Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին:
Կրկնօրինակները` Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանին
«Մեծարգո պարոն Նախագահ, Մենք մեր պարտքն ենք համարում բարձրաձայնել Հայաստանյան գիտության առկա վիճակի մասին, որը շարունակում է մնալ թերֆինանսավորված և պատշաճ չգնահատված: Հայաստանի և այլ երկրների գիտության ֆինանսավորման մակարդակների միջև եղած ահռելի տարբերության հետևանքով բազմաթիվ գիտնականներ արտագաղթել են Հայաստանից: Այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս` վտանգի տակ դնելով Հայաստանի գիտության ներկան և ապագան, այսպիսով` վտանգելով նաև մեր ազգային անվտանգությունը:
ԽՍՀՄ փլուզման նախաշեմին` 1990թ., Խորհրդային Հայաստանում գիտության ֆինանսավորման մակարդակը կազմում էր ՀՆԱ-ի շուրջ 2.5%-ը, իսկ 2014-ին` 0.27%-ը: Այժմյան ցուցանիշը բազմաթիվ անգամներ հեռու է զարգացած երկրների գիտության ֆինանսավորման մակարդակից: Օրինակ, Իսրայելում այն կազմում է ՀՆԱ-ի 4.2%-ը, Ֆինլանդիայում` 3.1%-ը, Ավստրիայում` 2.5%-ը, և այլն: Այս ցուցանիշով մենք նույնիսկ զիջում ենք հետխորհրդային շատ հանրապետությունների (օր.` Էստոնիա` 1.1%, ՌԴ` 1.0%, Բելառուս` 0.9%, Ուկրաինա` 0.88%, Լիտվա` 0.82%, Լատվիա` 0.59%):
Պատահական չէ, որ նման պայմաններում կտրուկ նվազել է գիտահետազոտական աշխատանքով զբաղվողների կամ գիտնականների քանակը` 21771-ից (1988թ.) դառնալով 5598 (2012թ.): Ընդ որում, միայն 2010-2012թթ. Ժամանակահատվածում գիտնականների թվաքանակը մեր հանրապետությունում նվազել է շուրջ 1000-ով: Ոմանք լքել են գիտությունը` փոխելով իրենց գործունեության ոլորտը, իսկ ոմանք էլ շարունակում են իրենց գիտական հետազոտություններն այլ երկրներում: Ընդհանրացնելով գիտության ոլորտի առկա խնդիրները` կարելի է առանձնացնել Հայաստանում գիտության զարգացման երկու հիմնական խոչընդոտ.
գիտության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման համալիր հայեցակարգի` պետական քաղաքականության բացակայություն,
գործող գիտնականների ոչ ադեկվատ ֆինանսավորում:
Նշված խնդիրների պատճառով մեր գիտությունն էականորեն հետ է մնում միջազգային գիտությունից, իսկ գիտնականների, մասնավորապես` երիտասարդների արտահոսքը, վաղ թե ուշ, հանգեցնելու է գիտության վերջնական վերացմանը Հայաստանում:
Հետևաբար, այս խնդիրները պահանջում են անհապաղ լուծում` պետական ամենաբարձր օղակների մասնակցությամբ: Մենք ակնկալում ենք, որ Ձեր կամ կառավարության ղեկավարի անմիջական մասնակցությամբ կմշակվի գիտության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման համալիր հայեցակարգ/քաղաքականություն, որը կարճ ժամանակում կվերականգնի Հայաստանի գիտության նախկին պոտենցիալը և կապահովի դրա կայուն զարգացումը: Պետական քաղաքականության մշակման գործընթացին պետք է մասնակցեն և՛ տեղացի, և՛ արտասահմանյան գիտնականներ, տարբեր նախարարությունների, արդյունաբերության և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Միայն բարձր պրոֆեսիոնալներից կազմված խումբն ի վիճակի կլինի ստեղծել այնպիսի հայեցակարգ, որն ուղղված կլինի դեպի ապագան և կնպաստի մեր գիտության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:
Գիտության զարգացման հետ կապված ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունները, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն գիտության նկատմամբ տարվող պետական քաղաքականության հիմքում.
Էականորեն ավելացնել գիտության պետական ֆինանսավորումը` կարճ ժամանակահատվածում այն հասցնելով ՀՆԱ-ի առնվազն 1%-ին, որը գիտության զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորման նվազագույն շեմն է,
որոշել գիտության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման կարևորագույն ուղղությունները և մշակել համապատասխան պետական ծրագրեր, որոնք կհանդիսանան կատալիզատոր այդ ուղղությունների իրականացման համար: Մեր համոզմամբ` այդ ուղղությունները պետք է սերտ առնչություն ունենան կառավարության կողմից արդյունաբերության գերակա ճյուղեր ճանաչված ոլորտների (ինչպես, օրինակ, դեղագործության և մեքենաշինության) հետ` նպաստելով այդ ճյուղերի մրցունակության բարձրացմանը,
ընդունել գիտնականի աշխատանքի գնահատման հստակ չափանիշեր, որի շնորհիվ հնարավոր կլինի մաքսիմալ թափանցիկ կերպով ֆինանսավորել ժամանակակից և որակյալ արդյունքներ ապահովող գիտնականներին և գիտական խմբերին, միաժամանակ` առավել լավ վերահսկել ֆինանսական հատկացումների արդյունավետությունը,
ընդունել գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման և խրախուսման պետական ծրագիր, որը հնարավորություն կտա երիտասարդացնել ծերացող գիտությունը և լրացնել այն բացը, որ առաջացել է գիտնականների արտագաղթի պատճառով: Շատ կարևոր է նման ծրագրի միջոցով ապահովել սահուն և անընդհատ սերնդափոխություն թե՛ ակադեմիական, թե՛ համալսարանական գիտության մեջ,
խստացնել և միջազգային ընդունված չափանիշերով իրականացնել գիտական աստիճանաշնորհման և կոչումների բաշխման գործընթացները, ինչը թույլ կտա գիտությունը զերծ պահել շինծու գիտնականներից և վարկաբեկումից: Օրինակ, գիտական աստիճանաշնորհման գործընթացում պետք է հաշվի առնել ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում տվյալ անձի տպագրությունների առկայությունն ու քանակը, ինչը գիտական գործունեության կարևորագույն չափանիշերից մեկն է,
աջակցել գիտության ոլորտում կազմակերպչական գործընթացի պատշաճ իրականացմանը: Մեր երկրում մաքսային համակարգի անճկունության հետևանքով արտասահմանից գիտական սարքավորումներ կամ նյութեր ստանալը դարձել է բյուրոկրատական անտեղի քաշքշուկների պատճառ, որը հաճախ ավարտվում է ժամանակի և պատվիրված նյութերի հսկայական կորստով: Պետք է գիտահետազոտական կառույցներին տալ հեշտացված մաքսային կարգով գործելու հնարավորություն` ազատելով գիտնականներին նման խնդիրներից և նպաստելով գիտության համար անհրաժեշտ նյութերի արագ հասանելիությանը,
ստեղծել արտասահմանում աշխատող հայազգի գիտնականներին Հայաստանի գիտության մեջ ներգրավելու ծրագիր: Նմանատիպ ծրագրերի շնորհիվ Իսրայելը, Սինգապուրը, Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանն օգտագործեցին իրենց գիտական սփյուռքի ներուժը` սեփական գիտության զարգացման համար: Հսկայական է նաև հայկական սփյուռքի գիտական ներուժը: Օրինակ, շուրջ 100 հայազգի գիտնականներ ղեկավարում են կենսաբանական, կենսատեխնոլոգիական և դեղագործական լաբորատորիաներ աշխարհի լավագույն համալսարաններում և ինստիտուտներում,
ստեղծել գիտություն-արդյունաբերություն/արտադրող կապի հստակ մեխանիզմ, որի միջոցով գիտնականների կողմից ստացված արդյունքները կարող են կիրառվել տնտեսության մեջ: Նման մեխանիզմի օրինակ կարող է լինել գիտահետազոտական ինստիտուտներին և համալսարաններին կից տեխնոլոգիաների տրանսֆերային կենտրոնների ստեղծումը, որոնք կզբաղվեն պատենտների ձևակերպմամբ, շուկայի առկա պահանջների ուսումնասիրմամբ, համատեղ գիտատեխնոլոգիական արտադրանքների նախագծմամբ, և այլն,
կատարել օրենսդրական դաշտի այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն գիտության մեջ ոչ պետական/մասնավոր ներդրումների ծավալի մեծացմանը: Պետք է նկատի ունենալ, որ գիտության մեջ կատարվող ցանկացած ներդրում երկարաժամկետ և ռիսկային բազմաթիվ գործոններ պարունակող գործընթաց է, հետևաբար` պահանջում է հստակ պետական աջակցություն` թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպչական մակարդակներում: Օրենսդրական փոփոխության օրինակ կարող է լինել այնպիսի հարկային դաշտի ստեղծումը, որն առավելություններ կտա գիտատեխնոլոգիական արտադրանք ստեղծող գործարարներին:
Մենք գտնում ենք, որ գիտության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման պետական քաղաքականության մշակումը բխում է մեր պետության անվտանգության շահերից. այն հրատապ է և պետք է դառնա մոտ ապագայի կարևորագույն նպատակներից մեկը:
Մենք` ներքոստորագրյալներս, չհետապնդելով որևէ քաղաքական, կուսակցական կամ անձնական շահ և առաջնորդվելով բացառապես այն խորը տագնապով, որն այսօր առկա է մեր գիտության և հայրենիքի ապագայի հանդեպ, կոչ ենք անում Ձեզ` իրականացնել հստակ քայլեր մեր գիտության առկա վիճակի մեջ բեկում մտցնելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ Ձեր և մեր պատկերացումներում ապագա հզոր Հայաստանը չի կարող գոյություն ունենալ առանց գիտության, քանի որ` «այն պետությունը, որը չի զարգացնում գիտությունը, անխուսափելիորեն դառնում է գաղութ» (Ֆրեդերիկ Կյուրի):
Նամակը ստորագրել են Հայաստանում և արտասահմանում աշխատող 32 երիտասարդ գիտաշխատողներ`
Րաֆայել Ազիզյան, Երևանի պետական համալսարան, Հայաստան Սարգիս Աղայան, Երևանի պետական համալսարան, Հայաստան Արմենուհի Ավետիսյան, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Հայաստան Արփինե Ավետիսյան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստան Նելլի Բաբայան, Երևանի պետական համալսարան, Հայաստան Լուսինե Բոզոյան, Լավալի համալսարան, Կանադա Ղազար Գալոյան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան Արսեն Գասպարյան, Բեռլինի ազատ համալսարան, Գերմանիա Լուսինե Դանիելյան, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ» հիմնարկ, Հայաստան Ռոքսանա Զախարյան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Հայաստան Հովակիմ Զաքարյան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Հայաստան Կարեն Թռչունյան, Երևանի պետական համալսարան, Հայաստան Գայանե Կիրակոսյան, ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Հայաստան Սմբատ Հակոբյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հայաստան Կարեն Համբարձումյան, Կարոլինսկայի ինստիտուտ, Շվեդիա Տիգրան Հայրապետյան, Երևանի պետական համալսարան, Հայաստան Ռոման Հովսեփյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հայաստան Վաղինակ Հորդանյան, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայաստան Լուսինե Հովհաննիսյան, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Հայաստան Գոհար Ղազարյան, Մունսթերի համալսարան, Գերմանիա Նարինե Ղազարյան, ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Հայաստան Լուսինե Ղուլիկյան, ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Հայաստան Անահիտ Մանասյան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հայաստան Արամ Միրզոյան, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Հայաստան Հռիփսիմե Մկրտչյան, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, Հայաստան Մուշեղ Մկրտչյան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան Լուսինե Նազարյան, Կոպենհագենի համալսարանին կից քաղաքային հոսպիտալ, Դանիա Անդրանիկ Պետրոսյան, Ռոստոկի համալսարան, Գերմանիա Տաթև Սարգսյան, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Հայաստան Աննա Սիմոնյան, Երևանի պետական համալսարան, Հայաստան Ավետիս Սիմոնյան, ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, Հայաստան Վահե Օհանյան, Երևանի պետական համալսարան, Հայաստան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/12/09/434907.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք