ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ստամբուլում

Ստամբուլի Հայդարփաշա երկաթգծի կայարանում Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակի անդամները երեկ կազմակերպել էին հիշատակի արարողություն: Հավաքվածների ձեռքերին եղել են մահվան ուղարկված հայ մտավորականների լուսանկարները եւ հայերենով, անգլերենով եւ թուրքերենով պաստառ. «Հայոց ցեղասպանության զոհերին ենք հիշատակում» գրություններով: Նրանք մեխակներ են դրել պաստառի վրա, իսկ միջոցառումից հետո մեխակները նետել ծովը:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, արդյոք հնարավո՞ր է միջամտել փաստաբանի գործունեությանը:

Արա Դավթյան (45 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ:
Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների եւ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ:
Փաստաբանը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, ներառյալ՝ իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս դատարանում, հետաքննության, նախաքննության եւ այլ մարմիններում հայտնած կարծիքի եւ դիրքորոշման համար:

Փաստաբան Ալեքսանդր Ծատինյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ նշված է, որ փաստաբանն անկախ է իր գործունեության մեջ, բայց եւ այնպես պատահում են դեպքեր, երբ ուղղակի միջամտությունների արդյունքում տուժում են թե՛ փաստաբանական գործունեությունը, թե՛ պաշտպանյալի իրավունքները:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսնական պայմանագրում նշվո՞ւմ է այն կետի մասին, թե ինչպես է տնօրինվում ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, որը նրանք ձեռք են բերել մինչեւ ամուսնությունը կամ համատեղ կյանքի ընթացքում:

Հերմինե Սահակյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ:
Ամուսիններն իրավունք ունեն պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաեւ իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր: Պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դրվել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ հակառակը:
Ամուսնական պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին»:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ տխուր է, բայց փաստ է, որ ամուսինների միջեւ գույքային նման վեճերն ու խոսակցությունները վերջին շրջանում դարձել են հաճախակի:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ընտանիքի անդամ չհամարվող անձն ինչպե՞ս է հաշվառվում, եւ ինչպե՞ս է հաշվառվում ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անապահովության միավորը որոշելիս:

Ալիսա Մխոյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանիքի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվ. սահմանված՝ ընտանիքի անդամ չհամարվող անձը սոցիալական անձնագրում եւ տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «հարգելի բացակա» անդամ: Ընտանիքի անապահովության միավորը որոշելիս ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում:
Գործակալության կազմակերպած տնային այցելության ժամանակ տեղական ռեգիստրի տրամադրած տեղեկանքում առկա տվյալների եւ տվյալ հասցեում բնակվող ընտանիքի կազմի միջեւ անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում ընտանիքի անդամի համար սոցիալական անձնագրում ամրագրվում եւ տեղեկատվական բազա է մուտքագրվում «հարգելի բացակա» տվյալը, եթե.
ա) բնակության վայրում հաշվառված ընտանիքի անդամները գտնվում են ՀՀ-ից դուրս, եւ սոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում բնակվող ընտանիքի համար, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը եւ գործակալության ու ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության տեղամասային տեսուչի կազմակերպած տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը.
բ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող
գ) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, եւ առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը
դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 114 005:




Լրահոս