Հայաստանյան մի քանի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես, ասվում է.
“Հայաստանի Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական եւ սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ եւ անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսեւորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետեւանքների:
Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղեւոր “փախցնելու” պատճառով, իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետեւանքն է:
Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների “գծի տերերի” կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի եւ առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ եւ իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15,000-25,000 դրամ: Սա այն պարագայում, երբ մեր տեղեկություններով գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30,000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է եւ գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաեւ հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ:
Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաեւ հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաեւ օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ՝ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, եւ խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքերը:
Անհասկանալի է նաեւ, թե ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը եւ խնդիրները բազմաթիվ են, եւ այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում եւս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի:
Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված եւ հետեւողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ լուծելու, ոլորտում օրինականություն եւ կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը եւ պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար:
Միասին մենք ավելիին կարող ենք հասնել”:
Հայտարարությունը ստորագրել են`
Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ
“Աքիլես” ԱԻՊԿ ՀԿ
Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ
Էկոլոգիական հասարակական դաշինք
Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն