ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բողոքի ալիք է բարձրանում: Պատճառը ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրու նկատմամբ տեղական իշխանությունների վերաբերմունքն է: Ազգային հերոսի կիսանդրին տարօրինակ հանգամանքներում դարձել է մի գործարարի սեփականություն, միաժամանակ նաեւ գողերի թիրախ:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Հրազդան քաղաքի մի խումբ բնակիչներ խիստ զայրացած պատմեցին, որ քաղաքի միկրոշրջանի տարածքում գտնվող զբոսայգին, որը ժամանակին քաղաքային զբոսայգի էր, եւ որի տարածքում տեղադրված էր նաեւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին, դարձել է մասնավոր սեփականություն:
Ըստ բնակիչների` վերջին տարիներին քաղաքային իշխանությունները սկսեցին սեփականաշնորհել զբոսայգիները. «Մեր այս այգին էլ Հրազդանի քաղաքապետարանի «թեթեւ ձեռքով» սեփականաշնորհվեց եւ դրա հետ էլ Արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին էլ մնաց սեփականաշնորհված տարածքում, դառնալով սեփականատիրոջ ունեցվածք: Այդ զբոսայգու սեփականատերը չորս կողմից պարսպապատել է զբոսայգու տարածքը` ներսում շինություն կառուցելու նպատակով ու մեր հերոսի՝ Մոնթեի կիսանդրին արդեն 3 տարուց ավելի է՝ գտնվում է պարիսպների ներսում: Մարդ չի կարողանում արձանին մոտենալ, ոչ մի հնարավորություն չունենք: Գիտեք, դուռ կա, որով կարող ենք մտնել սեփականաշնորհված այգու տարածք, բայց դուռն այնպես են փակել, որ երբեք բաց չի լինում»:
Հրազդանի մի խումբ մանկավարժներ, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեցին, որ ժամանակին աշակերտներին տանում էին զբոսայգի, հերոսի արձանին ծաղիկ էին դնում, ծանոթանում ազգային ազատագրական պայքարի մասնակիցների քաջագործություններին, իսկ հիմա արձանն այնքան անհասանելի է ու անտեր, որ մամռակալել է ու մոռացվել:
Մանկավարժների խոսքով` քաղաքային իշխանությունները մշտապես վստահեցրել են, թե զբոսայգին սեփականատիրոջ տարածք է, տերն էլ խոստացել է բարեկարգել արձանի տարածքը եւ մուտք բացել դեպի արձան.«Արդեն 3 տարի է՝ ոչ մի դրական տեղաշարժ չկա, միթե մեր Մոնթեն սրան էր արժանի: Մի՞թե այս երկրում չկա մեկը, որ հոգա մեր հերոսների արձանների մասին: Մշակույթի նախարար են նշանակում, բայց չեն հարցնում, չեն տեսնում, թե ինչ վիճակում են գտնվում մեր հերոսների արձանները: Մենք չենք լռելու, թույլ չենք տա ինչ-ինչ ճանապարհով մարդիկ սեփականության տեր դառնան ու հաշվի չառնեն մեր իրավունքները: Մենք սա այսպես չենք թողնի»:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց նաեւ զբոսայգու սեփականատեր Ծովինար Մաթեւոսյանի հետ: Ըստ Ծովինարի` դեռեւս 1995 թվականին այս տարածքը տվել են ինչ-որ մարդու, ով էլ հետո զբոսայգին բանկում վարկի դիմաց գրավադրել է. «Վարկը չի կարողացել վերադարձնել, տարածքը մնացել է բանկին: Բանկն էլ դրեց աճուրդի ու ես գնեցի: Գիտեք, նախկին սեփականատերն իր սեփական միջոցներով քանդակել է տվել Մոնթե Մելքոնյանի կիսանդրին ու տեղադրել այգու տարածքում: Հիմա կիսանդրին իմ սեփականությունն է, բայց նվիրում եմ, նվիրում եմ նրան, ով կտանի ու տեր կկանգնի: Բայց պետք է ասեմ, որ այդ պարիսպները պաշտպանել են արձանը, քանի որ կիսանդրու գլխամասը պղնձից է, հիմա էլ մտավախություն ունեմ, որ դուռը բաց թողնեմ, այն կգողանան»,-մեզ հետ զրույցում ասաց Ծովինարը: Ըստ այգու սեփականատիրոջ` ներկա պահին ինքը միջոցներ չունի այգին կառուցապատելու, ուստի առաջարկել է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին արձանի ճակատագրով զբաղվել. «Դե քաղաքապետարանը դեմ չէ: Ինձ ասացին, որ ցանկանում են այն տեղափոխել եւ տեղադրել Հրազդանի զինկոմիսարիատի բակում: Բայց այստեղ մի խնդիր կա. քաղաքապետարանը չի հրաժարվում, բայց ասում են՝ մենք տեր չենք, բա որ զինկոմիսարիատի բակից էլ գողանան»:
Տխուր պատկեր է ստացվում: Հրազդանի քաղաքապետարանը դեմ չէ, բայց իրականում կամ չի կարողանում, կամ չի ցանկանում քաղաքի տարածքում տեղադրել Ազգային հերոսի կիսանդրին: Եթե անգամ Ազգային հերոսի արձան չեն կարողանում տեղադրել եւ պահպանել քաղաքային իշխանությունները, ապա, բնականաբար, հարց է առաջանում, թե էլ որն է նրանց կառավարման նպատակահարմարությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԷՊՈՍԱԳԵՏԻՆ ՏԱՐԱՆ ԱՐԹԻԿ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներին «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են տարբեր ՔԿՀ-ներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Խաչատուր Պողոսյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, Սամվել Հարությունյանին` «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ահա էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին «Արթիկ» ՔԿՀ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը` Նոնա Հակոբյանը, ասաց, որ դիմել է տարբեր մարդկանց` խնդրելով, որ ամուսնուն չտեղափոխեն այդքան հեռու, սակայն որեւէ արդյունք չի տվել: Դատապարտյալի կնոջից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերադարձրել է իր ամուսնու մեքենան: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2013թ. դեկտեմբերի 24-ին գրել էր, որ մահափորձից հետո ԱԱԾ-ն կալանքի տակ էր պահում ամբաստանյալի «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան: Չնայած դատավճիռը հրապարակվել էր, սակայն մեքենան չէին վերադարձնում նրա հարազատներին: Եվ ահա այս օրերին վերադարձրել են:

 

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԱՑԵԼ Է
2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի հարազատները, գործը դատարան մտնելուց հետո, չեն կարողացել այցելել իրենց որդուն: Եվ ահա վերջերս նրանց հաջողվել է այցելել Վանաձորի ՔԿՀ եւ անձամբ տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում Դավիթը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ամբաստանյալի եղբորից` Վարդան Խաչատրյանից: Վերջինս պատմեց, որ իր եղբոր մոտ շոկային վիճակներ են եղել, ինչի արդյունքում Վանաձորի ՔԿՀ-ի ղեկավարությունը ստիպված է եղել շտապօգնություն հրավիրել. «Երկու անգամ հոգեկան ապրումների մեջ է ընկել: Ես էլ տեսա նրա վիճակը, ինչ ասեմ: Իր հետ ոչ մի բանից չենք կարողանում խոսել, միայն այդ դեպքից է խոսում, ինչ ասեմ, չգիտեմ, թե ինչ է լինելու այս ամենի վերջը»:

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՏԵՂՈՒՄ ԴՈՓՈՒՄ Է
Երեկ լրացավ 2-րդ ամիսը, երբ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում հրազենային զենքի մահացու վիրավորումից մահացավ ձեռնարկատեր, 48-ամյա Ստեփան Ճորոխյանը: Սպանությունը կատարվել էր քաղաքի Սեւաստոպոլյան փողոցում: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեցին Ղրիմիում գործարարի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները, Ս. Ճորոխյանի սպանության գործով մինչ օրս ձերբակալվածներ չկան եւ հույս էլ չկա, որ ինչ-որ մեկին կգտնեն: Նշենք, որ Ստեփան Ճորոխյանը հանդիսանում էր «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերը, որի մեջ մտնում են ռեստորան, հյուրանոց, ակումբ, բիլիարդի սենյակ, ինչպես նաեւ սաունա: Առայժմ գործարարի սպանության միակ վարկածը մնում են նրա ֆինանսական խնդիրները:

 

 

 
ԲԼԹ

«Անկարան չի ընդունում Ցեղասպանությունը, սակայն թուրք ժողովուրդը հայ ժողովրդի թշնամին չէ»:

Սերժ Սարգսյան

Թուրք ժողովրդի մի մասը, որն ընդունում է Հայոց ցեղասպանությունը, իրոք որ մեր թշնամին չէ: Բայց հիշեցնենք ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, որ դա ընդամենը թուրք ժողովրդի մի մասին է վերաբերում, գիտակից մասը, այլ ոչ թե ամբողջ ժողովուրդը, եւ տվյալ դեպքում ընդհանրացնելը տեղին չէր, ինչպես նաեւ տեղին չէր հայ ժողովրդի անունից խոսելը, քանի որ Սերժ Սարգսյանը հայ ժողովուրդը չէ: Եվ թող հայ ժողովուրդը ինքը որոշի՝ թուրք ժողովուրդն իր թշնամին է, թե ոչ: Ոչ ոք իրավունք չունի խոսել, հայտարարություններ անել ամբողջ ժողովրդի անունից՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:

 

 

 

 
«Դրականն այն է, որ մենք արդեն 1990 -ականներից այնտեղ՝ Ռուսաստան տեղափոխված հայեր ունենք…Անկախ նրանից՝ Հայաստանի քաղաքացի են, հրաժարվում են, ընդունում են… ի՞նչ… բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»:

Գալուստ Սահակյան Lurer.com

Եվ այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ նախագահի հավակնորդ է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար… Բայց որ ավելի կարեւոր է, կարկառուն ՀՀԿ-ական: Իսկ ՀՀԿ-ն, հիշեցնենք՝ հանդես է գալիս իբրեւ թե ազգային-պահպանողական գաղափարախոսության կրող: Եվ այս ամենից հետո, մեր կարկառուն ՀՀԿ-ականն այսօր համաշխարհային քաղաքացու գաղափարն է քարոզում եւ նույնիսկ դրանով փորձում արդարացնել արտագաղթը՝ ներկայացնելով այն որպես դրական երեւույթ: Սա նշանակում է, որ իշխանությունները շարունակելու են երկիրը դատարկելու իրենց քաղաքականությունը, քանի որ միեւնույն է՝ բոլորս Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք:

 

 

 

 

«Ես չեմ ասում, թե նա չէր կարող։ Իսկ ինչ, չէ՞ր կարող Ներսես Երիցյանն անել, իսկ Տիգրան Դավթյա՞նը: Եթե թիմի շարունակականություն կա` որեւէ մի խնդիր չկա»:

Վարդան Այվազյան Armlur.am

Բնապահպանության նախկին ՀՀԿ-ական նախարարը խոսում է իր կուսակից Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու, եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի մասին: Եվ, իհարկե, Այվազյանն իր խոսքում չի մոռանում շեշտել ամենակարեւոր պահը, որ կա թիմի շարունակություն, ուրեմն որեւէ խնդիր չկա: Այսինքն՝ իրենց համար որեւէ խնդիր լինել չի կարող, իսկ ժողովրդի համար բոլոր նույն խնդիրները, որոնք կային, կշարունակեն մնալ, քանի որ թիմը նույնն է, եւ թիմը շարունակում է իր նույն քաղաքականությունը։ Եվ այս դեպքում իսկապես որ տարբերություն չկա, թե ով կլինի նախարար:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս