Անվիճելի է, որ այսօր Հայաստանի գլխավոր հիմնախնդիրն օրեցօր ահագնացող արտագաղթն է: Եվ ահա, արտագաղթը խթանող հայաստանյան պատճառները իբրեւ թե քիչ էին, հիմա էլ ՌԴ-ն է իր քայլերով նպաստում Հայաստանում արտագաղթի խորացմանը, կամ ինչպես ասում են՝ «կրակի վրա բենզին ավելացնում»: Ռազմավարական գործընկեր Ռուսաստանի վերջին քայլերը դարձել են Հայաստանի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք:
ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրին համալրելու եկան միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները: Ըստ այդմ, Ռուսաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված, ռուսաց լեզվին լավ տիրապետող անձանց իրենց երկրների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում երեք ամսում տալիս է ՌԴ անձնագիր ստանալու հնարավորություն: ՌԴ պետդումայում, օրենսդրական այս փոփոխության մասին խոսելիս, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե իրենք շահագրգռված են երկրում աշխատուժի ավելացմանը օտարերկրացիների հաշվին, որ իրենց պետք են ինչպես բարձրորակ մասնագետներ, այնպես էլ դռնապաններ ու հավաքարարներ: Նա նաեւ նշել է, թե օտարերկրացիները պետք է հարմարվեն Ռուսաստանի կյանքին, ավանդույթներին ու սովորույթներին, այլ ոչ թե «իրենց սեփական սովորույթները պարտադրեն տեղի բնակիչներին»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ՌԴ վարչապետը օտարերկրացիներին գայթակղում է` ՌԴ-ում դռնապան ու հավաքարար աշխատելու առաջարկով, ինչը, մեղմ ասած, վիրավորական է հնչում: Այստեղ կա մեկ այլ հանգամանք. օրենսդրական մեղմացումը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ, որպեսզի Հայաստանի բնակչությունն ավելի մեծ տեմպերով ձգտի դեպի ՌԴ: Առավել եւս, որ առանց օրենսդրական այս փոփոխությունների էլ հայերն առաջին հերթին նախընտրել են արտագաղթել Ռուսաստան: ՀՀ միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը նախորդ տարվա դեկտեմբերին, խոսելով արտագաղթի տեմպերի մասին, հայտարարել էր, թե ՌԴ մեկնում է հայաստանցի միգրանտների 65-70 տոկոսը: Ուստի, դժվար չէ ենթադրել` օրենսդրական օրենսդրություններն ավելի են հեշտացնում այդ մտադրությունների իրականացումը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին օտար լեզուների ուսուցման կենտրոններում կտրուկ ավելացել է ռուսերեն սովորել ցանկացողների թիվը: Մարդիկ ոգեւորված են ռուսական օրենսդրության ընձեռած այս հնարավորությունից, ու հիմա ակտիվորեն ռուսերեն են սովորում` ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:
Ի դեպ, ժամանակին նույնպիսի խանդավառությամբ էլ մարդիկ դիմում էին ընդգրկվելու «Հայրենակիցներ» ծրագրին: Ճիշտ է, այս ծրագրի իրական դիմորդների թիվը իշխանությունները մշտապես պահել են գաղտնի: 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը, խոսելով դրա մասին, հայտարարել էր, թե մոտ 3-3.5 հազար մարդ է մեկնել ՌԴ: Բայց հասկանալի է, որ Հայաստանից մեկնողները եղել են ավելի շատ: ՌԴ միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն, հայաստանցիները «Հայրենակիցներ» ծրագրից օգտվողների մեջ երրորդ տեղում են` Ղազախստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներից հետո:
Նկատենք, որ ՌԴ-ն նման ծրագրեր իրականացնելով, գործում է սեփական երկրի շահերից ելնելով: ՌԴ-ն աշխատուժի կարիք ունի եւ այսկերպ փորձում է ապահովել իր կարիքները: Այլ հարց է, որ տվյալ դեպքում Հայաստանի շահն ամենեւին չի համընկնում ՌԴ շահերի հետ: Իսկ ի՞նչ պետք է անել նման իրավիճակում: Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող ազդել ՌԴ որոշումների վրա: Հասկանալի է նաեւ, որ Հայաստանը չի կարող վերադառնալ խորհրդային ժամանակներին, երբ երկաթե վարագույրը թույլ չէր տալիս մարդկանց լքել երկիրը: 21-րդ դարում նման օրենքների ընդունումը համարվում է մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Ուրեմն` մնում է մեկ տարբերակ. հարկավոր է Հայաստանում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի մարդիկ գերադասեն մնալ ու ապրել սեփական հայրենիքում, այլ ոչ թե իրենց ճակատագիրը փնտրել արտերկրում: Միայն թե` իշխանություններին ոչ միայն չի հաջողվում լուծել այդ խնդիրները, այլեւ` ընդհանրապես չի էլ մտահոգում ստեղծված իրավիճակը: Ավելին՝ այս օրերին ՀՀԿ-ականները փորձում են լրատվամիջոցներով համոզել, թե ռուսական օրենսդրության փոփոխությունների հետեւանքով Հայաստանը չի դատարկվի: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է.«Կան պինդ հայեր, որոնք իրենց երակներում կրում են նպատակներ, գաղափարներ, նրանք ամուր են եւ ուղղորդող են ազգին, այնպես որ, գաղափարախոսությունը ներարկված է մարդկանց արյան մեջ»: Իսկ շատ պաշտոնյաներ էլ պարզապես աշխատում են այս ամենը չտեսնելու տալ:
Հ.Գ. Վերջին տարիներին Հայաստանում հետեւողականորեն աճող արտագաղթին զուգահեռ` հետեւողականորեն նվազում է ծնելիության մակարդակը: Արդյունքում` բնական հավելաճը չի կարող կանխել դեմոգրաֆիական սպառնալիքները: Այնպես որ, պետք է իրապես սթափվել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱԳՐԵՍԻՎ Է
«Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է հարցեր ուղղել «Արմավիա» ընկերության նախկին սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովին, սակայն ապարդյուն: Մ. Բաղդասարովը հենց որ լսում է, որ իրեն անհանգստացնողը լրագրող է, անմիջապես ասում է, թե ինքը զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Իսկ երեկ Մ. Բաղդասարովը շատ ագրեսիվ էր, եւ առանց հարցը լսելու, միանգամից ասաց «ոչ» ու անջատեց հեռախոսը: Նշենք, որ ընդամենը Մ. Բաղդասարովից փորձում էիք պարզել, թե ինչպես է լուծվելու «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների աշխատավարձերի խնդիրը եւ արդյոք ընկերությունը սնանկ է ճանաչվել, թե՝ ոչ:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի` ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը: Իսկ փոխվարչապետի պաշտոնում քննարկվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցը: Կլինի՞ արդյոք նման բան, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սպասում է նախարարների նշանակումներին, որից հետո մտադիր է լուրջ փոփոխություններ անել նաեւ մարզպետերի «շրջանում»: Արդեն նշվում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին կփոխարինի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, իսկ վերջինիս փոխարեն կնշանակվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
ՔԱՌՅԱԿԸ ԳՈՐԾՈՒՄ Է
ԱԺ «հրաշալի քառյակ»-ը՝ ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր՝ ժամը 15։00-ին, նիստ կգումարեն։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ նիստը լինելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում։ «Կուտակայինի հետ կապված հարցը միանշանակ կլինի օրակարգում, բնականաբար, մենք տեղում ձեւավորում ենք օրակարգեր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ՓԱԿՈՒՄ ԳՆՈՒՄ Է
ՀՀ Արարատի մարզում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը հնարավոր է՝ առաջիկայում հեռանա երկրից: Երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում: «Ոչ Էկոնոմիկայի նախարարությունից նորություն ունենք, ոչ էլ՝ նախագահի աշխատակազմից: Դեռ վնասի հստակ չափը չեմ հաշվել, բայց ասեմ, որ յուրաքանչյուր ամիս համարյա յոթ-ութ մլն դրամի աշխատավարձ ենք վճարում: Սրանից բացի այլ վնասներ էլ ենք կրել: Փակելու եմ ու թողնեմ գնամ: Այս երկրում գործ դնել չի լինում»,- զայրացած ասաց գործարանի տնօրենը: Հիշեցնենք, որ «Ալիշան» պահածոների գործարանի աշխատանքներն արդեն չորս ամիս է, ինչ գազամատակարարման պատճառով դադարեցված են:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿԲՈՂՈՔԱՐԿԻ
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ին հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Վերաքննիչը մերժել էր Հ. Ալումյանի բողոքը Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով կասեցվել էր փաստաբանի բողոքների քննությունը մինչեւ քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը դատարանին: Հ. Ալումյանն Առաջին ատյանի դատարան էր բողոքարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը:
ԴԻԱԿ՝ ՓՈՂՈՑՈՒՄ
Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերվել է մահացած տղամարդու դի: Տղամարդը ընկած է եղել Գյումրու Վ. Սարգսյան փողոցի առաջին շենքի հարեւանությամբ: Բնակիչների ահազանգով ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ մահացածը Գյումրու քաղաքացի Եփրեմ Միսակի Զաքարյանն է:
ԽՆԱՄԻԱԿԱՆ
Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ նախօրեին հրապարակած վեցկետանոց հայտարարությանը, որով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային «պարտադիր» բաղադրիչը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԳԱԼԱ-ին ասել է. «Եթե դա դառնա մշտական աշխատաոճ եւ լսվի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետը մինչեւ նախագծերը խորհրդարան բերելը եւ քննարկելը, իհարկե սա լավ աշխատաոճ է, իսկ նախկին վարչապետը իմպերատիվ կերպով՝ մասնավորապես ԲՀԿ-ի դեպքում մերժում էր բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացնում էինք: Հետո մեր նախագիծը, ըստ էության, մեկ-երկու փոփոխությամբ արտագրում եւ իրենց անունով բերում էին»: Այսպիսով` ԲՀԿ առաջնորդի խնամու հասցեին գովասանքները սկսվում են:
ԿՃՈՅԱՆՆ ՈՒ ԱՄՈԹԸ
Երեկ մի խումբ հոգեւորականների, ՀՀ քաղաքական վերնախավի հետ Ծիծեռնակաբերդ է այցելել նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: aravot.am-ի փոխանցմամբ՝ նա փոքր-ինչ հեգնախառն ժպիտով, կարմիր մեխակների բույրը շնչելով, լսելով լրագրողներից մեկի հարցը՝ իր սանիկի` օֆշորային սկանդալից հայտնի Աշոտ Սուքիասյանի մասին, զայրացել է` նետելով. «բա ամոթ չես անում, այս օրով»:
ԳՈՐԾԱԴՈՒԼ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցներն այսօր` առավոտյան, գործադուլ են անելու: ԴԵՊՈ-ի աշխատակիցների դժգոհության մասին՝ մեր վաղվա համարում: