Իշխող ՀՀԿ-ում կադրային լուրջ ճգնաժամ է, եւ գնալով այն ավելի է սրվում: Այդ փաստն ավելի ակնհայտ դարձավ կառավարության հրաժարականից հետո սկսված կադրային տեղաշարժերից. իշխանական այս կուսակցությանը չի հաջողվում մի շարք կարեւորագույն պաշտոններում հարմար թեկնածուներ գտնել:
ՀՀԿ կադրային ճգնաժամի առաջին նախանշանը, թերեւս, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելն էր: Ժամանակը դեռ ցույց կտա, թե այդ նշանակումը պարտադրված էր, թե ճարահատյալ: Թեեւ այս նշանակմամբ Ս.Սարգսյանն, ըստ էության, նաեւ բացահայտ նպատակ ունի՝ պառակտել «հրաշալի քառյակ»-ը: Կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք, որը դեռեւս չի արժանացել լուրջ ուշադրության. Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահի պաշտոնը վարչապետի աթոռով փոխարինելով` միաժամանակ Սահմանադրությամբ սահմանված պետության երկրորդ դեմքից դարձավ երրորդը: Խոստովանենք, որ քաղաքակիրթ պետությունների համար սա աննախադեպ երեւույթ է: Եվ սա եւս վկայում է, որ վարչապետի պաշտոնում Ս.Սարգսյանը չուներ համապատասխան թեկնածու: Իսկ հիմա, Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց թեեւ անցել է տասը օր, սակայն ՀՀԿ-ում չեն կողմնորոշվում, թե նրա փոխարեն ում նշանակեն ԱԺ նախագահ: Այստեղ եւս պատճառը մեկն է՝ ՀՀԿ-ն չունի հարմար թեկնածու: Այլապես, այս հարցը նրանք կորոշեին հենց ապրիլի 13-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստում՝ ներկայացնելով ոչ միայն նոր վարչապետին, այլեւ՝ ԱԺ նոր նախագահին: Վերջին մեկ շաբաթվա քննարկումներից հետո ՀՀԿ-ում ստիպված որոշել են՝ ԱԺ նախագահ դարձնել Գալուստ Սահակյանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ, այս հարցը պաշտոնապես «կհաստատվի» շաբաթ օրը տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում:
ՀՀԿ-ի կադրային ճգնաժամի խոսուն ապացույցն է կառավարության անդամների վերանշանակումները: Օրինակ՝ վերանշանակված մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում նկատմամբ տեւական ժամանակ է՝ լրջագույն դժգոհություններ կային, ով իր պաշտոնավարման այս ողջ ընթացքում հասցրեց ամենատարբեր «նախաձեռնությունների» շնորհիվ իր դեմ տրամադրել ե՛ւ մշակութային բազում գործիչներին, ե՛ւ հասարակությանը: ԱԳ նախարար կրկին նշանակվեց Էդվարդ Նալբանդյանը: Այնինչ, Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի գործուն ջանքերի շնորհիվ, Հայաստանի արտաքին վարկն այս տարիների ընթացքում հավասարեցվեց զրոյի:
Նորանշանակ կառավարությունում, սակայն, գնալով ուրվագծվում է մի հետաքրքիր առանձնահատկություն` վերջին նշանակումներով գործադիր են վերադառնում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք նախարար աշխատած անձինք՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առեւտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար: Երեկ երեկոյան առողջապահության նախարար նշանակվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը, ով նաեւ Քոչարյանի աղջկա հարսանիքի քավորն է: Նա միաժամանակ մտերիմ հարաբերություններ ունի տարածքային նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի հետ: Այս պահի դրությամբ դեռ քոչարյանական կադրերի այս շրջանակն է ընդգծվում, իսկ թե հետագայում այն կընդլայնվի, դեռ պարզ չէ: Եվ, ի վերջո, քոչարյանական կադրերի այս «փունջը» գլխավորում է Ռոբերտ Քոչարյանի իսկ բնորոշմամբ՝ իր ժամանակվա լավագույն տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սրանք այն պաշտոնյաներն են, որոնք Ս.Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում լինելով ԱԺ ՀՀԿ խմբակցության կազմում, այնուամենայնիվ, համարվել են Քոչարյանի կադրերը: Ու հիմա, տեսակետ կա, որ նշանակումների այս շքերթով, Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանում է՝ որ իր ու Տիգրան Սարգսյանի կադրերն, ըստ էության, ձախողվեցին, եւ հիմա իրենք ստիպված են դիմել Քոչարյանի կադրերի օգնությանը: Հուսանք, որ թերեւս հերթը չի հասնի Քոչարյանի «անհաջող» կադրերին:
ՀՀԿ կադրային սնանկության մասին վկայող եւս մեկ հանգամանք է այն, որ նրանք նախարար են նշանակում միայն իրենց խմբակցության պատգամավորներին, ասել է թե՝ ընկել են տեղապտույտի մեջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց՝ արդյոք նախկին նախարարների վերադարձը կառավարություն ցույց չի տալիս, որ ՀՀԿ-ն հույսը դրել է Քոչարյանի կադրերի վրա: «Որեւէ մի անձ, նախարար որեւէ մեկի սեփականությունը չէ»,- ասաց Սահակյանն ու մեկնաբանեց.- «Ովքեր պրոֆեսիոնալ են, մանավանդ՝ մեր դեպքում, ոչ թե միայն մերոնք, այլեւ՝ այլ կուսակցություններից կամ անկուսակցականներից, մշակված հայեցակարգերի համապատասխան, կարողանում ենք թեկնածու վերցնել ու դա դրական է կուսակցության համար, որ ոչ թե նեղ կուսակցական շահեր է հետապնդում կառավարման ռեսուրսում, այլ՝ ներգրավվում է մարդկանց, ովքեր ի վիճակի են լավ աշխատել»:
Իսկ թե ինչու են ՀՀԿ-ականները պատգամավորներին տանում կառավարություն, Սահակյանը նշեց. «Ովքեր թեկուզ կարճ ժամանակ լինում են ԱԺ-ում, կարող ենք վստահ ասել, որ անմիջապես աշխատանքային պրոցես կարող են սկսել, որովհետեւ՝ քաղաքական փոխհարաբերություններում կարողանում են որոշակիորեն կողմնորոշվել, նաեւ՝ պատկերացնում են ողջ օրենսդրությունը»:
Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Վաչե Գաբրիելյանին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Սա, ի դեպ, միանգամայն տեղավորվում է Արգամիչի գործելաոճի տրամաբանության մեջ: ԱԺ նախագահ եղած ժամանակ էլ նա իր նախորդների կադրերին միանգամից աշխատանքից չէր ազատում, այլ դարձնում էր իր խորհրդական կամ օգնական, որից հետո այդ մարդիկ մատնվում էին պարապուրդի՝ դիմացը ՀՀ պետական բյուջեից ստանալով 100-150 հազար դրամ աշխատավարձ: Այդպես Աբրահամյանը կարողացել էր աննախադեպ քանակի հասցնել իր օգնական-խորհրդականների թիվը: Հիմա նույնը սպասվում է կառավարությունում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՌԱՋԱՐԿ ՉՈՒՆԻ
Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ արդարադատության նախարար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը: Ընդ որում, երեկ ՀՀԿ-ականներն ԱԺ-ում առանձնահատուկ ջերմությամբ էին ողջունում Նահապետյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Նահապետյանը նշեց, թե ինքը որեւէ պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել: «Նման քննարկում չի եղել, առաջարկ չեմ ստացել»,- ասաց նա:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը վերանշանակվելու է, իսկ քաղաքաշինության նախարար է նշանակվելու կառավարությանը կից ճարտարապետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Երեկ երեկոյան ՍերԺ Սարգսյանի հրամանագրերով՝ Հրանուշ Հակոբյանը վերանշանակվեց, իսկ Նարեկ Սարգսյանը նշանակվեց վերոնշյալ պաշտոններում: Նախկին ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանը դարձավ նաեւ նախկին նախարար:
ՊԵԿ-Ը ԿԱՐՈՂԱՑԱՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը մաքսային կանոնների խախտման համար տուգանվել է պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից: Բանն այն է, որ տնօրենը Չինաստանից կերամիկական երեսպատման սալիկներ է ներմուծել Հայաստան եւ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել մաքսային մարմին: Տուգանքի չափը 50.000 դրամ է: Հիշեցնենք, որ Հրաչ Կապրիելյանը բավականին «պինդ» գործարար է: Դեռ 2003թ. ՀՀ Կառավարության՝ հուլիսի 25-ի որոշմամբ՝ Ձորաղբյուրի մարզաբազան որպես սեփականություն վաճառվել էր Լեռնային Ղարաբաղում գրանցված «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ին, որի բաժնետերերն են հայտնի գործարարներ, շվեյցարահայ Վարդան Սրմաքեշն ու նույն ինքը` ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը: Վերջիններս Արցախում եւ Հայաստանում զբաղվում են ադամանդագործության, ոսկերչության, ժամագործության եւ այլ ոլորտների բիզնեսով, ինչպես նաեւ «Արարատ» ֆուտբոլային ակումբի բաժնետերերն են: Ինչեւէ, 33 հա սեփականաշնորհված տարածքում ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2007 թ. 4 մլն դոլարի ներդրում կատարել եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզահամալիր կառուցել: Իսկ ահա սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրել էին սեփականատիրոջը պայմանագրային պարտավորությունների թերացման մեջ: Սա դեռ վերջը չէ: Դեռեւս 2012թ. ՀՔԾ-ում հարուցված քրեական գործ կա ամերիկահայ գործարարի դեմ, որ ամերիկահայ գործարարը ֆինանսական խնդիրներ եւ չվճարված պարտքեր ունի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին։ Արդյունքում առայժմ միայն ՊԵԿ-ը կարողացավ տուգանել գործարարին:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ
Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիա` մասնակցելու Արեւելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով:
ՀԻՆ ԾԱՆՈԹՆԵՐԸ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Սա նրանց առաջին հանդիպումը չէ: Առաջին նախագահի եւ Լիտվայի պաշտպանության նախարարի ծանոթությունը սկսվել է 1989 թվականից, երբ պարոն Օլեկասը, Անդրեյ Սախարովի եւ Գալինա Ստարավոյտովայի հետ միասին պայքարում էր «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամների ազատության համար։ Լատվիայի ՊՆ նախարարին երեկ ընդունել է նաեւ Սերժ Սարգսյանը:
ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
«Կարեն Կարապետյանն այս պահի դրությամբ որեւէ պաշտոնի հավակնություն չունի»,- այս մասին նշված է Կարապետյանի գրասենյակի տարածած հայտարարությունում: «Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չէ եւ չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որեւէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում»:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԱՆՈՒՆՆԵՐ
Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով «Թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը, մի քանի անգամ սխալ է արտասանել նախագծի համահեղինակներից՝ Հեղինե Բիշարյանի ու Լեւոն Դոխոլյանի անունները` բավականին զավեշտալի վիճակ ստեղծելով:
ԳԱՂՏՆԻ ԱՐՏԱԳԱՂԹ
Չնայած ապրիլ ամիսը մոտենում է ավարտին, սակայն իշխանությունները դեռեւս գաղտնի են պահում այս տարվա առաջին եռամսյակի արտագաղթի տվյալները: Այնինչ, նախկինում միգրացիոն ցուցանիշները նրանք հրապարակում էին ավելի շուտ: Տեսակետ կա, որ իշխանությունները խուսափում են այս տվյալները հրապարակելուց, քանի որ արտագաղթի տվյալները շարունակում են մտահոգիչ մնալ: Տեղեկացնենք, որ այս ցուցանիշները հրապարակում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի պետական ծառայությունը: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. նախկինում սահմանահատումների տվյալները հրապարակվում էին ամեն ամիս, իսկ նախորդ տարվանից այն սկսեցին հրապարակել եռամսյակը մեկ: