Վերջին շրջանում Հայաստանում յուրօրինակ անպատասխանատվության մթնոլորտ է ձեւավորվել: Անկախ պաշտոնյաների զբաղեցրած դիրքից՝ նրանցից որեւէ մեկը չի ընդունում, որ իր գործունեության կամ շատ հաճախ անգործության արդյունքում Հայաստանում օր օրի ավելանում են արտագաղթի տեմպերը:
Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհում են երկրում ստեղծված վիճակից, ինչը դրսեւորվում է յուրովի: Մարդիկ կան, որ գերադասում են խոհանոցում փնթփնթալը, մի մասը ձգտում է բարձրաձայնել տարբեր ակցիաների միջոցով (քանի որ վաղուց հանրահավաքային պայքար չի ծավալվում), մյուս մասն էլ, գլուխը կախ, հեռանում է երկրից: Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն:
Բնականաբար, երկրի ղեկավարությունը՝ սկսած ՀՀ նախագահից, վերջացրած տեղական իշխանիկներով: Իսկ ի՞նչ են անում բուրգի վերին ու ստորին օղակներում հայտնված մարդիկ:
Սերժ Սարգսյանը համարում է, որ ինքը միայն որոշում կայացնողն է, իսկ կատարողը գործադիր մարմինն է, որի վրա մեկ-մեկ «թեթեւ» բարկանալով՝ հնարավոր է ճիշտ կառավարել երկիրը: Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե երկրի ղեկավարն է, այլ խորհրդակցություններ հրավիրող եւ քննարկման ժամանակ գեղեցիկ ելույթներ ունեցող պաշտոնյա: Իսկ գործադիր մարմնի ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, միայն լայն ժպտում է, երբեմն-երբեմն դասախոսություններ կարդում տարբեր խնդիրների մասին (նաեւ կառավարության նիստերի ժամանակ), հաճախ շրջում աշխարհով մեկ՝ այդպես ղեկավարելով հայրենի կառավարությունը:
Հարկային ծառայության աշխատակիցները կեղեքում են հարկատուներին՝ պատճառաբանելով, թե իրենք կատարող անձիք են, որոնք նաեւ տուն պահելու խնդիր ունեն: Արդյունքում «մաղարիչ չտվող» գործարարները կամաց-կամաց փակում են բիզնեսները եւ հեռանում` տեղը զիջելով երկրի ամենամեծ օլիգարխներին` սկսած ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից` Տամոժնի Գագոյից:
Մաքսային ծառայության աշխատակիցները հենց սահմանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ զուգահեռ աչքները փակում ու մաքսավճարների համար թվեր են արտաբերում՝ պահանջելով վճարել: Արդյունքում ոչ յուրային ներկրողները ստիպված են լինում հաջորդ անգամ չմտածել որեւէ բիզնեսով զբաղվելու մասին: Իսկ եթե որեւէ մեկը համարձակվի բողոքարկել կամ դժգոհության ձայն բարձրացնել, կհայտնվի մաքսավորների «սեւ ցուցակում», որին «ճզմելով» համակարգից հեռացնելը դառնում է բոլոր մաքսավորների գերխնդիրը (օրինակները բազմաթիվ են):
Իրավապահ համակարգում պատկերն առավել խայտառակ է. Հայաստանի մեկուսարաններում այնպիսի մարդիկ են օր մաշեցնում, որ մեծ վերապահումներով կարելի է նրանց հանցագործ համարել: Մարդիկ ճաղերի հետեւում են այն պատճառով, որ «չեն նայել» օրինապահ կոչվածներին կամ ճակատագրի հեգնանքով հայտնվել են ոստիկանություն-դատախազություն-դատարաններ շահերի բախման կիզակետում՝ դառնալով նրանցից մեկի քավության նոխազը: Շատ հաճախ է պատահում, երբ ոստիկանությունը հակասություն է ունենում դատախազության կամ Հատուկ քննչական ծառայության հետ, դատախազությունը՝ դատարանների կամ ոստիկանությունը՝ դատարանների հետ եւ այսպես շարունակ:
Դատական իշխանությունն էլ, օբյեկտիվության պատմուճանը հագած, «բռնաբարում» է ՀՀ արդարադատությունը, իսկ երբ հարց է բարձրացվում կայացված սխալ որոշումների՝ այդպիսով երկրում անարդարության մթնոլորտի ձեւավորման մասին, դատավորները, մուրճը ձեռքներին, պատճառաբանում են, թե իրենք ինչ անեն, հրահանգը «վերեւից» է:
Արդյունքում մարդը դատապարտվում է հանիրավի, եւ չկա որեւէ օղակ, որին դիմելով՝ հնարավոր լինի վերականգնել խախտված իրավունքները: Դե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին չենք խոսում, քանի որ այս պաշտոնյան Հայաստանում, ուշացած զեկույցներից ու տարաբնույթ PR ակցիաներից բացի, ոչինչ չի անում:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավար Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ինքը միայն օրենք դակող մարմնի շեֆն է, իրենից ոչինչ կախված չէ: Նա լավագույն դեպքում կարող է իր ունեցած կապերով հարցեր լուծել` այն էլ միայն հարազատների ու մտերիմների համար:
Ինչ վերաբերում է տեղական իշխանիկներին, որոնք հենց առաջինն են շփվում շարքային քաղաքացիների հետ, ապա նրանք ամենահեշտն են խուսափում պատասխանատվությունից: «Մենք ո՞վ ենք, ինչ ասում են վերեւներից, անում ենք». ահա այսպիսի ձեւակերպմամբ իշխանիկները երկրում սրընթաց զարգացող աղքատությանը զուգահեռ նույն տեմպերով հարստանում են:
Իհարկե, այսպես երկար կարելի է խոսել բոլոր ոլորտների մասին` արձանագրելով, որ Հայաստանում իսկապես այսօր պատասխանատվության դեֆիցիտ կա: Անարդարությունների ալիքը վերեւից իջնում է ներքեւ՝ անխտիր բոլոր օղակներով՝ մարդկանց մոտ համատարած հիասթափություն առաջացնելով:
Մեր երկրում միակ բանը, որ քիչ թե շատ հաջողված ստացվում է, շոուներն են: Չարած գործը հեռուստատեսությամբ մատուցում են իբրեւ հաջողություն, սեփական պարտականության կատարումը` որպես բարի կամքի դրսեւորում եւ այսպես շարունակ: Որեւէ չինովնիկ մեր երկրում չի մտածում, որ հենց իր պատճառով են մեր հայրենակիցները լքում երկիրը:
Ի դեպ, եթե նախկինում մարդիկ հեռանում էին, քանի որ սոված էին, ապա այսօր Հայաստանի Հանրապետությունը լքում են ուղղակի մտածող քաղաքացիները: Նրանց համար էականը ոչ թե հացի խնդիրն է, այլ արժանապատիվ կենսակերպը, որը Հայաստանում որեւէ կերպ չի ստացվում կազմակերպել:
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱՏԱՐԿՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ