Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի բացառում, որ «կլինեն տականքներ, որոնք էլի երազախաբ լինելով` կգնան ՕԵԿ-ի գաղափարների հետեւից, որոնք իրականում գոյություն չունեն»:
-Պարոն Բաղդասարյան, Դուք այժմ Երեւանի ավագանու անդամ եք, ու կարելի է ասել` ներկայացնում եք «Ժառանգություն» կուսակցության տեսակետը: Հնարավո՞ր է առաջիկայում անդամագրվեք այդ կուսակցությանը կամ էլ` «վերադառնաք» Ձեր նախկին կուսակցության շարքերը:
-Ես առայժմ անկուսակցական եմ: Նախկինում, լինելով «Օրինաց երկիր» կուսակցության անդամ… չնայած այն բանին, որ այժմ այդ կուսակցության անդամ չեմ, բայց այդ գաղափարները ինձ շատ հարազատ են: Իհարկե` երբ իսկապես այդ գաղափարները ծառայում էին մեր երկրի զարգացմանը: Բայց երբ իրենք հեռացան այդ գաղափարներից, ինձ համար արդեն ՕԵԿ-ը դարձավ անընդունելի, իսկ իմ մեջ մինչեւ այսօր կա այդ գաղափարը, որ մեր երկիրը պետք է լավը լինի, իսկ հասարակ ժողովրդի կյանքում որեւէ դրական փոփոխություն պետք է կարողանանք մտցնել: Իմ խորին համոզմամբ՝ «Ժառանգություն»-ն այդ ճանապարհի վրա է ու դրա համար է, որ ես այսօր սատարում եմ այդ կուսակցությանն ու իմ հնարավորության սահմաններում ուզում եմ, որ կուսակցությունը հաջողություններ բերի մեր պետությանը:
-Որպես նախկին ՕԵԿ-ական, ինչպիսի՞ տեսակետ ունեք ՀՀԿ-ի հետ՝ կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմություն դառնալու ՕԵԿ-ի որոշման վերաբերյալ:
-Ես ՕԵԿ անդամ չեմ, բայց այն, ինչ այդ կուսակցությունն էր 2007թ. քարոզում, ես այդ ամենի կողմնակիցն եմ եղել: ՕԵԿ-ից հեռացել եմ, բայց չեն կարող ինձանից խլել այն գաղափարախոսությունը, որի համար ես անդամագրվել էի: Իրենք հեռացան այն գաղափարներից, որոնց իրենք դավանում էին 2007թ՝. ԱԺ ընտրությունների ժամանակ եւ հետո` արդեն 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում: Թեկնածուի գաղափարախոսությունները եւ ծրագրերը այն ժամանակ այլ էին, իսկ այժմ` այլ, ու հիմա ուզում են վերադառնալ այդ ելակետային վիճակին, բայց ես չեմ պատկերացնում, որ դա հնարավոր է:
-Այսինքն՝ Դուք ՕԵԿ շարքերը լքել եք այն պատճառով, որ ՕԵԿ-ականները շեղվե՞լ էին իրենց հիմնական գաղափարախոսությունից:
-Կուսակցությունը, ճիշտ է, գործում է, բայց մի քիչ կուսակցության նշանն է փոխվել, մի քիչ գյալուբոյա դառել, էությունն էլ է փոխվել, դա այն կուսակցությունը չէ, որ կար 2007-2008թթ., երբ ես եղել եմ: Ես իսկապես ուզում եմ, որ իմ երկիրը լավը լինի, ինչպես ես այն ժամանակ էի ուզում, երբ այդ կուսակցությունում էի:
-Այդ դեպքում հնարավո՞ր է` կրկին անդամագրվեք ՕԵԿ-ին, քանի որ կարծես թե ՕԵԿ-ը ցանկանում է վերադառնալ իր նախկին վիճակին:
-Հնարավոր է մի դեպքում. եթե դուք խոզին տեսնեք տուռնիկի վրա լուրջ մարզումներ իրականացնելիս, այդ ժամանակ դա կլինի: Այ, եթե ՕԵԿ-ը հնարավորություն ունենար պատմությունը հետ բերեր 2008 թվականին, մինչեւ ընտրությունները, ապա այդ ժամանակ էլի ես այդ բարիկադների մոտ կանգնած կլինեի: Եթե հնարավոր լինի ջնջել այս 5-6 տարվա պատմությունը, որի ընթացքում ՕԵԿ բարձրաստիճան ղեկավարները բավականին լուրջ միլիարդների տերեր դարձան… ինձ նման շատ մարդիկ կային, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում պայքարում էին հանուն արժանապատիվ կյանքի, օրենքի ուժի, հայրենիք ստեղծելու գաղափարի: Բայց այդ գաղափարը մի քանի րոպեում հօդս ցնդեց: Ու այդ հաջողությունները մարդիկ սկսեցին վերագրել անձնական արժանիքներին, կարճ ասած` բիզնես ծրագիր դարձավ: Իսկ ես այդ ծրագրի հետ ոչ մի կապ չունեմ:
-Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է ժողովուրդը կրկին համախմբվի ՕԵԿ-ի շուրջ եւ գնա Արթուր Բաղդասարյանի հետեւից:
-Բաժակը որ կոտրվում է՝ կարող ես սոսնձել եւ օգտագործել: Բայց ամեն անգամ ձեռքդ վերցնելուց այդ կոտրված տեղը տեսնելու ես ու դա դառնում է անօգտագործելի: Բայց, ինչպես խելացի մի մարդ ասել է, մեր նման փոքր ազգերը միշտ էլ տուժվել են իրենց սեփական տականքների պատճառով, մենք այսօր այդ վիճակում ենք գտնվում: Ես չեմ բացառում, որ կլինեն տականքներ, որ էլի երազախաբ լինելով կգնան ինչ-որ գաղափարների հետեւից, որոնք գոյություն չունեն. այդ գաղափարները ծառայում են մեկ մարդու անձնական շահին ու հարստացմանը:
-Այս օրերի ընթացքում բազմաթիվ ՕԵԿ-ականներ դուրս են գալիս կուսակցությունից, անգամ ՕԵԿ 3 նախարարները լքեցին կուսակցության շարքերը: Ի՞նչ եք կարծում, այսպես շարունակվելու դեպքում հնարավո՞ր է ՕԵԿ-ը «փլուզվի»:
-Ես նախկինում էլ եմ ասել, որ այդ նախարարները կուսակցության հետ բացարձակապես կապ չունեն: Նրանք նախագահի նշանակած մարդիկ էին եւ նրանց մեղադրելը ճիշտ չէ, մարդիկ ժամանակին հեռացան: Այլ բան չեմ կարող ասել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ
Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող պաշտոնական նշանակումների մեջ «նորահայտ» անունը թերեւս ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունն է: Ո՞վ է նա, ո՞րն է նրա արժանիքը, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ հենց նրան նշանակեց նախարար:
Արմեն Մուրադյանը «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի տնօրենն է, համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորը. նա Քոչարյանի դստեր պսակադրության կնքահայրն է: Մտերիմ հարաբերություններ ունի ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանի հետ: Թեեւ չի բացառվում, որ նրա համար Սերժ Սարգսյանի մոտ միջնորդություն արած լինի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Բանն այն է, որ «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնը ըստ էության պատկանում է կաթողիկոսին: Ի դեպ, խոսվում է նաեւ, որ Մուրադյանը մտերիմ է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի հետ:
«Ժողովուրդ»-ը հարցուփորձ արեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներից՝ պարզելու, թե ինչպիսի ղեկավար էր Մուրադյանը: Պարզեցինք, որ նա խիստ է եղել, ունեցել է իր թիմը եւ ոչ յուրայիններից շատ արագ ազատվել է: Նրա «դրբի տակ» են ընկել հիվանդանոցի շատ լավ մասնագետներ ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ բժշկական անձնակազմից:
Մուրադյանը 1987-1993 թթ. Սանիտար, ֆելդշեր է եղել, 1988 ավարտել է N 1 հեռակա դպրոցը: 1989-1995թթ. կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուտետը: Այնուհետեւ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնասիրել է «ուրոլոգիա» մասնագիտությունը:
2001-2002 «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի հերթապահող բժիշկ, ապա՝ ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ ուրոլոգ: 2003 -2011 Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրել է ուրոլոգիայի ամբիոն եւ ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները: 2003-2008 «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար: 2004-2006 ՀՀ ԱՆ նախարարի խորհրդական: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան պրոֆեսոր է: 2006-ից մինչ օրս ՀՀ ԱՆ Գլխավոր ուրոլոգն է:
«Ժողովուրդ»-ը Արմեն Մուրադյանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հենց իրեն նշանակել առողջապահության նախարար. «Երբ որ ես գործերին կծանոթանամ, կմտնեմ գործի մեջ, անպայման կզրուցենք»,-ասաց նորանշանակ նախարարն ու չցանկացավ այլեւս մեր հարցերին պատասխանել:
Երեկ փորձեցինք նաեւ փորձառու մասնագետներից պարզել՝ ինչ կարծիք ունեն նորանշանակ նախարարի մասին: ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Մուրադյանը երիտասարդ եւ բանիմաց բժիշկ է. «Ընդամենը ինձ մնում է հաջողություն մաղթել դժվարին իրավիճակում առողջապահության համակարգում բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից: Հիվանդանոց կառավարելն ու համակարգ կառավարելը, քաղաքականություն իրականացնելը տարբեր բաներ են, դրա համար երեւի թե գնահատականների մասով մի քիչ վաղ է խոսել»,-ասաց նախկին նախարարը:
Իսկ 2003-07թվականներին առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Արմեն Մուրադյանը կկարողանա ղեկավարել առողջապահության ոլորտը. «Ինքը բացի այն, որ լավ բժիշկ է, եղել է բարձր պաշտոնների եւ միշտ էլ կարողացել է ղեկավարել»:
ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԳՆՈՐԴԸ
Նախագահական նստավայրը 2013թ. տարեվերջին մոտ 58 մլն դրամ կամ ավելի քան 141 հազար ԱՄՆ դոլար է ծախսել լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի ու արխիվացման համակարգ ձեռք բերելու համար: Այդ գումարից 32.8 հազար դոլարը ծախսվել է մոնտաժի ու արխիվացման, 89.3 հազարը` տեսանկարահանման եւ 19 հազարը լուսանկարահանման համակարգ գնելու վրա: Ուշագրավն այն է, որ այդ ապրանքները նախագահական նստավայրը ձեռք է բերել ուղղակիորեն արտերկրից` ՄԱԿ-ում ՀՀ արդեն նախկին ներկայացուցիչ Կարեն Նազարյանի միջոցով: Եվ 141 հազար դոլարը նախագահական նստավայրն ուղարկել է անձամբ Նազարյանին:
ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո կայացրած առաջին որոշումներից մեկը` վարչապետի հուշամեդալով պարգեւատրելու մասին է եղել: Իսկ առաջին մեդալակիրներն էլ հայրենի ոստիկաններն են եղել: Վարչապետը Ոստիկանության օրվա առթիվ հուշամեդալով պարգեւատրել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Արամ Զախարյանին, ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանին ու ոստիկանության շտաբի պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանին:
ԶԳԱՅՈՒՆ ԳԱԼՈՒՍՏԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ եթե ինքն ԱԺ նախագահ դառնա, ապա շատ կփոխվի: «Անպայման կփոխվեմ: Ավելի ուշադիր, ավելի զգայուն եմ դառնալու»,- խոստովանել է Սահակյանը` հավելելով, որ այդ դեպքում ինքը կփորձի ավելի օգտակար լինել մարդկանց: Սակայն Սահակյանը նաեւ նշել է, թե ՀՀԿ-ում դեռեւս չեն որոշել, թե ով է լինելու ԱԺ նախագահ, եւ իր թեկնածության մասին խոսակցությունները լրատվամիջոցներն են տարածում: Այնուամենայնիվ, հարցին՝ կուզեի՞ք ԱԺ նախագահ դառնալ, Սահակյանը պատասխանեց. «Ես երբեք ինձ որեւէ բանում չեմ ուղղորդել»:
ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մարզպետերից պարզել, թե արդյոք տեղյակ են իրենց պաշտոնանկությունների մասին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վրդովված հայտարարեց, որ ինքը որեւէ բան չունի պատասխանելու, քանի որ դրա ժամանակը չէ. «Ինձ դա չի հետաքրքրում»: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ այդ առումով որեւէ տեղեկություն չունի: Հարցին՝ իսկ գոնե տեղյակ է արդյոք՝ գոհ են իր կատարած աշխատանքից, թե ոչ, նշեց. «Շիրակի մարզի ժողովրդին հարցրեք, ես չեմ կարող որեւէ բան ասել, իրենք պետք է տան իմ աշխատանքի գնահատականը: Երբեւիցե գոհունակության կամ դժգոհության մասին բան չեմ լսել»: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ շատ վստահ հայտարարեց, որ նման բան իրականում չկա ու իրենք այդ հարցը չեն քննարկել: «Նման հարց չկա ու չի քննարկվում»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ասաց, որ ինքը զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: