Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրավիրել էր կլոր սեղան, որին մասնակցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:
Քննարկմանը չէր մասնակցում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Հարցին, թե ո՞րն էր դատախազին չհրավիրելու պատճառը, Անդրեասյանը պատասխանեց, որ հրավիրված են միայն այն պաշտոնյաները, որոնց հետ հնարավոր է համագործակցել, իսկ դատախազության հետ այս տարի չի ստացվել համագործակցել: Անդրադառնալով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հարաբերություններին` ՄԻՊ-ն ասաց. «Մեր մեջ անձնական որևէ խնդիր չկա, կա ինստիտուցիոնալ խնդիր»: