ԴԱՐՁԱՆ ԽՈՍԿԱՆ
Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը 2012թ. մայիսի 25-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կկատարի «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Պետրոսյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պարտականություններն էլ կկատարի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
ՀԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ կապված վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների հետ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան, քստմնելի հանցագործությունը՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին եւ միջազգային հանրությանը: Սրանով նա ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում՝ ռազմական գործողությունների դիմելու միջոցով փոխել հաստատված ստատուս քվոն»:
ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Երեւանում հունիսի 7-ին տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում առաջարկվել է ընտրել եւս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվել է վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն անցել է միաձայն: Այդպիսով` ԱԴԿ փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը եւ Հովհաննես Ղազարյանը:
ԷԼԻ ՓՈՔՐԵՐԻՆ
«Առաջիկա 7 ամիսների ընթացքում հարկայինն աշխատելու իր հին ոճով` մտնել, տուգանել, պատժել, գումարներ հավաքել, այն էլ` փոքր ու միջին ձեռնարկատերերին»,-վստահ է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով, քանի որ կառավարությունը որոշել է բյուջեն 101 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հավաքագրել, իսկ տնտեսության մեջ առկա ստվերի դեմ պայքարելու ոչ մի քայլ չի արվում, ուստի 101 միլիարդի մեծ մասն իր վրա է վերցնելու ՓՄՁ-ն:
ՀԵՂԻՆԵԻՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ
«Հայելի»-ի տեղեկացմամբ, «Օրինաց երկիր» կուսակցության վիճակը առաջիկայում կբարդանա: Նախկին պաշտոնին վերադարձած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է ոչ միայն «մաքրազարդել» իր շրջապատը «օտար» մարմիններից, այլեւ անպաշտոն ժամանակ իր հասցեին բոլոր չարախոսողներից վրեժ լուծել: Այդ ցանկում է նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Բանն այն է, որ նախընտրական շրջանում վերջինս, խոսելով նախընտական գործընթացների մասին, լրատվամիջոցներից մեկին կարծիք էր հայտնել, որ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի որոշ գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ նա բացահայտ աշխատում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, ասել է թե՝ Արգամիչը խաղեր է տալիս: ԱԺ նախագահը, փաստորեն, չի մոռացել Բիշարյանի չարախնդությունը եւ օրեր առաջ ՀՀԿ-ականների շրջապատում անկեղծացել է, թե «հեսա կտեսնեն՝ խաղեր տալը որն է, դրանց ամեն ինչից զրկեմ, որ չափները ճանաչեն»՝ մոտավորապես նման կերպ է արտահայտվել Հովիկ Աբրահամյանը: