
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի վերականգնման գործընթացում համագործակցելու մասին հուշագիր: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից: Հուշագրի համաձայն` կողմերն ընգծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում` ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Կողմերը նաև առաջնորդվում են պատմամշակութային ժառանգության վերականգման, պահպանման, հետագայում սերունդներին փոխանցման, հոգևոր և մշակութային կյանքի վերածննդի, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների կողմից խնդրի օրակարգային հանրահռչակման հրամայականով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անհրաժեշտ են համարել միավորել իրենց ուժերը` համատեղ աշխատանքներ ծավալելու վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման գործում: Հուշագրի ներքո առաջարկվող համագործակցությունը կգործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Տաթևի վանական համալիրի վերականգման համար: