Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն տևական ժամանակ է՝ կոշտ քաղաքականություն է վարում ներգաղթյալների նկատմամբ, այսուհանդերձ, արտագաղթը Հայաստանից շարունակում է ավելի մեծ թափ առնել: Աշխատանքային պայմանագրերի, ՌԴ մուտք գործելու արգելքների առկայությունը որևէ կերպ չի նպաստում հայերի՝ արտագնա աշխատանքի չգնալուն:
Իհարկե, այս նախադրյալները չեն, որ պետք է աշխատուժին հայրենիքում պահեն և տեղ տան, այստեղ ավելի կարևոր է սեփական երկրում արժանապատիվ աշխատանք գտնելու հնարավորություն ունենալն ու նվազագույն կարիքները հոգալու համար աշխատավարձի բավարարումը:
Ինչևէ, Armlur.am-ը հանրապետության որոշ մարզպետերից փորձեց պարզել՝ ինչպիսի՞ նախադրյալներ են ստեղծվում արտագաղթի դեմն առնելու և արտագնա աշխատանքի դիմողներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը միանգամից հիշեցրեց, որ մարզում վերջին 3 տարիների ընթացքում երեք գործարան է բացվել՝ «Արմենիա Վայնը», «Հայասին», «Անիպլաստը»:
«Այստեղ ահագին աշխատատեղեր են բացվել, կան և՛ զբաղեցրած աշխատատեղեր, և՛ թափուր տեղեր: Գործարաններում լավ արհեստավորներ են փնտրում, խոստանում են բնակարաններով ապահովել, միայն թող գան, աշխատեն: Ու բնականաբար արտագաղթն էլ է նվազել»,- լավատեսորեն հայտարարեց մարզպետը:
Այսպիսով՝ Արագածոտնի մարզում, կարծես թե, ամեն ինչ անթերի է, և շտկումների կարիք, մեղմ ասած, չկա:
Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Armlur.am-ին հորդորեց ոչ աշխատանքային ժամերին չքննարկել երկրի համար հույժ կարևոր հարցերը: «Գոնե աշխատանքային ժամի զանգեք: Մի փոքր ուզում ենք հանգստանալ»,- ասաց մարզպետը՝ նշելով, թե այս ժամին նման հարց բարձրացնելն անլրջացնում է հարցի կարևորությունը: «Ես այս ժամին նման հարցի չեմ պատասխանի»,- եզրափակեց Արթուր Նալբանդյանն ու անջատեց խոսափողը:
Տաթև Հարությունյան