Գազը կրկին թանկանո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազմպրոմ Արմենիա» ընկերությունը Ռուսաստանից գազը գնում է դոլարով, իսկ բնակիչ-բաժանորդներին վաճառում է դրամով: Դրամի արժեզրկումը կարող է հանգեցնել նրան, որ 2015 թվականին ընկերությունը հունվար-փետրվար ամիսներին կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ներքին սպառման գազի սակագնի վերանայման հայցով:

«Գազմպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն դեռևս չկա: «Բնական գազի ներկայում գործող սակագնի հիմքում ընդունված է 416, 5 դրամը և տարվա փաստացի ցուցանիշը չի գերազանցում այն: Մենք ևս հետևում ենք արժույթի շուկայում առկա տատանումներին, քանի որ ընկերությունը ևս ռիսկերը հաշվելու խնդիր ունի` կապված ներկրվող գազի սակագնի դիմաց կատարվող գումարային վճարումների հետ»,- նշեց Սարդարյանը` հավելելով.«Ըստ պաշտոնական գնահատականների` դոլարի կուրսի տատանման ներկա գործընթացը տնտեսական իրավիճակի հետևանք չէ և կրում է ժամանակավոր բնույթ, մենք ևս հուսով ենք, որ ամեն ինչ կկարգավորվի»:

Շուշան Սարդարյանը նշեց նաև, որ ինչ վերաբերվում է սակագնի վերանայման հայտով հանձնաժողովին դիմելու հայցին, ապա այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունն իրենք չեն տեսնում: «Ճիշտ է՝ ընկերությունը փոխարժեքային վնասներ է կրում, սակայն դա դեռ հիմք չի հանդիսանում հրատապ դիմելու հանձնաժողովին»,- եզրափակեց մամուլի խոսնակը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանի խոսքով, որևէ գերատեսչության կողմից որևէ հայտ դեռևս չի եղել:




Լրահոս