Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը գործում է 2012թ.-ից և այս ընթացքում պատգամավորների դեմ էթիկայի խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել:
Armlur.am-ն ուսումնասիրեց, թե այս ընթացքում որ պատգամավորներն ինչ էթիկայի խախտումներ են թույլ տվել և ինչ որոշում է կայացվել:
Ամենավերջին օրինակը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումն էր՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի: Այս դիմումը մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ հանձնաժողովը չի կարող քննարկել այլ հանձնաժողովի ընդունած որոշումը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԼՂՀ-ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը և նիստի օրակարգն առանց հաստատելու միանգամից անցել է հարցի քննարկմանը: Իսկ այդ օրը նիստում քննարկվել է հենց Փոստանջյանի հեղինակած Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը։
2012թ. հունիսի 6-ին խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ միջադեպ էր տեղի ունեցել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և քաղաքացի Վարդգես Գասպարիի միջև: Պատգամավորը քաղաքացու ձեռքից կամքին հակառակ վերցրել էր պաստառն ու այդ կերպ թույլ տվել կանոնակարգի խախտում: Էթիկայի հանձնաժողովն ի պատասխան դիմումի, այսպիսի որոշում էր կայացրել. «Պատգամավորի կարգավիճակը պահանջում է ոչ միայն հանդուրժողականության դրսևորում, այլև մի շարք այլ որակական հատկանիշներ, որոնց գործադրումն ամբողջությամբ պետք է նպաստի օրինականության նկատմամբ հարգանքին և լինի իրավաչափ»:
2013թ. հունվարի 15-ին Էթիկայի հանձնաժողով դիմում էր ստացվել «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ից, որն ուղղված էր ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դեմ այն մեղադրանքով, որ վերջինս իրեն պատկանող «Իրավունք» թերթում կենտրոնի մասին զրպարտիչ նյութեր է հրապարակում: Սակայն հանձնաժողովը մերժել է դիմումն այն պատճառաբանությամբ, որ չի կարող քննարկել թերթում հրապարակված նյութի՝ էթիկայի համապատասխան լինելը:
2012թ. հանձնաժողով էր դիմել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը: Դիմումն ուղղված էր ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ: Դեպքը վերաբերում էր ԱԺ միջանցքում լրագրողի և պատգամավորի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ լրագրողը, կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել էր հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել էր եւ սպառնացել՝ «… կտամ ծնոտդ կպոկեմ »:
2013թ. դեկտեմբերին դիմում էր ստացվել «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություններից: Նրանք մեղադրում էին ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանին՝ էթիկայի կանոնները խախտելու և իրենց միտումնավոր վիրավորելու մեջ: Մասնավորապես, լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասել էր, թե լրագրողն ավելի շատ մակարդակ պետք է ունենա, քան փողոցը մաքրող եզդին: Այս դիմումը մերժվել է այն պատճառով, թե պատգամավորը վիրավորելու նպատակ չի ունեցել: Նշենք, որ այդ մասին հայտարարել էր նաև պատգամավորը:
2013թ. տարեվերջին խորհրդարանում տեղի ունեցավ գազային համաձայնագրերի մասին քվեարկություն, որի ժամանակ մի քանի լրագրողներ պաստառներով խորհրդարանում կոչ էին անում պատգամավորներին չընդունել այն: Այս լուռ ակցիան զայրացրել էր ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին, ով հենց դահլիճում ցենզուրայից դուրս հայտարարություններ էր թույլ տվել:
Այս տարվա հունիսին հանձնաժողով էր դիմել լրագրողներից մեկն՝ ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: Ըստ դիմումի, վերջինս իրենից հարցազրույց վերցնել ցանկացող հղի լրագրողին անհարկի վիրավորել էր: Որպես պատճառաբանություն բերվում էր այն հանգամանքը, որ պատգամավորը վիրավորելու նպատակ չի ունեցել և ոչ հրապարակային արտահայտությունը չի կարող դիտարկվել որպես էթիկայի խախտում:
Նշենք, որ սա հանձնաժողով ներկայացված դիմումների մի մասն է միայն: Չնայած, որ մի քանիսի դեպքում դիմումներին դրական եզրակացություն է տրվել, սակայն պետք է ընդգծել, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումն ունի միայն բարոյական նշանակություն. պատգամավորը չի ենթարկվում ոչ մի պատասխանատվության և պատժի, որն էլ շարունակում է ամենաթողության մթնոլորտ ստեղծել խորհրդարանում: Մեկ անգամ չէ, որ նույն Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը կոպիտ են խոսում կամ վիրավորում լրագրողներին: Շատերը կհիշեն նաև օրեր առաջ տեղի ունեցած դեպքը, երբ խորհրդարանի բակում Սամվել Ալեքսանյանը վիրավորել էր ակցիայի մասնակիցներից մեկին: