“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին:
Հարգելի պարոն նախարար.
Ինչպես Ձեզ հայտնի, է մեր քաղաքացիական նախաձեռնության պայքարի արդյունքում ՀՀ կառավարությունը դեռևս 2011թ. նոյեմբերի 3-ին հ. 1588-Ա որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքի հողերի oգտագործման ժամանակավոր սխեմայում պետական սեփականություն հանդիսացող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների նշանակության մեկ հեկտար հողամասը (“Թռչկան” հանդամաս` հատկացված Թռչկան ջրվեժի տարածքում կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանի համար) փոխադրել է հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` բնապահպանական գործառնական նշանակությամբ:
Նշյալ որոշման 3-րդ կետի համաձայն Դուք, իբրև ՀՀ բնապահպանության նախարար և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, որն ուժի մեջ է մտել 24.11.2011թ., 10-oրյա ժամկետում պետք է ընդունեիք սույն որոշումից բխող անհրաժեշտ իրավական ակտեր:
Իսկ նույն որոշման 6-րդ կետի համաձայն` Դուք` իբրև ՀՀ բնապահպանության նախարար, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում (24.11.2011թ.-24.01.2012թ.) պետք է կազմեիք և հաստատեիք “Թռչկան” բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը:
Ավաղ, մինչև օրս բնության ջրագրական հուշարձան համարվող Թռչկան ջրվեժը չունի անձնագիր:
Չնայած, հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչև ՀՀ կառավարության կողմից սույն որոշումն ընդունելը, երբ այն դեռ նախագիծ էր, մենք գրավոր առաջարկություններ էինք ներկայացրել ՀՀ կառավարությանը և Ձեզ, միևնույն ժամանակ նախազգուշացրել, որ պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ Թռչկան ջրվեժը գտնվում է Հայաստանի հյուսիսային շրջանում, իսկ ձմեռն այնտեղ բավականին խստաշունչ է, այն տևում է մինչև ապրիլ ամիսը, ձյունն այնտեղ շուտ է սառչում, իսկ մինչև ապրիլ ամիսը նոր սկսում է հալչել: Սակայն այս և մյուս կարևոր ու առանցքային հարցերը հաշվի չեն առնվել ոչ Ձեր, ոչ էլ ՀՀ կառավարության կողմից:
Մեր կարծիքով՝ անհնար է նոյեմբեր ամսին ընդունել նման որոշում և սահմանել երկամսյա ժամկետ, երբ Թռչկան ջրվեժի անձնագրավորման համար անհրաժեշտ էր լինելու չափագրման աշխատանքներ իրականացնել: Մեզ համար շարունակում է զարմանալի մնալ մի փաստ, որ ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը հաշվի չէին առել այս կարևոր հանգամանքը, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության խախտել է իր իսկ կողմից 03.11.2011թ. ընդունված հ. 1588-Ն որոշմամբ սահմանված պահանջներն ու ժամկետները:
Այժմ դիմելով Ձեզ, խնդրում ենք համաձայն “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հհ. պահանջների մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
1) Ինչպիսի քայլեր եք ձեռնարկել մինչև օրս ՀՀ կառավարության 03.11.2011թ. հ. 1588-Ն որոշման պահանջների կատարման ուղղությամբ (եթե իհարկե ձեռնարկել եք):
2) Ինչու և ինչ հարգելի պատճառներից ելնելով եք խախտել ՀՀ կառավարության 03.11.2011թ. հ. 1588-Ն որոշման 6-րդ կետով սահմանված Ձեր վրա դրված պարտավորության կատարման ժամկետը:
3) Ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու (կամ իրականացվում) Թռչկան ջրվեժի անձնագրավորման աշխատանքները և որքան գումար է այն կազմելու (կազմել):
4) Տեղյակ եք արդյոք, որ “Թռչկան” ջրվեժ տանող ճանապարհը, որը բացվել էր “Ռոբշին” ՍՊԸ-ի կողմից իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ, սողանքավտանգ վիճակում է և ձնհալից հետո հողը սահում է դեպի Չիչխան գետը, եթե այո, ապա ինչ քայլեր եք ձեռնարկել (կամ ձեռնարկում) այդ սողանքը կանխելու ուղղությամբ:
5) Արդյոք “Ռոբշին” ՍՊԸ-ի տնօրենին պարտավորեցրել եք վերականգնել իր իսկ կողմից Թռչկան ջրվեժի հարող տարածքում` Չիչխան գետին և նրա շրջակա միջավայրին հասցված վնասը վերականգնելու համար, եթե այո, ապա որքան ժամկետում այն պետք է իրականացնի:
6) Արդյոք իրականացրել եք համալիր փորձաքննություն “Ռոբշին” ՍՊԸ-ի կողմից Չիչխան գետի հարող տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնելու արդյունքում պետությանը և համայնքին հասցված վնասը գնահատելու նպատակով, եթե այո, ապա երբ և որքան գումարի վնաս է հասցվել, եթե ոչ, ապա հիմնավորել, թե ինչու մինչև օրս պատասխանատվության չեք կանչել “Ռոբշին” ՍՊԸ-ին և չեք պարտավորեցրել նրան վերականգնելու իր իսկ կողմից Չիչխան գետին և նրա շրջակա միջավայրին հասցված վնասը:
7) Առաջարկում ենք նաև Հայաստանի բնության հուշարձանների ցանկում ուղղել Թռչկան ջրվեժի նկարագրությունը, քանի որ այն գտնվում է անմիջապես Չիչխան գետի վրա, ոչ թե գոյություն չունեցող Թռչկան վտակի:
Ակնկալում ենք ստանալ գրավոր հիմնավորված պատասխան: