Անցել է շուրջ 3 ամիս, սակայն Մեղրիի մաքսակետում հայտնաբերված 928 կիլոգրամ հերոինի ճակատագիրը դեռ անհայտ է: Ինչ է բացահայտվել այս ընթացքում եւ, ի վերջո, ինչ քայլեր է իրականացրել Ազգային անվտանգության ծառայությունը հերոինի արմատները փնտրելու համար՝ անհայտ է: ԱԱԾ-ն լռում է: Փոխարենը հայտնի են հերոինի գները` 1 գրամի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունվարի 17-ին: Այս պատմությունը աննախադեպ էր այնքանով, որ նման քանակի հերոին ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության գործունեության ողջ ընթացքում, այլեւ տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով երբեւէ չի եղել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրի՝ Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Արդյունքում՝ ինչ -ինչ հանգամանքներում, Մեղրիի մաքսատան բաժանմունքի աշխատակիցները զննության էին ենթարկել մեքենան եւ բեռնատարին ամրակցված կցորդի հատակի թաքստոցից հայտնաբերել հերոին թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Սույն գործով կալանքի տակ այժմ գտնվում են բեռնատարի վարորդը եւ ենթադրյալ կազմակերպիչ` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն:
Նկատենք, որ այս ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը որեւէ նորություն չի հրապարակել, թե ինչ փուլում է գտնվում հարուցված քրեական գործը, ինչ աշխատանքներ են տարվել, կան արդյոք բացահայտումներ, թե քննությունը սահմանափակված է միայն կալանավորվածների շրջանակով, ինչ եղավ մեկ տոննա հերոինի հետ, պահպանվում է, թե ոչնչացվել է:
Այս հարցերի շուրջ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով ժամանակին զբաղվել է Ազգային անվտանգության համակարգային խնդիրներով, կարծիք հայտնեց, թե եղել են դեպքեր, որ այսպիսի քրեական գործերի քննությունը տեւել է 1 տարուց ավելի. «Չգիտեմ, թե Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կամ ՀՀ դատախազությունը ինչքանով է խառնված այս գործը մինչեւ վերջ ճշտելու կամ քննելու, բայց դեպքեր էլ կան, որ այսպիսի գործերի քննությունը տեւել է մոտավորապես 6 ամիս: Այստեղ խնդիրն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսպիսի լուրջ գործերով գոնե 2-3 ամիսը մեկ պետք է տեղեկություն հրապարակի, որ, ենթադրենք, գործի քննությունը շարունակվում է, դիմել են այստեղ կամ այնտեղ: Չեմ ասում, որ նախաքննության գաղտնիք հրապարակեն, բայց պետք է հասարակությանը տեղեկություն տրամադրեն, որ մարդկանց մոտ հարցեր չառաջանան: Ինչեւէ, այդ տարրական տեղակատվական իրավական կուլտուրան չկա»,-ասաց Արամ Կարապետյանը կարծիք հայտնելով, որ, օրինակ, ոստիկանությունն այս առումով բավականին ակտիվ է:
Արամ Կաապետյանը չբացառեց նաեւ, որ ԱԱԾ այս լռությունը, միգուցե, միտում ունի գործը մոռացության տալու:
Իսկ մեր այն հարցին, թե երբ գործի քննությունն ավարտվի, ի վերջո, ինչ ճակատագիր է սպասվում բռնագրավված հերոինի խմբաքանակին, Արամ Կարապետյանն ասաց. «Համապատասխան հանձնաժողով է կազմվում տարբեր իրավապահ մարմինների ներկայացուցիչներից եւ ընթերականների ներկայությամբ հերիոնը կամ, ընդհանրապես, թմրամիջոցները այրում են»:
Ըստ Ա. Կարապետյանի՝ ազգային անվտանգության ծառայությունը, լինելով Խորհրդային Միության ԿԳԲ-ի հետնորդ, փակ է իրեն պահում` դա համարելով լրջության դրսեւորում. «Այսինքն՝ ինչքան փակված լինես, այդքան լուրջ կերեւաս, բայց ղեկավարների պահվածքն այդ մասին չի խոսում: Օրինակ՝ երբ քաղաքացուն վիրավորում են»:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից պարզել, թե ինչ փուլում է գտնվում գործը: ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը միայն հայտնեց, որ գործով նախաքննությունը շարունակվում է:
Իսկ հերոինի վերաբերյալ, ԱԱԾ-ի՝ մեզ մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ հերոինը գտնվում է ԱԱԾ հատուկ պահպանվող տարածքում եւ այս գործով դատավճիռը հարապարակվելուց հետո միայն այն կոչնչացվի: Իսկ թե որքանով է հավաստի, որ շուրջ 927 կգ հերոինը պահպանվում է եւ դեռ մինչ այս գործի դատավճիռը կշարունակի անկորուստ մնալ իր տեղում, պարզ չէ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն անհանգստացած են. նրանց պնդմամբ՝ գործարանում այս օրերին մեծաքանակ կրճատումներ են կատարվում: Բացի այդ, նրանք չգիտեն, թե երբ են ստանալու իրենց հասանելիք աշխատավարձերը: Ի դեպ, նաիրիտցիները վերջին անգամ աշխատավարձ ստացել են ապրիլի սկզբին: «Իսկ հաջորդ աշխատավարձը չգիտենք, թե երբ ենք ստանալու: Ամեն ինչ անհայտ է ու անորոշ: Միայն գործարանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ռուսները ցանկանում են «Նաիրիտ»-ի հարեւանությամբ անվադողերի փոքր գործարան հիմնել: Այնպես որ, մենք հույս չունենք նրանց հետ»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց գործարանից վերջերս կրճատված աշխատակիցը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ վերջին ամիսների ընթացքում գործարանից մի քանի տասնյակ աշխատակիցներ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:
ՁՎԵՐԸ ԽԱՉԻԿԻՑ
Ապրիլի 20-ին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կազմակերպել էր Զատիկին նվիրված հոգեւոր ժողովրդական տոնախմբություն: Միջոցառմանը ներկա էին եղել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը՝ Ձվերի Խաչիկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զատկի տոնի ձվերը տրամադրել է ԵԹՖ-ի սեփականատեր Խ. Խաչատրյանը: Ի դեպ նշենք, որ նման բարեգործությունից հետո ԵԹՖ-ն հայտարարել է, որ իր արտադրամասից ձու են գողացել: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ Սերգեյ Հարությունյանից, ով էլ ասաց. «Ես Աղվան Հովսեփյանին եմ տեսել, մնացածի մասին որեւէ տեղեկություն չունեմ, ես չեմ տեսել Խաչիկ Խաչատրյանին»:
ՆՈՐ ՔԿՀ ՔԱՆԱՔԵՌՈՒՄ
Երեկ գրել էինք, որ Արմավիրի մարզում նոր ՔԿՀ է կառուցվում, որի պետը պետք է նշանակվի Սեւանի նախկին ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ արդեն մեկ տարի է, ինչ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում նոր ՔԿՀ են կառուցում: Մեզ հետ զրույցում ՔԿՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանն ասաց, թե ինքը նման բան չի լսել:
ՄԱՀԱՑԱԾԻ ՀԱՅՐԸ ՉԻ ԼՌԵԼՈՒ
2013թ. հունիսի 20-ին Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում ծնոտի վիրահատությունից մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ շուրջ 10 ամիս տեւած փորձաքննության արդյունքում հարուցվել էր քրեական գործ, որն ապրիլի 12-ին կարճվել է.«Քննիչն ինձ ասել է, թե նամակ կուղարկի եւ մենք կտեղեկանանք, թե ինչ պատճառաբանությամբ է քրեական գործը կարճվել: Հազար ու մի փորձաքննություն նշանակեցին: Ես սպասում եմ քննիչի նամակին, որ տեսնեմ, թե ինչ պատճառաբանությամբ են կարճել: Անտեր երկրում ենք ապրում: Աշխարհով մեկ ցույց եմ տալու այս խայտառակությունը, չեմ լռելու: 10 ամիս խաբեցին կաշառակերները, դեռ կտեսնեն, թե ինչ եմ անելու»:
ԲԼԹ
«Ես այդպես չէի ձեւակերպի, ավելի շուտ ՀՀԿ-ի կադրերն են եւ այն ժամանակ էլ էր ՀՀԿ-ն իշխանություն ու հանդիսանում էր նախորդ նախագահի քաղաքական հենարանը»։
Կարեն Ճշմարիտյան 1in.am
Իսկ ՀՀԿ-ի կադրը, ըստ ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարի՝ չի՞ կարող միաժամանակ լինել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կադրը, հատկապես որ ինքն էլ հիշեցնում է, որ ՀՀԿ-ն նախորդ նախագահի օրոք էլ հանդիսանում էր վերջինիս քաղաքական հենարանը: Եվ դժվար թե որոշ ՀՀԿ-ականների կապը Ռոբերտ Քոչարյանի հետ առ այսօր մնացած չլինի: Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, 10 տարի երկրի նախագահի պաշտոն է զբաղեցրել եւ ոչ միայն իր ստեղծած կուսակցությունում, այլեւ տարբեր քաղաքական ուժերի կազմում, բնականաբար, թողել է «իր կադրերին»: Չնայած որ, ոմանք «անհաջող» դուրս եկան, իսկ ոմանք էլ դա չեն խոստովանում:
«Ինձ համար որպես քաղաքական երեւույթ` անհասկանալի է «պախկված» տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, դա պետք է անել բացահայտ»:
Հրայր Թովմասյան armlur.am
Թովմասյանը, ով ավելի շատ հայտնի է հայերեն բառարմատների իր «իմացությամբ», պաշտոնին վերջնականապես հրաժեշտ տալուց առաջ որոշեց մի անգամ էլ Ռոբերտ Քոչարյանին անդրադառնալ: Բայց այս դեպքում Հ. Թովմասյանի համարձակությունը չհերիքեց, որ ասեր, թե «ղալաթ» է արել Քոչարյանը, որ իշխանություններին կրկին քննադատել է: Այս դեպքում բառարմատների գիտակն ավելի զգույշ է եւ բավարարվում է երկրորդ նախագահին «պախկված տեղից խոսացող» անվանելով: Սակայն, քանի որ Քոչարյանը լավագույնս է տիրապետում հատուկ բառապաշարի, հետեւաբար չի բացառվում, որ առաջիկայում Հ. Թովմասյանը երանի է տալու Արմեն Ռուստամյանին:
«Այլընտրանքային հարկային ստուգումը կամավորության սկզբունքով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգում է, բոլոր այն դեպքերում, երբ ստուգումների տարեկան ծրագրում չներառած հարկ վճարողը կամավոր ցանկություն է հայտնում իր մոտ իրականացնել հարկային ստուգումներ»:
Գագիկ Խաչատրյան Yerkir.am
Հիմա փորձենք հասկանալ ՊԵԿ նախագահի արտահայտած միտքը, եթե, իհարկե, այն ընդհանրապես հնարավոր է հասկանալ: Ուրեմն ի՞նչ է ստացվում. հարկ վճարողները կամավոր ցանկություն են հայտնում, որ ՊԵԿ-ը գա եւ իրենց մոտ ստուգումնե՞ր անցկացնի, իսկ միգուցե նրանք նույնիսկ խնդրո՞ւմ են ՊԵԿ-ին, ՊԵԿ-ն էլ մի քանի անգամ մերժելուց հետո նոր մի կերպ համաձայնվում է կատարել նրանց խնդրանքը: Եվ դա Հայաստանո՞ւմ: Նույնիսկ հումորային ժանրի մեջ չտեղավորվեց: Ավելի հավանական է այն տարբերակը, որ ՊԵԿ-ը կստիպի հարկատուներին, որ վերջիններս խնդրեն, աղաչեն, որ ՊԵԿ-ն իրենց ընկերություններում ստուգումներ անցկացնի:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ