
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունիսի 13-ին հանդիպել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի օտարերկրացի դասախոսների հետ, ովքեր ներկայացնում են Հունաստանը, Եգիպտոսը, Վրաստանն ու Արևելյան Ասիայի երկրները՝ Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան։ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցներիհետ կապերի վարչությունից armlur .am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառին, մասնավորապես, միջբուհական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել դասախոսներին՝ ծանոթանալու կրթության բնագավառում Հայաստանի օրենսդիր իշխանության կողմից ընդունված օրենքներին, իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Հյուրերի անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արևելյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանը կարևորել է գործակցությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ։