«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում կրակոցների հեղինակ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է «Տուգո» մականունով, ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է Հայաստանից չհեռանալու ստորագրությամբ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք համատեղ բիզնես են ունեցել, ինչն էլ, ըստ շրջանառվող լուրերի, կրակոցի հնարավոր պատճառ կարող էր դարձած լիներ:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ կրակոցները հնչել էին ժամը 20:20-ին:
Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ասել էր, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր՝ «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել եւ վիրավորել էր 53-ամյա Արսեն Ավագյանը:
Ի դեպ, Արսեն Ավագյանին է պատկանում «Աստաֆյան» զվարճանքների կենտրոնը: «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: