ԳԵՂԱՐՈՏ ԳԵՏԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵԾ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչներն ահազանգում են. նրանց պնդմամբ` մարզի հինգ գյուղերը սնուցող Գեղարոտ գետի ջուրը, որը դուրս է գալիս վերջին տարիներին կառուցված երկու փոքր հիդրոէլեկտրակայաններից, աղտոտված է: Արդյունքում` գյուղացիների վարելահողը զրկվել է ոռոգման հնարավորությունից, քանի որ այստեղ ոռոգման միակ աղբյուրը Գեղարոտ գետն է: Արագած համայնքի բնակիչների խոսքով՝ անգամ կենդանիներն են հրաժարվում գետի ջուրը խմել: Եվ չնայած այդ ամենին` առաջիկայում նախատեսվում է գետի վրա կառուցել նոր հէկ-եր:

Գեղարոտ գետը սկիզբ է առնում Արագած լեռան արեւելյան լանջերից: Սակայն գետի վրա կառուցված եւ շահագործվող հիդրոէլեկտրակայանները բնապահպանական չարիք են դարձել տեղացիների համար: Բանն այն է, որ հէկ-երի օգտագործված ջուրը ծծմբի մեծ պարունակությամբ լցվում է Գեղարոտ գետը եւ հոսում մարզի հինգ համայնքներով: Այն մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջությանը՝ մասնավորապես տեսողությանը: Բնակիչների պնդմամբ` ծծումբը ջրի մեջ հայտնվել է Սպիտակի երկրաշարժից հետո, դրանից առաջ մարդիկ գետի ջուրն օգտագործել են որպես խմելու ջուր:
Նշենք, որ Գեղարոտ գետի վրա կառուցված են` «Արագած-1» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը կազմում է 2350 մ, եւ «Գեղարոտ» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունն է 4640 մ, ինչն էլ կազմում է գետի շուրջ 30%-ը: «Էկոլուր»-ի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծել գետի համար:
Սակայն, չնայած արդեն իսկ առկա ճգնաժամային վիճակին, գետի վրա նախատեսվում է կառուցել եւս երկու նոր հէկ: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Գեղարոտ գետի վրա լիցենզիա է տրված հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցման համար` «Ալպիական 1» ՓՀԷԿ, որի դերիվացիայի երկարությունը կազմում է 3300 մետր եւ «Լուսարփի» ՓՀԷԿ, որի դերիվացիայի երկարությունն է 1120 մետր: Այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում գետը խողովակի մեջ կվերցվի 11410 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 45.64%-ը: Այս դեպքում «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա աղետ կլինի Գեղարոտ գետի համար: Տեղեկացնենք, որ Արագածն արդեն երկու ամիս է, ինչ համայնքի ղեկավար չունի: Նախկին գյուղապետ Գագիկ Պողոսյանին ժամանակավորապես փոխարինում է նրա տեղեկալ Սպարտակ Բեբությանը: Նշենք, որ առաջիկայում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, որին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Սպարտակ Բեբությանը: Ի դեպ, գյուղում խոսակցություններ կան այն մասին, որ երրորդ՝ նոր կառուցվող հէկ-ի սեփականատերը Արագած համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Բեբությանի եղբայրն է՝ Վալեր Բեբությանը: Սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ ինքն ընդամենը երրորդ՝ կառուցվող հէկ-ի նախագծի հեղինակն է: Նա հավաստիացրեց, որ գետի ջուրը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է փորձաքննության:
Նրա խոսքով` հէկ-երի առկայությունը վատ չի անդրադառնում օգտագործվող ջրի վրա: Ավելին` Բեբությանը վստահեցրեց. «Աղտոտվածություն կա, բայց այն կապ չունի հէկ-երի գործունեության հետ: Հասկանալու համար, թե այդ աղտոտվածությունը որտեղից է, պետք է լուրջ հետազոտություն անել: Սրա հոտը ուրիշ տեղից է գալիս, այս թեման շահարկում են ու կապում համայնքապետի ընտրությունների հետ»:
Իսկ ՓՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանն, անդրադառնալով Արագածի բնակիչների մտահոգությանը, հայտարարեց. «Հիդրոկայանները պատմության մեջ երբեւիցե չեն կարող ջուրն աղտոտել: Ոչ մի գետի ջուր չի աղտոտվում: Անգամ խմելու ջուրը, որն անցկացվում է խողովակների միջով, ինքը որակական փոփոխություն չի կրում»:
«Ժողովուրդ»-ը համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Լեւոն Գալստյանից հետաքրքրվեց, թե ահազանգող գյուղացիներին օգնելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում. «Դեռեւս մենք ոչինչ չենք ձեռնարկել, որովհետեւ պետք է նախ պարզենք, թե խնդիրն ինչումն է, այնուհետեւ հասկանանք` ինչ անենք: Քանի որ Գեղարոտ գետն ինքը, ըստ էության, շատ հետաքրքիր է ու տարբերվող: Ավելին` Հայաստանում այդպիսի գետ չկա, որի ջրի գույնը փոփոխական լինի: Պետք է հասկանալ, թե գետի ակունքում ինչ բաղադրություն կա, եւ ինչ ունի հէկ-երից հետո, կամ այդ փոփոխությունը հէկ-երի՞ հետ է կապված, թե՞ ոչ»:
Բնապահպանի համոզմամբ՝ հէկ-երը ոչ թե աղտոտում են, այլ հնարավոր է` փոխեն ջրի բաղադրությունը, ջերմաստիճանը, ֆիզիկական կազմը: «Գուցե հէկ-ի խողովակներն են անորակ, ինչի պատճառով ինչ-որ բան է խառնվում ջրի հետ: Հիմա ինչ-որ հստակ կարծիք ասել այս առումով սխալ կլինի, դրա համար պետք է լուրջ ուսումնասիրություն անել»,-ասաց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ նախեւառաջ այս խնդրով պետք է զբաղվեն համապատասխան պետական մարմինները:
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում գործող ավելի քան 150 հէկ-երից 120-ը կառուցված են գետերի վրա, իսկ մնացածը` ջրագծերի: Բնապահպանը վստահ է, որ փոքր հէկ-երի կառուցման համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների մեջ իսպառ բացակայում է էկոհամակարգային մոտեցումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՂԹՈՂԸ  ԱՆՉԵԼՈՏԻՆ ԷՐ

«Սովետսկի սպորտ» թերթի մեկնաբան Եվգենի Լովչեւը մեկնաբանել է Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Բավարիա» (1։0) հանդիպումը։ Հիշեցնենք, որ միակ գոլի հեղինակը մադրիդցիների հարձակվող Քարիմ Բենզեման էր։

Ռուս մասնագետը մասնավորապես նշել է, որ առաջին խաղակեսում «Բավարիա»-ի՝ գնդակին տիրելու առավելությունն ահռելի էր. գերմանական «Բարսա»-ն վերցրեց գնդակն ու այդպես էլ չվերադարձրեց։ «Այդ ամենը հիշեցնում էր քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, երբ գերմանացիները շատ էին պահում գնդակը՝ առանց որեւէ սրացման։ Իսկ ի՞նչ էր անում «Ռեալ»-ը։ Մադրիդցիները պարզապես տնտղում էին, թե իրենից ինչ է ներկայացնում այդ սուպերմեքենան՝ բացահայտորեն ցանկանալով որսալ իրենց շանսը։ Եվ որսացին»։ Ռուս մեկնաբանը անհրաժեշտ է համարում առանձնացնել Ռոնալդուին, ով գերազանց հանդիպում չանցկացրեց, բայց, որպես խելացի ֆուտբոլիստ, «վերմակն իր վրա չքաշեց, այլ պարզապես սպասում էր իր պահին։ Եվ նա շատ ճիշտ ու վարպետորեն գործեց գոլից առաջ, երբ գնդակը փոխանցեց Կոենտրաուին, ով էլ հետագայում այն հասցեագրեց Բենզեմային»։ Եվգ. Լովչեւը հիացմունքով է խոսում հակահարձակման ժամանակ բացվող մադրիդյան զսպանակի մասին։ «Բավարիա»-ն սպառնալիք սպասում էր Ռոնալդուից եւ աչքաթող արեց Բենզեմային, ով տուգանային հրապարակում միայնակ մնաց։ «Եվ դա իսպանացիների միակ գոլային պահը չէր։ «Ռեալ»-ն ընդհանրապես ավելի վտանգավոր էր հակագրոհում, քան «Բավարիա»-ն գրոհում էր»։ Մարզասերներին, մարզական մեկնաբանին թվացել է, թե իրենց դարպասն ընդունած գոլից հետո գերմանացիները կզայրանան, կսկսեն ճնշում գործադրել մրցակցի վրա։ «Բայց տեղի ունեցավ անսպասելին. «Ռեալ»-ը ոչ միայն չգցեց արագությունը, այլ մի բան էլ ավելացրեց։ Սկսեց խաղալ ավելի վտանգավոր հարձակման գծում։ Խաղը՝ խաղ, բայց արդյունքը ապահովում են խաղացողները։ Մադրիդցիների լիդերները լավ խաղացին, իսկ մյունհենցիների Ռիբերին ձախողեց հանդիպումը, շատ թե քիչ վտանգավոր էր Ռոբենը»։ Եվ այդ ամենից Եվգ. Լովչեւը եզրակացնում է, որ «Բավարիա»-ին արդեն սովորել են, քանի որ խաղում է նույն «Բարսելոնա»-ի ոճով, եւ եվրոպական թիմերն արդեն թողնում են, որպեսզի նրանք պահեն, այսպես ասած, գլորեն գնդակը»։ Ինչ վերաբերում է երկրորդ խաղին, ապա սեփական հարկի տակ գերմանացիներն այլ կերպ կխաղան, «կգրոհեն ավելի բուռն, ճնշումն էլ բոլորովին այլ կլինի։ Բայց արձանագրենք, որ առաջին հանդիպման հաղթողը Անչելոտին էր»,- համոզված է ռուս մեկնաբանը։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Նախկինում դատված, 33-ամյա գյումրեցի Գոռ Պոլեյանը 2008 թվականի մարտի 3-ին Երեւանի Ռոստովյան եւ Երկաթուղայինների 9-րդ փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ կրակել եւ սպանել էր ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գալստյանին: Նշենք, որ Պոլեյանն ապօրինի կերպով էր ձեռք բերել 9 մմ տրամաչափի ատրճանակը, որով կրակել էր Արսեն Գալստյանի ուղղությամբ: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ կրակոցի հետեւանքով Գալստյանը ձախ ծոծրակային շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ մահացել: Ներկայումս Պոլեյանը կալանավորված է: Նրա մասով քրեական գործն այս պահին գտնվում է «Էրեբունի» եւ «Նուբարաշեն» վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում: Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Պոլեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 6 կետի եւ 235 հոդված 1 մասի չափանիշներով: Առաջին հոդվածը դիտավորությամբ կատարված սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 6-12 տարի: Երկրորդ հոդված՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, պատժվում է առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

ԴԻՄՈՒՄ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուները հայտնում են, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը դիմում է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Դատապարտյալը խնդրել է ՔԿ հիմնարկ ուղարկել համապատասխան ծառայողների, որպեսզի ինքը հաղորդում տա համակարգի աշխատակիցների՝ տեսուչներ Գարիկ Մեսրոպյանի եւ Արտակ Մկրտչյանի կողմից իրականացված հափշտակության եւ դանակահարության մասին: Ավելի վաղ armlur.am-ը հայտնել էր, որ դատապարտյալ Հակոբյանն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, եւ Երեւան տեղափոխվելու ճանապարհին նրա ուղղությամբ կրակել է ՔԿՀ աշխատակից Արթուր Մարուքյանը: Այն ժամանակ, երբ դատապարտյալը հաղորդում է տվել դեպքի առթիվ, Մարուքյանի գործընկերները ստիպել են Արտակ Հակոբյանին հետ վերցնել ցուցմունքը: Սակայն վերջինս հրաժարվել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ դատապարտյալին դանակահարել են ՔԿՀ վերոնշյալ աշխատակիցները: Ավելին` armlur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ դանակահարության ժամանակ աշխատակիցները հափշտակել են դատապարտյալ Հակոբյանի ոսկյա շղթան` մոտ 19 գրամ քաշով, որը նրան մինչ օրս չեն վերադարձրել: Դատապարտյալը նշել է նաեւ, որ դիմումը ուշ ներկայացնելու պատճառը իր` վատառողջ լինելն է: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` տեսուչներ Մեսրոպյանն ու Մկրտչյանը հեռացվել են համակարգից. նրանց լիազորությունները դեպքին հաջորդող օրվանից կասեցվել են:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս