու քանի որ այս տարի լրանում է մեծ շանսոնյեի 90-ամյակը, նրա համար հատուկ մրցանակ է սահմանվել։

Նյութերը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՆԻ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՆՇԱՆՎԵԼ Է
Oրերս տեղի է ունեցել ոճաբան Անի Ավդալյանի նշանադրությունը, ում ընտրյալը մասնագիտությամբ ֆինանսիստ, 31-ամյա Լեւոնն է: Նրանք առաջին անգամ հանդիպել են նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին՝ Անիի գեղեցկության սրահում, այնուհետեւ Լեւոնը մեկնել է արտերկիր, սակայն նրանց շփումը չի ավարտվել: Զույգը հարսանիքը նախատեսում է աշնանը:

 

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է
Իտալական Կատանիա քաղաքում պատրաստվում են 13-րդ դարին թվագրվող բացառիկ մի Աստվածաշունչ թվայնացնել: Այն համարվում է աշխարհում ամենաարժեքավոր ու գեղեցիկ նմուշներից մեկը: Ձեռագիրը զարդարում են գեղանկարիչ Պյետրո Կավալինիի աշխատանքները: Ավելացնենք, որ Աստվածաշունչը ցուցադրության է հանվել ընդամենը 3 անգամ՝ 1954թ. Հռոմում, 1965թ. Բրյուսելում, 1999թ. Կատանիայում:

 

ՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
65-ամյա հայտնի հաղորդավար Յուրի Նիկոլաեւին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի ուռուցքաբանական բաժին: Բժիշկները շտապ խորհրդակցություն են հրավիրել՝ արտիստին օգնություն ցուցաբերելու ծրագիր մշակելու համար, չնայած նա հավաստիացրել է, թե իր հետ ամեն ինչ կարգին է: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Նիկոլաեւի մոտ աղիքային քաղցկեղ է ախտորոշվել: Սակայն մի քանի վիրահատությունից եւ քիմիաթերապիայից հետո արտիստը ոչ միայն ոտքի կանգնեց, այլեւ վերադարձավ հեռուստատեսություն:




Լրահոս