ՈՉ ՄԻ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՄ ԱՅՍ ԱԺ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը երեկ armlur.am-ի «Հատուկ կարծիք» հաղորդաշարի հյուրն էր: Զրույցի ընթացքում նա կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են մարդիկ, որոնք ոչ մի հարցում չեն կայացել:
-Ի՞նչն է այս կյանքում  Ձեզ  մտահոգում,  եւ ի՞նչը կցանկանայիք շտկել մեր  երկրում:
-Մեր ամենամեծ գերխնդիրն արտագաղթն է: Եթե մի հանրապետությունում գոնե 5 միլիոն  բնակչություն չկա, ուրեմն ներդրում անելն անիմաստ է այդ երկրում: Մենք՝ որպես ներդրման երկիր, աշխարհի համար դառնում  ենք անհետաքրքիր: Աճի մասին պետք է հոգ տանել, քանի որ բնակչության քանակը շատ բան  է ասում:  Մեր  երկրում  դեռ արտագաղթ կա: Մարդիկ գնում են վատ պայմանների պատճառով:
-Իսկ ո՞ւմ եք համարում ստեղծված իրավիճակի մեղավորը:
-Եթե մեր տանը լավ չէ, ո՞վ է մեղավոր, իհարկե մենք ենք մեղավոր: Մենք միշտ  ուզում ենք գտնել ինչ-որ մեղավորներ դրսից: Մի մասը մտածում է, որ թուրքերն են ազդում, մի մասը՝ ռուսներն են մեղավոր: Այսօր որոշ պաշտոնյաներ իրենց պաշտոնի վրա են կենտրոնանում, որոշ փողատերեր՝ իրենց փողի, իսկ կարեւոր հարցերը` մեր հայրենիքը, ժողովուրդը, երկրորդական պլան են մղվել: Եթե մարդը հիվանդացել է, հիվանդությունն ինքն է ձեռք բերել, ոչ ոք նրան չի կարող հիվանդացնել:
-Կուսակցակա՞ն եք:
-Ո՛չ, կուսակցական չեմ: Համարում եմ, որ քաղաքականությամբ զբաղվում են այն մարդիկ, որոնք ոչ մի հարցում չեն կայացել: Կրկնում եմ, սպառված մարդիկ են զբաղվում քաղաքականությամբ:
-Չկա՞ որեւէ քաղաքական ուժ, որին վստահեք:
-Ինձ համար քաղաքական ուժը մեր ժողովուրդն է: Ժողովրդի լինելը եւ նրա ցանկությունները վեր են ցանկացած տեսակի ծրագրերից: Ամեն մեկն իր թեկնածությունը դրել էր մի հարց լուծելու համար, եւ առհասարակ, այսօր մեր երկրում մեծամասնությունն իր տեղում չէ:
-Բայց Ձեր գործընկերներից Շուշան Պետրոսյանը դարձավ կուսակցական, որ զբաղվի մշակութային խնդիրներով:
-Չեմ  ուզում  այդ հարցի  շուրջ խոսել,  եթե Շուշան Պետրոսյանը գտել է, որ պետք է զբաղվի քաղաքականությամբ, դա իր խնդիրն է: Ես կարող եմ իմ դեպքում ասել, որ ես չէի զբաղվի: Արվեստագետը չի կարող երկիր ղեկավարել, քանի որ նա  բարոյականության կողմն է, իսկ քաղաքականությունը բարոյականություն չէ:
-Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպվում են տարբեր նախաձեռնություններ: Որքանո՞վ եք մասնակից եղել այդ իրադարձություններին:
-Ես խույս չեմ տալիս նման բաներից, բայց ունեմ համապատասխան վերաբերմունք: Մտքով եւ սրտով արդարության կողմն եմ: Եթե մի գործողության մեջ տեսնում եմ   ազնվության պայքար, եթե անգամ իմ ներկայությունը չի լինում, ապա սրտով իրենց հետ եմ լինում: Մի բան էլ, եթե մարդիկ անգամ այսօր մտածում  են, որ լավ է լինելու, ես կարող եմ ասել, որ լավ չի լինելու: Ոչ մի ակնկալիք էլ չունեմ այս խորհրդարանից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս